Դու ի՞նչ կապ ունես դրոշ այրելու հետ, ինչո՞ւ ես մի ամբողջ ազգի անունից նվաստանում

Դու ի՞նչ կապ ունես դրոշ այրելու հետ, ինչո՞ւ ես մի ամբողջ ազգի անունից նվաստանում

Ինչպես են Արմենպրեսին կամ Հ1-ին հարցազրույց տալիս։ Ասենք, պետական որեւէ բարձր պաշտոնյա ինչ որ բան է ուզում փոխանցել հանրությանը, որ հնարավորինս շատ մարդու հասանելի լինի, նրա խոսնակը կապվում է այս պետական կառույցների ղեկավարների հետ եւ ասում է՝ լրագրող ուղարկեք, «շեֆս» ասելիք ունի: Կամ` տեքստը գրում են, ուղարկում են իրենց սպասարկող որեւէ լրատվամիջոցի, ասում են` պրայմ-թայմին` ամենաշատ ընթերցվող ժամին դրեք ու տարածեք: Կարող են երբեմն, իհարկե, նաեւ իրենց կայքէջում կամ ֆեյսբուքյան էջում դնել, բայց այսպես ստացվում է, որ լրատվամիջոցն ու լրագրողն են դիմել, «նորին մեծություն» պաշտոնյան էլ բարեհաճել է պատասխանել` լուսավորելով հանրությանը:

Ինչու գրեցի այս նախաբանը, որ հասկանաք, թե ինչու է լրագրողների համար 24/7 ռեժիմով անհասանելի Նազելի Բաղդասարյանը` Նիկոլ Փաշինյանի խոսնակը «Արմենպրեսին» պարզաբանում տվել` իր «շեֆի» անունից եւ դատապարտել թուրքական դրոշների այրումը:

«Շեֆը», հավանաբար, ասել է` Ալիեւն ու Էրդողանը կզայրանան վրաս, մի հատ կապվի «Արմենպրեսի» հետ, ասա, որ ես դատապարտում եմ դրոշի այրումը: Նազելին էլ առավոտ վաղ` ժամը 8-ին կապվել է եւ ասել, որ նման տեքստ հրապարակեն.

«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է»։ 
Ի դեպ, ժամանակին շատերս ենք խոսել այս մասին եւ անգամ դատապարտել այլ պետության դրոշն այրելու այդ ակցիան, թեեւ աշխարհի բոլոր երկրներում էլ դա ընդունված է եւ դա քաղաքական ակցիա է ու դրա մեջ ոչ մի դատապարտելի բան չկա: Բայց մինչեւ 2020 թվականը Թուրքիայի դրոշն այրելը դատապարտելը եւ 20 թվից հետո դատապարտելը միանգամայն տարբեր բաներ են: Առաջ մենք հաղթած, անկախ Արցախ ունեցող, թուրքին ու ադրբեջանցում նվաստացրած ազգ էինք եւ կարող էին մեծահոգի լինել ու անգամ 1915 թվականի իրադարձություններն անտեսել, համարելով, որ ռեվանշի ենք գնացել, ապացուցել, որ մենք կռվող, հաղթող ու մեր հայրենիքին տեր կանգնող ժողովուրդ ենք, որը կարող է նաեւ ինչ որ տեղ ներողամտություն դրսեւորել: 2020-ից հետո նման տեքստեր արտասանելը, դրոշ այրելը դատապարտելը միայն վախի, ստորաքարշության, ողորմելիության, հայոց պատմությունն ու անցյալն ուրանալու մասին է խոսում: 

Ամեն հարցում մեր թշնամիների առաջ նվաստացած, զիջումների գնացող, իր ստվերից անգամ վախեցող Փաշինյանը ոչ միայն առարկայական հարցերում է մեր շահերին դեմ գնում, այլեւ փոքր հարցերում, իրեն չվերաբերող հարցերում: Դու ի՞նչ կապ ունես ՀՅԴ-ի ավանդական այդ միջոցառման հետ, որ քո ժողովրդի անունից ներողություն ես խնդրում մեզ ցեղասպանած պետությունից: Ինչո՞ւ ես ամեն ինչում նվաստի, պարտվածի, խոնարհվածի դիրքից հանդես գալիս: Ո՞վ է քեզ իրավունք տվել այսքան խաղալու հայի արժանապատվության եւ ազգային զգացումների հետ:

Արեգ Մարգարյան