Եթե անունը ոչ թե «փարթի» է, այլ ֆիլմի նկարահանում, ուրեմն ոչ ոք չի՞ վարակվի

Եթե անունը ոչ թե «փարթի» է, այլ ֆիլմի նկարահանում, ուրեմն ոչ ոք չի՞ վարակվի

Մենք քիչ առաջ տեսանյութ հրապարակեցինք ու տեղեկացրինք, որ այս պահին մեծ միջոցառում է անցկացվում Գառնու տաճարի մոտ։ Տեսանյութում երևում է, որ միջոցառումը բազմամարդ է, և որևէ մեկը դիմակ չի կրում, սոցիալական հեռավորություն չի պահպանում։ Մեր այդ հրապարակումից հետո տարբեր մարդիկ սկսեցին «պարզաբանող» գրառումներ կատարել, թե սա ոչ թե միջոցառում է, այլ ֆիլմի նկարահանում, և որ պարետատան թույլտվությամբ է տեղի ունենում՝ հակահամաճաակային կանոնների պահպանմամբ։ Թե հակահամաճարակային որ կանոնն են պահպանում՝ դիմակ չկրելով ու սոցիալական հեռավորություն չպահպանելով, դժվար է ասել։

Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը՝ տեղեկացնելով․ «Հարգելի գործընկերներ, սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ,  իբրեւ թե «Գառնի»պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։ 
Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Ըստ ֆիլմի  տնօրեն Դիաննա Ավետիսյանի՝ նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի`  միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը։ 
Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում  է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ»։ 

Արա Թարվերդյանն էլ իր էջում հայտնել էր, թե Ֆիլմը նկարահանվում է ՊՄՊ ՊՈԱԿ֊ի և ՀՀ Պարետատան գիտությամբ։


Նշենք, որ միջոցառման կամ վերոնշյալ ֆիլմի նկարահանման հետ կապ ունեցող տարբեր մարդիկ արդեն մեզ դիմում են՝ խնդրելով հեռացնել նյութը մեր էջից։ Նախ մենք նյութ չենք տեղադրում, որ րոպեներ անց ցանկացած մեկի ցանկությամբ կամ խնդրանքով հեռացնենք այն, առավելևս, որ սխալ չենք գրել։ Երկրորդ, կարո՞ղ եք բացատրել տրամաբանությունը վերոնշյալ «պարզաբանման», թե սա ոչ թե միջոցառում է, այլ ֆիլմի նկարահանում։ Եթե երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարված, և Պարետատան ցուցումով հինգ հոգուց ավելի անձանց մասնակցությամբ հավաքներն ու միջոցառումներն արգելված են, ի՞նչ տարբերություն, դա ֆիլմի նկարահանո՞ւմ է, հարսանի՞ք, թե՞ Սևանի լողափին կազմակերպած «փարթի»։ Առավելևս, երբ այնտեղ ոչ ոք դիմակով չէ։ Այսինքն, եթե անունը դնում եք ոչ թե «փարթի», այլ ֆիլմի նկարահանում, հետն էլ՝ Ապրիլյան պատերազմի թեմայով, ուրեմն կորոնավիրուսն ավելի հանդուրժո՞ղ է գտնվում ֆիլմի մասնակիցների նկատմամբ ու նրանց չի՞ վարակում։