Սպայական անձնակազմը շատ ընկճված է

Սպայական անձնակազմը շատ ընկճված է

Այս տարվա առաջին 40 օրերին բանակում չպարզված հանգամանքներում 12 զինվոր է զոհել: Նման կարճ ժամանակում ոչ մարտական կորուստների աննախադեպ մեծ քանակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: 

«Հրապարակ»-ի՝ Պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնեց, որ բոլոր միջադեպերով համակարգային քննություն է իրականացվում, բայց խնդիրը շատ ավելի խորքային է, քան թվում է: 

«Բանակի հրամանատարական կազմի մեծ մասի նկատմամբ անլուրջ պատճառներով քրեական գործեր են հարուցել: Մեկին մեղադրում են 20 լիտր բենզինի անհետացման մեջ, մյուսին՝ մի ավտո փայտի, մյուսին՝ 2 անիվ տանելու մեջ: Անձնակազմի հետ անմիջական աշխատանք տանող հրամանատարը որ ամբողջ օր Ռազմական ոստիկանությունում, քննչական մարմիններում ու դատախազություններում բացատրություններ տա, վիճակն էլ պետք է սենց լինի: Գլխավոր դատախազն իրենից գոհ ցուցում է տալիս դատախազներին՝ մտնել զորամասեր: Բայց ամեն ինչ ձև ունի: Այս մարդիկ չեն հասկանում, որ բանակը հիերարխիկ, նուրբ համակարգ է և երբ սպային ստորացնում ես, նա չի կարողանում իրեն ենթարկեցնել իր զինվորին»,-ասաց մեր աղբյուրը՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքար, անշուշտ, պետք է իրականացվի, բայց ոչ օրը 24 ժամ խրամատում սահման պահող սպաների ինքնասիրության հաշվին:

Նա նշեց, որ բանակում ամենակարևորը ներքին կարգապահությունն է, մնացածը երկրորդական է: Մյուս կողմից էլ  խրախուսվում են այսպես կոչված «գործ տվողները», որոնք ամեն քայլափոխի հետևում են հրամանատարներին, նույնիսկ աննշան ու կենցաղային թեմաները զեկուցում են վերև: 

«Հիմա ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում: Վարչապետը վեր է կենում սպաներին ասում է՝ կծեփեմ պատերին, հանգիստ նստեք տեղներդ: Էլ ո՞ր մի զինվորը կհարգի էդ սպային: Եվ հետո եթե սպան «հանգիստ նստի իր տեղում» բա սահմանն ո՞վ է պահելու: Սպայական անձնակազմը իրոք շատ ընկճված է»,-ասաց մեր աղբյուրը: