Իսկ Փաշինյանը կներե՞ր, եթե իրա տղուն իրա աչքի դեմը խփեին

Իսկ Փաշինյանը կներե՞ր, եթե իրա տղուն իրա աչքի դեմը խփեին

Երեկվա հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն արտասվեց ու ներողություն խնդրեց ժողովրդից՝ գործած սխալների համար։ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է արցախյան պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում եք՝ կներե՞ք.....
կներե՛նք, երբ կզգաք նույն որդեկորույս ցավը, ինչ մենք,
կներե՛նք, երբ բանտախցերում ամենաշատը հոգեբույժները ձեզ կայցելեն,
կներե՛նք, երբ Արցախի Հանրապետության ողջ տարածքի ազատագրման հաղթահանդեսին ձեր գետնատարած մարմինների վրայով կքայլենք»։ 

Սեպտեմբերի 30-ին զոհված (Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքից) 20-ամյա Մուշ Հակոբյանի հորը՝ Մհեր Հակոբյանին, հարցրինք՝ ներո՞ւմ է վարչապետին։
«Իմ տեղն ո՞վ լինի, որ ների Փաշինյանին։ Փաշինյանի տղուն որ իրա դեմը խփեն, ինքը կների՞։ Ու էսօրվա դրությամբ սաղ բանակը մատնելով բարդակի ու էսօրվա դրությամբ մեղքն ուրիշի վրա գցելով չէ»։ Մհեր Հակոբյանն ավելացրեց նաեւ․ «Չէ, Փաշինյանին չեմ ների, քանի որ նրա դրած գեներալիտետը, որից մեկը իմ երեխուն տվեց, որ թուրքերն իմ աչքի առաջ խփեն․․․ ես Փաշինյանին երբեք չեմ ների։ Այդ մարդկանցից ոչ ոք պատասխանատվության չկայնավ»։

Տիգրանը որդու՝ Արտյոմի հետ  պատերազմ գնացել էր սեպտեմբերի 27-ին։ Որդին զոհվել է Աղդամում, մահացել է հոր ձեռքերի մեջ։  Հարցին, թե ներո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին, Տիգրանը հակադարձում է․ «Ուզո՞ւմ ես, տուր Աշոտիկին՝ դեմդ փրթեմ, մի հատ ներողություն էլ ես խնդրեմ»։ Բայց ամեն ինչի համար Նիկոլ Փաշինյանի՞ն եք մեղադրում, չէ՞ որ պատերազմի ժամանակ նաեւ զինվորներ են զոհվում։ Տիգրանն ասաց․ «Եթե ես իմանամ՝ պատերազմ է եղել, ես ու իմ տղան գնացել ենք պատերազմ, այլ ոչ թե նկարած բան, երբ ի սկզբանե իմացել են՝ մեզ ուր են ղրկում ու ինչ են անում, դա տարբեր բաներ են։ Ու էդ պատերազմում ես, բացի միտումնավոր հողեր հանձնելուց, ուրիշ բան չեմ տեսել։ Ու էն էլ՝ էդքան արյան գնով»։ Նիկոլ Փաշինյանի կոչո՞վ են մեկնել ռազմի դաշտ։ Տիգրանն ասաց․ «Ո՞ւմ կոչով։ Ոչ, ես զգացել եմ, որ իմ երկրիս համար պետք եմ՝ գնացել եմ։ Իհարկե, տղաս պետք է չգար, որովհետեւ ինքը համ ապրիլյան էր կռվել, բայց որոշեց գա»։

Արսեն Ղուկասյանը, որը զբաղվում է անհետ կորած զինվորների խնդիրներով, հարցին, թե ներո՞ւմ է արդյոք Փաշինյանին, ասաց․ «Չի կարելի հարազատ կորցրած մարդուն տենց հարց  տալ։ «Ներում» հասկացությունը տարբեր ձեւերով կարելի է հասկանալ ու հնչեցնել։ Ես ազնվությամբ որ ասեմ՝ ոչ մի բան չեմ նայել, կհավատա՞ք։ Ո՛չ իրա բառերն եմ լսել, ո՛չ իրա ելույթը, ես էդ սիրտը չունեմ, որ նայեմ էդ ամեն ինչը։ Ես շատ վատ եմ զգում, որ նայում եմ թե՛ իրան, թե՛ նրանց՝ 17 կուսակցություններին։ Ես էդ ամեն ինչից շատ խորը ցավ եմ ապրում, քանի որ համարում եմ, որ կարելի է էս ստեղծված իրավիճակում ոչ թե զբաղվել աթոռակռվով, այլ այդ հարցերով»։