Նոր դասագրքերը ե՞րբ են հասնելու դպրոցներ

Նոր դասագրքերը ե՞րբ են հասնելու դպրոցներ

Նոր ձեւաչափով անցկացվող դասագրքերի մրցույթն անցած տարի մեծ աղմուկ հանեց։ Նախեւառաջ՝ պայմանավորված ժամկետներով, քանի որ սեպտեմբերի 1-ը սկսվեց առանց որոշ նոր դասագրքերի, որոնք տպագրվեցին եւ դպրոցներ առաքվեցին մաս-մաս` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Չնայած, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հավաստմամբ, ամեն ինչ արվում է, որպեսզի օգոստոսի վերջին տասնօրյակում բոլոր դպրոցներն ապահովված լինեն դասագրքերով, բայց, շատերի գնահատմամբ, այս տարի եւս կրկնվելու է նախորդ տարվա սցենարը, եւ դասագրքերից շատերն ուշ են հասնելու դպրոցներ։

Առաջիկա ուսումնական տարում եւս 4 դասարանում (5-րդ, 7-րդ, 8-րդ եւ 10-րդ)  ներդրվելու է հանրակրթության պետական չափորոշիչը: Համաձայն ԿԳՄՍՆ-ի՝ դասագրքերն արդեն փորձաքննվել են. մեծ մասը երաշխավորվել է տպագրության, մի մասն էլ կրկնակի փորձաքննության փուլում է: Նկատենք, սակայն, որ ամեն դասարանում առնվազն մի քանի դասագիրք կա, որ ուղարկվել է լրացուցիչ փորձաքննության, ինչը նշանակում է, որ, մեծ հաշվով, արդյունքների բարելավում չեն գրանցել թե՛ հեղինակային խմբերը, թե՛ հենց ԿԳՄՍՆ-ն ինքը։

Հատկանշական է, որ լրացուցիչ փորձաքննության ուղարկված դասագրքերի թվում է նաեւ նախորդ տարվա 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի` Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած նոր դասագիրքը, այն է՝ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը, որը, ոլորտի մասնագետների գնահատմամբ, ոչ պակաս վիճահարույց է, քան 7-րդ դասարանի դասագիրքը, եւ նոր սկանդալ է հասունացնելու պատմագիտական հանրույթի շրջանում:
Ի դեպ, հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհի տրամադրման գնառաջարկը կազմում է 6 մլն 300 հազար դրամ։ Հրատարակիչներից շատերի կարծիքով՝ սա էլ մեկ այլ խնդիր է եւ շատ սիմվոլիկ գումար՝ դասագրքերի լավորակ տպագրություն ապահովելու համար։