Ինչպե՞ս է պետությունն ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու 30-50 տոկոսով

Ինչպե՞ս է պետությունն ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու 30-50 տոկոսով

Օրեր առաջ Արմավիրի մարզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարվանից սկսելու են մի գործընթաց, որի արդյունքում ՀՀ-ում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու։ «Այն ուսուցիչները, ովքեր ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը կհաստատեն, նրանց աշխատավարձն արդեն նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա։ Լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին, եւ ինչքան միավորները բարձրանան, այնքան աշխատավարձերը դրան զուգահեռ կմեծանան»,- նշել էր Փաշինյանը։

Կամավոր ատեստավորման մասին ԿԳՄՍ նախարարությունն ու նախկին նախարար Արայիկ Հարությունյանը խոսեցին դեռ անցած տարի ամռանը, իսկ բուն ատեստավորումը պետք է մեկնարկեր սեպտեմբերին, բայց արդեն մի քանի տարի է, ինչ 5 տարին մեկ իրականացվող հերթական ատեստավորումը կասեցված է։

Նկատենք, որ պետությունը, զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով, 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի: Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից:

Երեկ արդեն ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Մրցութային շեմը հաղթահարել է 5 կազմակերպություն, որոնք էլ երաշխավորվել են վերապատրաստումների իրականացման համար: Դրանք են. «Նոր ժամանակի կրթություն» հասարակական կազմակերպությունը, «Ուսուցման ազգային հիմնադրամ»-ը, «Հույս եւ ապագա» երեխաների աջակցության եւ զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը, «Մաստեր սթայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Թե ինչպես է ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով ավելացնելու պետությունը, մոտեցումը պարզ է։ Նրանք, ովքեր չեն հաղթահարի ատեստավորումը, դուրս կմնան համակարգից, ինչի հետեւանքով կլինեն նաեւ կրճատումներ։ Ստացվում է՝ այդ կրճատված ուսուցչի ժամերը, նրա համար նախատեսված գումարը կանցնեն ատեստավորումն անցած ուսուցչին, եւ ըստ դրա էլ՝ ատեստավորված ուսուցչի աշխատավարձը կբարձրանա։ Այսինքն՝ մանկավարժներին ուղղված գումարների չափը չի փոխվելու, այլ կրճատումների հաշվին ոմանք շատ կստանան, մյուսները կդառնան գործազուրկ։ Բայց ուսուցիչներին մտահոգող խնդիրը միայն կրճատումները չեն, այլ այն, որ աշխատավարձը բարձրացնելու անվան տակ գերծանրաբեռնելու են իրենց, որի հետեւանքով կտուժի արդեն կրթության որակը։

Ինչ վերաբերում է ուսուցչի վարկանիշին ավելացվող միավորներին, որի մասին խոսել էր նաեւ վարչապետը, ապա խոսքը կրեդիտների մասին է, որոնք ուսուցիչները ստանում են տարբեր վերապատրաստումների մասնակցելու արդյունքում։ Այդ կրեդիտները հնարավորություն են տալու, օրինակ, այն դպրոցներում, որտեղ ուսուցչի մրցույթ է հայտարարվում, եւ 2 անգամ էլ մրցույթին մասնակից չի լինում, բարձր կրեդիտ ունեցող ուսուցիչն առանց մրցույթի գնա եւ աշխատի այդ դպրոցում։ Ուսուցիչները կարծում են, որ կրեդիտներ բերող վերապատրաստումները չեն կարող անվճար լինել, հակառակ դեպքում բոլորն էլ կդիմեն եւ կստանան այդ կրեդիտները։ Իսկ աշխատավարձի բարձրացումը նախեւառաջ լինելու է ատեստավորման եւ հետո նոր վաստակած կրեդիտների հիման վրա։

Ուսուցիչներից շատերն ատեստավորումը ծուղակ են համարում, որովհետեւ դեռ չգիտեն, թե ինչ ատեստավորում է լինելու, քանի որ սկզբում ասվել էր՝ կամավոր, բայց հետո դառնալու է պարտադիր։ Ուսուցչական համայնքը տեղյակ չէ նաեւ՝ ատեստավորումը լինելու է վճարովի՞, թե՞ անվճար։ Եթե վճարովի է իրականացվելու, ապա մեծ ռիսկ կա, որ վերապատրաստող կազմակերպությունն իր մոտ եկած ցանկացած դիմողի կտա այդ վկայականը։
Այդուհանդերձ, բարեփոխման առավելությունն այն է, որ, ի տարբերություն առաջվա, վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները մի քանիսն են, եւ ուսուցիչն ինքը կարող է ընտրություն կատարել դրանց միջեւ։