Ուզում եմ Ալիևին հուշել` եթե Փաշինյանն ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրի, դա առոչինչ է լինելու

Ուզում եմ Ալիևին հուշել` եթե Փաշինյանն ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրի, դա առոչինչ է լինելու

Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նախօրեին Բրյուսելում իր մասնակցությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ անդրադարձել են հումանիտար հարցերին, այդ թվում նաեւ ականազերծման հարցերին, պահվող անձանց ազատ արձակման եւ անհետ կորածների հետ կապված հարցերին։ Ձեռք են բերվել հետեւյալ արդյունքները

• Սահմանային հարցեր․- Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովի առաջին նիստը։ Դրանում քննարկվելու են բոլոր հարցերը, որոնք կապված են սահմանի դելիմիտացիայի հետ, ինչպես նաեւ, թե ինչպես ավելի լավ ապահովել կայուն իրավիճակը։ •Կոմունիկացիաներ․- Լիդերները պայմանավորվել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը։ Նրանք համաձայնեցրել են սկզբունքները, որոնք կարգավորում են տարանցումը արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջեւ, ինչպես նաեւ՝ այն սկզբունքները, որոնք կարգավորում են երկու երկրների կոմունիկացիոն ենթակառուցվածքներով միջազգային բեռնափոխադրումների իրականացումը։ Մասնավորապես, նրանք պայմանավորվել են սահմանային կառավարման, անվտանգության, հողային վճարների, ինչպես նաեւ՝ միջազգային փոխադրումների պարագայում՝ մաքսային կանոնների սկզբունքների մասին։ Առաջիկա օրերին փոխվարչապետները կշարունակեն այս աշխատանքները։

• Խաղաղության համաձայնագիր․- Լիդերները պայմանավորվել են շարունակել քննարկումները ապագա խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկարգավորի միջպետական հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Առաջիկա շաբաթներին ԱԳ նախարարների կողմից ղեկավարվող թիմերը այս պրոցեսից հետ կապված քայլեր են ձեռնարկելու։ Ի լրումն այս հարցի, ես նաեւ հարկ համարեցի երկու լիդերների ուշադրությունը սեւեռել այն բանի վրա, որ հարկավոր է կարգավորել այն հարցերը, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ։

• Սոցիալ-տնտեսական զարգացում․- ԵՄ-ն երկու կողմերի հետ շարունակելու է առաջ մղել Տնտեսական խորհրդակցական խմբի աշխատանքները, որի նպատակը երկու երկրների եւ երկու երկրների բնակիչների տնտեսական զարգացումն է եւ բարեկեցությունը, - նշել է նա:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս հանդիպումից որևէ դրական բան սպասել պետք չէ, քանի որ բարձրացված հարցերը միմիայն Ադրբեջանի շահերից էին բխում:

«Միայն այն փաստը, որ քննարկվել են հենց վերոնշյալ հարցերը, արդեն իսկ խոսում է այն մասին, որ հայկական կողմը չունի իր օրակարգը: Այսինքն` Հայաստանն ամբողջովին հիմնվել է այն օրակարգի վրա, որը ներկայացրել է Ադրբեջանը և որին հավանություն է տվել հավանաբար Շառլ Միշելը: Ինչ վերաբերում բուն հանդիպման էությանն, ապա շուտով մեր կուսակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, մենք միանշանակ դատապարտում և մերժում ենք Բրյուսելում քննարկված հարցերի առանցքը: Մենք ունեինք նույն մոտեցումը, երբ նախկին իշխանությունները Մադրիդյան սկզբունքներն էին քննարկում, դեմ էինք, որովհետև այդ վեց սկզբունքներն ընդունելի չէին Հայաստանի համար: Մենք ունենք մեր ուրույն տեսակետը. այն է` Արցախի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, քանի որ ունենք համապատասխան բազա:

Այսօր փաստացի խոսքը ոչ թե Արցախի նշաձողի իջեցման մասին է, այլ վերացման: Խոսքն այսօր գնում է այն մասին, թե Արցախում ապրում են էթնիկ խմբեր, որոնք պետք է ապրեն Ադրբեջան կոչված պետության կազմում, որը մեզ համար անընդունելի է բոլոր տեսանկյուններից: Արցախը Հայաստանի դարպասն է, եթե սա որևէ մեկը չի հասկանում, ապա դա արդեն իր խնդիրն է: Եթե այդ դարպասը բացվի` Հայաստան չի լինելու, ջրհեղեղը գալու է, ամեն բան սրբի, տանի: Հասել ենք նրան, որ Ադրբեջանը Հայաստանին ասում է, թե ինչպիսի բանակ ունենա, ինչ քանակությամբ, ինչ սպառազինությամբ, որովհետև, իրենք վախ ունեն, որ հայերը նորից կարող են վերականգնել իրենց ուժերը, հետ բերեն կորցրածը, նշանակում է, որ ոչ թե գործ ունենք Հայաստանի Հանրապետության ղեկավարի հետ, այլ մի անհայտ անձի, որը հավանաբար չի էլ հասկանում, թե ինչի հետ է խաղում: Այս ամենից հետո քննարկել, թե նրանք Բրյուսելում ինչ էին քննարկում, անիմաստ եմ համարում», - նշում է նա:

Այն հարցին, եթե սա նշանակում է Արցախի վերացում, ինչպե՞ս է դասավորվելու արցախահայության ճակատագիրը, Սարգսյանն ընդգծեց.

«Այո, նշաձող չկա: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվել է միջազգային բոլոր նորմերի պահանջներին համապատասխան և անկախ է Ադրբեջանից, ուստի նրա կազմում լինել այլևս երբեք չի կարող լինել: Սա գլխավոր հարցն է, որով պետք է զբաղվի հայկական կողմը: Սա չի նշանակում, որ այսպես Հայաստանը պատերազմ է հրահրում, ոչ, մենք ունենք համապատասխան միջնորդ-բարեկամներ և կարողանալու ենք դա այնպես անել, որ իրագործվի մեր շահերից ելնելով, ինչու չէ, սա կարող է բխել նաև մեր բարեկամ երկրների շահերից: Ինչ վերաբերում է նրան, որ այս տղան կարող է ինչ-որ նոր փաստաթղթի տակ ստորագրել, ապա այդ ստորագրությունը ոչինչ է լինելու, որովհետև նա չի ներկայացնում հայ ժողովրդին: Այդ ստորագրությունն իրավական տեսանկյունից ևս ոչինչ է լինելու, քանի որ նա ընդամենը վարչապետ է, իսկ նման որոշում կայացնելը Արցախի միավորի կողմից պետք է լինի: Ուզում եմ Ալիևին ևս հուշել, որ եթե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի նոր փաստաթղթի տակ ստորագրի, լինելու է ոչինչ, որովհետ նա խոսում է մի միավորի մասին, որն ուղղակիորեն չի ճանաչել և հենց չճանաչելով, թույլ է տվել, որպեսզի տվյալ միավորն ինքն ինքնուրույն որոշի իր ճակատագիրը: Տվյալ պարագայում Արցախի Հանրապետությունն ունի միանգամայն այլ մոտեցում: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ պատկերացում ունի իր հնարավորությունների մասին, սակայն ես ուզում եմ իրեն ուղղակի հուսախաբ անել, նա չի կարող առանց Արցախի ինչ-որ բան որոշել: Արցախն իրեն տվե՞լ է նման համաձայնություն` ոչ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իրեն իրավունք տվե՞լ էր, որպեսզի 21 կիլոմետրանոց Գորիս-Կապան ճանապարհն ուղղակի, հենց այնպես հանձնեց թշնամուն…. Ոչ մի դելիմիտացիա, դեմարկացիա չէր եղել, բայց եղավ այն, ինչ եղավ: Էս մարդը Բարեկենդանն է, ասում է` արի քո յուղն ու բրինձը տար: Հիմա էլ խոսում է ինչ-որ անկլավների մասին: Չես հասկանում, թե այդ թեման որտեղից ծլեց, ինչո՞ւ պետք է Ադրբեջանն իրավունք ունենա խոսել մեր սուվերեն տարածքում անկլավներ ունենալու մասին»: