Նախօրեից ֆեյսբուքահայությունը խառնվեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումից, թե Տավուշի մարզի գյուղերում խաղաղապահները եւ ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում:
«Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների եւ շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։ Հիշեցնում եմ, հայ-ադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել»,- գրել էր Բագրատյանը։
Տավուշի մարզպետն ու պաշտպանության նախարարությունը հերքեցին Բագրատյանի տարածած ինֆորմացիան։ «Սոցիալական ցանցերով եւ տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է՝ մոտ 500 ռուս խաղաղապահներ եւ ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ չստուգված, առավել եւս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ազատամուտ համայնքի բնակիչներն ասում են՝ իրենց մոտ նման գործողություններ չեն կատարվել։ Բնակիչներից Վահագն Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց՝ ազատամուտցիները շարունակում են ապրել բնականոն կյանքով․ «Նման բան չկա ու չի էլ եղել, ինչո՞ւ են նման ստահոդ տեղեկություններ տարածել ու բնակչությանը խառնել իրար։ Ստեղ խառնաշփոթ չկա, շատ են տարբեր տեղերից զանգում, հարցնում, բայց համայնքում լրիվ նորմալ է, բնակիչները զբաղվում են իրենց առօրյայով։ Ո՛չ ռուսներ են եկել, ո՛չ ադրբեջանցիներ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում նման լուրեր տարածելը։ Հրանտ Բագրատյանը․․․ լավ կլիներ, որ ասեր, թե աղբյուրը որտեղից է, քանի որ նման բան չկա»։ Բնակչի խոսքով՝ սահմանին հանգիստ է․ «Տավուշցիները բնականոն կյանքով ապրում են, կողքի համայնքներում էլ է նորմալ, արտառոց բան չկա, սահմանին էլ լարվածություն չկա այս պահին»։
Տավուշի սահմանամերձ Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն էլ է հերքում տարածված տեղեկությունը․ «Չէ, չկա, դա սխալ ինֆորմացիա է։ Ես ճշտել եմ՝ նման բան չի եղել, խոսել եմ Ազատամուտ, նման բան չի եղել, հանգիստ է»։
- Պարոն Աղաբաբյան, համայնքում ընդհանուր իրավիճակն ինչպիսի՞ն է, լարվածություն կա՞։
- Չէ, հանգիստ է, խուճապ չկա, մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են, որեւէ խնդիր չկա։
- Տեղեկություններ ունե՞ք։ Մյուս համայնքներում ե՞ւս հանգիստ է։
- Իհարկե, Երեւանում էլ թող հանգիստ լինեն։
- Օրինակ՝ Սյունիքի մի քանի համայնքներում անասնապահության խնդիր կա, մարդիկ անասուններին չեն ուղարկու մարոտավայրեր՝ թշնամու առկայությամբ պայմանավորված, ձեզ մոտ այդ առումով ինչպիսի՞ վիճակ է։
- Չէ, մեր մոտ այդ առումով խնդիր չկա, նորմալ է։
- Մի հարց էլ․ որոշ համայնքապետեր միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին, Դուք դե՞մ եք, թե՞ կողմ օրվա իշխանությանը։
- Ես բոլորին դեմ եմ, ես ընդդիմադիրների ցույցերին էլ չեմ մասնակցում, որովհետեւ իրենց էլ եմ դեմ։ Երրորդ ուժին ենք փնտրում ու չենք գտնում։ Արտահերթ ընտրություններ՝ միանշանակ, բայց դա էլ հարցի լուծում չէ։
- Բա ո՞րն է հարցի լուծումը։
- Չեմ կարող պատասխանել, նոր մարդիկ պետք է գան, բայց նոր մարդիկ չկան ասպարեզում։
- Գյուղացիներն ի՞նչ են ասում այս քաղաքական պրոցեսների մասին։
- Ժողովուրդը հանգիստ է, քաղաքականության մեջ չէ, այս պահին հեռվից նայողի կարգավիճակում ենք։