Նիկոլը ոզնի չէ, բայց այս ամենը ոզնուն էլ է հասկանալի

Նիկոլը ոզնի չէ, բայց այս ամենը ոզնուն էլ է հասկանալի

Հայաստանի 30-ամյա խաղաղ կյանքը խաթարած, 44-օրյա պատերազմով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու հետագա գոյությունը վտանգի տակ դրած Նիկոլ Փաշինյանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորայի հետ հունվարի 26-ին տեղի ունեցած հանդիպմանը ևս մեկ անգամ ասել է, թե Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային հանձնառությունների չկատարումը և առավելապաշտական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի ջանքերը:

Միրզոյանը ստում է: 2018 թվականի մայիսից «հայկական կողմ» կոչվածը որևէ ջանք չի գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ: Միրզոյանը ստում է… Նիկոլն իր իշխանության եկած օրվանից քանդել է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, Նիկոլը տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը խաթարելու, տարածաշրջանում 30 տարի առաջ ձևավորված աշխարհաքաղաքական ստատուս քվոն փոխելու համար է բերվել իշխանության: Նիկոլը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմներ հրահրելու համար է ներդրվել Հայաստանում:

Հիշյալ հանդիպմանը Նախարար Միրզոյանը միայն ստախոսությամբ չի բավարարվել: Նա հերթական էշությունն է թույլ տվել իրեն՝ բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Արարատ Միրզոյանն ի՞նչ իմանար, որ Հայաստանում ԵՄ-ի «քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը» բոլորովին այլ բան է նշանակում և ստեղծված իրավիճակում կարող է նոր, ավելի մեծ պատերազմի դուռ բացել: Խոսքը հունվարի 23-ին ԵՄ խորհրդի ընդունած որոշման մասին է, որով նախատեսվում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծել երկու տարի ժամկետով։ Ուշադրություն դարձրեք ժամկետին: Երկու տարուց ավարտվում է ռուս խաղաղապահների առաքելությունը, ինչը նշանակում է, որ ԵՄ «քաղաքացիական առաքելությունն» ամեն ինչ անելու է, որ ռուսները գոնե մեկ օր ավել չմնան Արցախում և հեռանան 2025թ. նոյեմբերի 9-ին: Ընդ որում, ԵՄ «առաքելությունը» փորձելու է դա ներկայացնել որպես հայկական կողմի պահանջ՝ Ադրբեջանին զերծ պահելով Ռուսաստանի հարվածներից:
Կրեմլում, սակայն, քնած չեն:

Այնտեղ արդեն իսկ նկատել են, որ Նիկոլ Փաշինյանի տերերի հերթական խորամանկության հետ գործ ունեն, մասնավորապես՝ ՌԴ-Արևմուտք հակամարտության նոր օջախ ստեղծելու անգլո-սաքսոնական ավանտյուրայի: Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարարությունը հենց նույն օրը՝ հունվարի 26-ին, երբ Արարատ Միրզոյանը հանդիպում էր ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորայի հետ, տարածեց մի հաղորդագրություն, որով, կարելի է ասել, չափազանց կոշտ գնահատական տվեց ԵՄ-Հայաստան արկածախնդրությանը: «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են՝ Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին և նրանց տերերին հստակ ասվում է՝ դուք նոր պատերազմ եք բերում Հայաստան:

Սրանով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը չի ավարտվում: Այնտեղ հստակ բացատրություններ կան ԵՄ առաքելության բնույթի, («ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը ևս չպետք է մոլորեցնող լինի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»), Եվրամիության՝ Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու փորձերի մասին: Կրեմլը նաև չի զլացել հասկացնել, որ Նիկոլ Փաշինյաննն արդեն իսկ հատել է ռուբիկոնը և նրա պատճառով Հայաստանը կարող է շատ խիստ պատժվել՝ համարյա Ղազախստանի պես. «Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռված են օգտագործել ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»:

«Արագ» բառը հատուկ ենք ընդգծել՝ ղազախստանյան դեպքերի հետ կապված ոմանց հիշողությունը թարմացնելու համար:

Չէի ցանկանա մեր հայրենակիցներին վախեցնել, բայց ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նաև հետևյալ միտքը կա. «Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև  Հայաստանի սահմաններին ծառայող ՌԴ սահմանապահները: Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»:  Ի՞նչ ասեմ, Նիկոլը ոզնի չէ, բայց այս ամենը նաև ոզնուն է հասկանալի: Փաշինյանը, գիտակցաբար, նոր սոսկալի պատերազմ է բերում հայ ժողովրդի գլխին, որ հղի է քարտեզի վրայից «Հայաստան» գրության անհետացման վտանգով: Թե բա՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի ջանքեր… Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ հայկական կողմը ջանք ու եռանդ չի խնայում, որ հանկարծ խաղաղություն չհաստատվի տարածաշրջանում, քանզի խաղաղ պայմաններում Նիկոլ Փաշինյան վարչապետ պարզապես չի կարող գոյություն ունենալ: Մենք նրա օրոք ոչ մի լավ բան չենք տեսել՝ ոչ 44-օրյա պատերազմից առաջ, ոչ էլ դրանից հետո: Հայաստնը միայն ողբի ու որբի երկիր պետք է լինի, որ Նիկոլը կարողանա մնալ վարչապետի աթոռին: Զորամաս վառենք, Մալաթիայի բազարը փակենք, Սուրմալուն տրաքացնենք, խեղկատակին փոխարտգործնախարար նշանակենք, ՄԻՊ-ին տանենք հետախուզություն, էն աղջկան նշանակենք գլխավոր դատախազ, պատգամավոր բռնենք, «չոլկա» Նազիկին գործից հանենք, ՔՊ պատգամավորները թող էշ-էշ դուրս տան… Միշտ այսպիսի բաներ պետք է լինեն Հայաստանում, որ Նիկոլը չթռնի աթոռից:

Հ.Գ. Ընդդիմությանը. Դուք (ես էլ ձեզ հետ) աշխարհի միակ ընդդիմությունն եք, որ նույնիսկ քաղաքական խեղկատակներին եք հարգանքով ու պատկառանքով վերաբերվում: Ե՞րբ պետք է հասկանանք, կամ երբևէ կհասկանա՞նք, որ գիտությունով չալելու ժամանակներն անցել են, որ նոր արհավիրքը սարերի հետևում չէ և որ երկրի փրկության գործում մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում, քան խեղկատակների այս իշխանությունը: Ժամանակը չէ՞ ժողովրդին փողոց հանելու և սրանց սրբելու: