Փաշինյանին հարգելու առնվազն մեկ պատճառ կա

Փաշինյանին հարգելու առնվազն մեկ պատճառ կա

Արցախի հարցում Նիկոլի պոչը բռնել՝ նշանակում է ոչինչ չբռնել: Եվ, առհասարակ, Նիկոլն այսօր ամենավերջին մարդն է, որ կարող է Արցախին օգտակար լինել: Այլևս Նիկոլով զբաղվելու ժամանակ չկա, պետք է գործ անել: Ո՞նց… Շատ պարզ, արհամարհեք: Ո՞ւմ, Նիկոլի՞ն… Հա, հենց Նիկոլին: Յա՛ա՛ա՛… Ի՞նչ, դժվա՞ր է, վախենո՞ւմ եք: Ասենք՝ կվախենաք, բա ի՞նչ կանեք: Հարյուր հազարներով գնացել, քվե եք տվել էդ «ոչ մի բանին», ու դեռ չվախենա՞ք: Բայց ոչինչ, Նիկոլը ձեզ կուղղի, ինչպես գերեզմանն է ուղղում կուզիկին: Արցախը կտաք, թուրքը կլցվի Հայաստան, հետո սոված շան նման կվնգստաք ու կմոռանաք Նիկոլին: Բայց Նիկոլին մոռանալ այսօր է պետք, եթե կուզեք՝ հենց հիմա, քանի դեռ Արցախի խնդիրը վերջնականապես չի փակվել, քանի դեռ թուրքը Ստեփանակերտ ու Երևան ոտք չի դրել:

Օգոստոսի վերջին հնարավոր է հանդիպեն Պուտինն ու Ալիևը: Ասում են՝ Նիկոլին էլ են կանչել: Սա նշանակում է, որ Պուտինի ու Ալիևի մոտ նույն թափթփված վիճակն է, ինչ մեզ մոտ: Ինչո՞ւ են կանչել Նիկոլին… Նիկոլը սեղան տստո՞ղ ա, կենաց ասո՞ղ ա… Երևի կանչել են, որ հանդիպումը ուրախ անցնի, մի քիչ խնդան-մնդան Նիկոլի չնաշխարիկ ռուսերենի վրա: Այսօր Նիկոլին եռակողմ հանդիպումների հրավիրելու այլ պատճառ ուղղակի չեմ տեսնում: Ախր նա այլևս Արցախի հարց լուծող չէ: Ոչ նպաստել կարող է, ոչ խանգարել: Վերջն այս Նիկոլով եռակողմ հանդիպումներն ավարտվելու են Պուտին-Էրդողան-Ալիև եռակողմ հանդիպումով, որի ժամանակ թուղթ կստորագրվի ադրբեջանական և միջինասիական գազը Եվրոպա արտահանել ռուսական Նովոռոսիյսկով: Ինչ Արցախ, ինչ բան: Ստեփանակերտը, որ այդ ժամանակ կկոչվի Խանքենդի, կդառնա ռուս գազավիկների նստավայրը Ադրբեջանում, որպեսզի նրանց թուրք գործընկերները խաղեր չտան Բրիթիշ փեթրոլիումի տղաների հետ ու նրանց խողովակաշարերը չլցնեն գազի ու նավթի հավելյալ քանակություններով: Իսկ հիմա փորձեք Նիկոլին տեսնել այս մեծ գործարքում: Ծիծաղելի՞ է: Իհարկե; Ճիշտ այդպես էլ Արցախի հարցում Նիկոլի պոչը բռնելն է ծիծաղելի:

Իսկ հիմա Նիկոլին չարհամարհելու որևէ պատճառ ինքներդ մտածեք: Հենց դժվարանաք՝ ձայն հանեք, կփորձեմ օգնել, թեև արտառոց պատճառներ հորինելու մեջ ես այնքան էլ վարժ չեմ: Պատերազմի հետ կապված որևէ պատճառ կամ պատճառաբանություն չբերեք: Պատերազմի թեման փակված է, Նիկոլի կապիտուլյացիայի պակտը՝ ստորագրված: Եթե շատ բզբզեք, կպարզվի, որ Նիկոլին ոչ թե արհամարհել է պետք, այլ կախել այդ պատերազմում մեր կրած պարտության համար: Այնպես որ առաջ անցնենք: Քովիդի դեմ նրա կազմակերպած պայքարն էլ մի բան չէր: Դա էլ թերևս մոռանանք, մանավանդ որ Արսեն Թորոսյանը ոչ մի հոդաբաշխ խոսք մինչ օրս չի կարողանում ասել, թե ուր են կորել Քովիդի դեմ պայքարելու համար Հայաստանին տրված օգնությունները: Մի պատերազմի չափ մարդ էլ այս գծով մեռավ, ու ոչ ոք պատասխան չտվեց: Բա չարհամարհե՞ս Նիկոլին, որ ասում էր ոչ ոք չի պլստալու: Լավ էլ պլստում են ՔՊ-ի տղերքը:

Մի բնագավառ կա միայն, որտեղ Նիկոլն իր հավասարը չունի և հենց այդ բնագավառի սհամաններում պետք է փնտրել նրան չարհամարհելու այդքան որոնված պատճառը: Ստախոսությունը: Այս ոլորտը Նիկոլի մենաշնորհն է արդեն 4 տարուց ավելի: Դուք, օրինակ, գիտե՞ք, թե ինչու ձեզնից որևէ մեկը վարչապետ չդարձավ: Որովհետև Նիկոլը ստում էր, ապեր, երբ հրապարակում մատով քեզ ցույց էր տալիս ու ասում՝ վարչապետը դու ես: Գիտե՞ք, թե ինչու Նիկոլի բացած ոչ մի գործարան այդպես էլ չաշխատեց… Ստում էր, շոու էր անում: Իսկ կարողա՞ նախկինների փողերից ձեզ հասել ա, ես տեղյակ չեմ: Չէ՞: Դե ուրեմն՝ դա էլ էր սուտ: Իսկ ձեր կարծիքով այսօր դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի: Չկա՞: Դե ուրեմն այս հարցում էլ է բոլորիս քցել՝ թե բա արդար դատական համակարգ ենք ստեղծելու: էկոնոմիկայի նախարար Քերոբյանին մի քիչ խմացնեք, և նա ձեզ կպատմի թե օրական քանի սուտ է հորինել Նիկոլի պահանջով: Ասում են Նիկոլը ստի կմախքը դնում է Քերոբյանի առաջ ու կարգադրում՝ դրա վրա սուտ սարքել:

Լսել եմ՝ մայրաքաղաքի բուհերը ուսանող չունեն և մտածում են միավորվել մեկ բուհի մեջ՝ օպտիմալիզացվել, այսինքն: Կեցցեն մեր ռեկտորներն ու ակադեմիական ինստիտուտների տնօրենները: Այսպիսի խոսք կա՝ միություն, պայքար, հաղթանակ: Միավորվեք ու այդպես պայքարեք հայրենի գիտության փրկության համար: Բայց հետաքրքիր է, մտածե՞լ են թե ինչպես է կոչվելու ապագայի այդ միավորված համալսարանը: Ես առաջարկում եմ այն անվանել Նիկոլի անվան միասնական ստի համալսարան: Նույն տրամաբանությամբ կարելի է անուններ գտնել նաև ֆակուլտետների համար: Օրինակ՝ ստասիրական ֆակուլտետ (բանասիրական), շանտաժակալանքագիտական ֆակուլտետ (իրավաբանական), ստատիստիկայի ֆակուլտետ (ժուռնալիստիկա և հասարակագիտություն), Էշացման պրոցեսների կառավարման և կատարելագործման ֆակուլտետ (հոգեբանություն) և այլն: Եվ չմոռանաք Փաշինյան Նիկոլին տալ այդ համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: Ստի ու կեղծիքի աշխարհում Նիկոլին չարհամարհելու պատճառ իսկապես կա։