Մեղադրում է, բայց դեռ հույս ունի հանդիպել Պուտինին. ետհաշվարկն սկսված է

Մեղադրում է, բայց դեռ հույս ունի հանդիպել Պուտինին. ետհաշվարկն սկսված է

Ուկրաինան նվազագույնի է հասցրել իր մասնակցությունը ռուսական կողմի հետ բանակցություններին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայության պատճառով։ 

Պատվիրակությունը կժամանի Ստամբուլ, սակայն առանց բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին հայտնի դարձավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի ասուլիսի ժամանակ։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ստամբուլ պատվիրակություն ուղարկելու որոշումը կայացվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների միջնորդական ջանքերի նկատմամբ հարգանքից ելնելով, ինչպես նաև լարվածության թուլացման ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկելու ցանկությամբ։

Զելենսկու հայտարարությունները. 

«Բանակցությունների հիմնական նպատակը հրադադարի հասնելն է»։

«Ուկրաինական պատվիրակությունը մայիսի 16-ին կմնա Ստամբուլում։ Նա նաև կհանդիպի ամերիկացիների հետ»։

«Մենք մեր վարքագծով ցույց ենք տալիս, որ ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բոլոր նրանք, ովքեր մեր կողմից ժամանել են Թուրքիա, ունեն նման որոշումներ կայացնելու մանդատ։ Ռուսաստանի ներկայացուցիչները նման մանդատ չունեն»։

«Եթե Ռուսաստանը իրական պատրաստակամություն չցուցաբերի պատերազմը դադարեցնելու համար, ապա Ուկրաինան կխնդրի ԱՄՆ-ին, ԵՄ-ին և գլոբալ Հարավի երկրներին խստորեն պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»։

«Ես պատրաստ եմ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների։ Եթե Ռուսաստանի Դաշնությունից ազդանշան գա, որ անվերապահ հրադադարը կարող է լինել միայն երկրների ղեկավարների միջև, ես այստեղ կլինեմ»։

Զելենսկին ասել է, որ ուկրաինական պատվիրակությունն արդեն ճանապարհին է դեպի Ստամբուլ, և բանակցությունները կարող են տեղի ունենալ այսօր երեկոյան կամ վաղը։

Ուկրաինայի նախագահը նաև մեղադրել է Ռուսաստանին միջնորդների նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի» մեջ՝ մատնանշելով Պուտինի կողմից Ստամբուլ ուղարկված պատվիրակության ցածր մակարդակը։ «Ինձ թվում է, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները Ռուսաստանի կողմից անհարգալից վերաբերմունք են զգում։ Մենք նրանցից [ռուսներից] չենք տեսնում որևէ օրակարգ, ժամանակ կամ բարձր մակարդակի պատվիրակություն։ Ես չեմ ասում, որ ռուսները մեզ չեն հարգում. դա հասկանալի է։ Մենք նրանց հայելային պատկերն ունենք։ Բայց նրանք չեն հարգում Էրդողանին, նրանք չեն հարգում Թրամփին։ Թրամփը մեծ խումբ է ուղարկում բանակցելու։ Ռուբիոն այստեղ է։ Թուրքիայի արտգործնախարարն այստեղ է։ Ուկրաինայի արտգործնախարարն այստեղ է։ Սա անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի կողմից»։

Պուտինի հետ բանակցելու իր պատրաստակամության մասին իր հայտարարության վերաբերյալ Զելենսկին ասել է հետևյալը. 

«Ես որևէ առաջարկ չեմ արել Պուտինին: Մենք բոլորս էլ ընկալեցինք, որ նա առաջարկում էր ուղիղ բանակցություններ… քանի որ նա չէր ուզում հրադադար: Նա կարող է չհանդիպել, այլ պարզապես ասել. լավ, հրադադար կլինի»: Ինչպես որ Զատիկին էր»։

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ «մենք չենք կարող քննարկել տարածքային հարցեր: Սա մեր Սահմանադրության խախտում է... Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք քննարկել, թե ինչ է կատարվում, ինչ հումանիտար ճգնաժամեր կան: Բայց բոլոր քննարկումներից անկախ, իրավաբանորեն մենք ժամանակավորապես օկուպացված տարածքները չենք ճանաչում որպես ռուսական»: