Վարդան Ղուկասյանի սրտով չի եղել Բալասանյանի ծաղկեպսակը, սկանդալով փորձել է հեռացնել

Վարդան Ղուկասյանի սրտով չի եղել Բալասանյանի ծաղկեպսակը, սկանդալով փորձել է հեռացնել

«Երեկ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ չեմ ճանաչում», իրեն բնորոշ թատերական կեցվածքով և արկածախնդիր պահվածքով` հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներից մեկի հետ։ Ստեղծված իրավիճակից Գյումրիում սկսել են ակտիվանալ քաղաքը տարիներով թալանած, բազմաթիվ քրեական գործերով անցնող, ապօրինի կալվածքների տերեր, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք, որոնց նպատակը մեկն է` քրեական գործերի հանգուցալուծմանը զուգահեռ, փորձել մտնել քաղաքականություն` հետո այդ ամենը քաղաքական հետապնդում որակելու համար»,- քիչ առաջ ֆեյսբուքում գրել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ չմանրամասնելով, թե խոսքն ում մասին է։

«Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ  խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, որը երեկ, տեսնելով Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված ծաղկեպսակը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից դրված, վրդովվել է, ոտքով հարվածել է։ Տեղեկությունը հաստատեցին նաև բալասանյանականները՝ նշելով, թե իրենց տեղեկություններով՝ Ղուկասյանը ոտքով արհամարհական հարվածել է, փորձելով վնասել  ծաղկեպսակը, բայց դա նրան չի հաջողվել, քանի որ եկեղեցու բակում գտնվող քաղաքացիները ուղղել են այն եւ տեղադրել են իր տեղը։

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, որքան էլ մեծ էր ցանկությունը՝ պարզելու՝ ինչու է նման բան արել։ Նշենք, որ նա ևս Գյումրու քաղաքապետի ընտրություններում պատրաստվում է դնել իր թեկնածությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին՝ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օրը, Վեհափառ Հայրապետը  Վարդան Ղուկասյանին շնորհեց  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան: Շքանշանը հանձնվեց Ղուկասյանին՝ եկեղեցու վերականգնման գործում անգնահատելի դերակատարություն ունենալու համար: Վերանորոգման ֆինանսական ծախսերը հոգացել է նախկին քաղաքապետը: