Զորակոչը Ռուսաստանին լուրջ բախումների կտանի 

Զորակոչը Ռուսաստանին լուրջ բախումների կտանի 

«Ուկրաինական բանակն ազատագրում է իր սուվերեն տարածքը։ Ռազմաճակատի ամբողջ երկայնքով նորանոր բնակավայրեր են ազատագրվում մեր՝ Ուկրաինայի քաղաքացիների համար, եւ հնարավորություն է ստեղծվում վերադառնալ իրենց տները։

Ռուսաստանի մոբիլիզացիան ակնհայտ ցույց է տալիս այդ պետության թուլությունը, եւ որ իրենց կայսրական ամբիցիաները չբավարարվեցին։ Բայց, երեւի թե, իրենք փորձում են նորից ինչ-որ բանի հասնել, որը բացարձակ ապարդյուն է, իրենք ոչ մի շանս չունեն Ուկրաինայում»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ուկրաինացի վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

Հակոբյանը նկատում է, որ Ուկրաինայում զորահավաքը կատարվում է հիմնականում կոնկրետ մասնագետների բանակ զորակոչելու ճանապարհով, քանի որ ե՛ւ տակտիկական, ե՛ւ ստրատեգիական առումով ուկրաինական բանակը շատ է տարբերվում «ռուսական զավթիչ զորքից»։ Ուկրաինայում ամեն ինչ արվում է՝ տարածքները քայլ առ քայլ ազատագրելու համար։ Օգտագործվում են ժամանակակից զինատեսակներ, որոնք տրամադրվում են Ուկրաինայի դաշնակից երկրների կողմից։

Վերլուծաբանի խոսքով, Ուկրաինան պատրաստվում է պատերազմի նոր փուլի՝ նոր զինատեսակների կիրառմամբ, որպեսզի ավելի լայն թափով իրականացնի տարածքների ազատագրումը։

«Պատերազմի աշնանային փուլն է, եւ հուսանք, որ շատ ավելի սրընթաց եւ հաջող կլինի ամեն ինչ։ Մինչեւ նոր տարի բավականին խնդիրներ կան լուծելու։ Ընդհանուր առմամբ, երկիրը փորձում է ապրել այն նորմալ կյանքով, որը հնարավոր է պատերազմի ժամանակ։ Ռուսաստանի զորահավաքի վերաբերյալ Ուկրաինայի ռեակցիան այն է, որ մեկ է,  թե ինչ քանակի ռուսական զորք կլինի ուկրաինական զորքի դիմաց։ Առաջադրանքն Ուկրաինայի ազատագրումն է։ Թե այդ ընթացքում ինչքան կորուստներ կունենա Ռուսաստանը՝ իրենց խնդիրն է։ Ինձ թվում է՝ այս զորակոչը Ռուսաստանի համար այնքան էլ հանգիստ չի անցնի, եւ սա լուրջ բախումների կբերի ու կենտրոնախույս ուժերին նոր թափ կտա` Ռուսաստանի վերջնական ոչնչացման գործում»,- ասաց Մարատ Հակոբյանը։