Մանրամասներ՝ Արցախում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների հանդիպումներից

Մանրամասներ՝ Արցախում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների հանդիպումներից

Հունիսի 21-23-ը Արցախում էին գտնվում «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներն՝ այդ թվում նաև Իշխան Սաղաթելյանը։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Արցախում հանդիպել են Արցախի քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

Հունիսի 22֊ին «Դիմադրության» շարժման ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաև արցախցիների հետ Արցախի Հանրապետության շրջաններում և մայրաքաղաք Ստեփանակերտում, որոնց մասնակցում էին նաև ԱՀ ԱԺ ընդդիմադիր «Արդարություն», ՀՅԴ, ԱԺԿ խմբակցությունների պատգամավորները։ Հանդիպումներին մասնակցում էին ինչպես պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, այնպես էլ մտահոգ ու ակտիվ արցախցիներ։

Հանդիպումները կայացել են նույն օրը տարբեր շրջաններում Իշխան Սաղաթելյանը և Արթուր Սարգսյանը, ԱՀ Աժ ընդդիմադիր պատգամավորների հետ, մեկնել էին Մարտակերտ, Տիգրան Աբրահամյանը և Գեղամ Մանուկյանը Արցախի ընդդիմության հետ գտնվում էին Մարտունիում, Ասկերանում հանդիպմանը մասնակցում էին Արամ Վարդևանյանը, Աղվան Վարդանյանը, Արցախի խորհրդարանի պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Վահրամ Բալայանը և ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանը։ Իսկ երեկոյան արդեն հանդիպում է եղել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում։

Հանդիպումների ընթացքում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն արցախցիներին են ներկայացրել է շարժման ընթացքը, անելիքներն, մարտահրավերներն ու ու մտահոգությունները։

«Դիմադրություն» շարժման՝ ավելի ընդգրկուն դարձնելու համատեքստում կարևորվել է արցախցիների անելիքներն ու Արցախի առանցքային տեղը շարժման մեջ։

Ելույթ ունենալով ասկերանցիների առջև՝ «Դիմադրության» շարժման ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց.

«Մենք մեր գործողություններում վճռական ենք, համառ ենք, չենք հոգնում։ Տարբերակ չկա, որովհետև, իսկապես, երբ դու սրբազան գաղափարի համար պայքարի ես դուրս գալիս, ինչի՞ց պիտի հոգնես։ Կարելի է ասել այս որոշակի մարտավարական փոփոխությունները, որ սկսել ենք իրականացնել, բովանդակային շատ մեծ տարբերություն չի տալիս, հանրահավաքները, բողոքները, տարբեր տեսակի անհնազանդության  ակցիաները տեղի են ունենալու։ Ուղղակի նաև շատ կարևոր է, որ Երևան քաղաքից դուրս «Դիմադրության» շարժման կենտրոններ, օջախներ ևս ձևավորվեն։ Պատկերացրեք, որ նման օջախներ լինեն Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և այլն, նաև նույնը Երևանից դուրս՝ ՀՀ֊ մարզերում՝ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում։ Պատահական չէ, որ նշում եմ հենց Սյունիքն ու Գեղարքունիքը, որովհետև այն մարտահրավերները, որոնք դուք (արցախցիները) ձեր ամենօրյա կյանքի ընթացքում զգում եք, այնտեղ ևս զգում են՝ հումանիտար խնդիրներից մինչև թշնամու լկտի վարքագիծ։ Իսկ այդ լկտիությունը երբեք լոզունգային «խաղաղության օրակարգի կամ դարաշրջանի» բառերով չես զսպի»:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ասկերանցիների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նշեց.

«Իրականում մենք նույնիսկ մեր հայրենիքի 25 տոկոսը կորցնելու վտանգի առաջ ենք, որովհետև թուրքի հետ համագործակցում են ՀՀ իշխանությունները և մենք բոլորս պարտավոր ենք մեր միասնականությամբ, մեր նույն ձև նայելու պատրաստակամությամբ կասեցնելու այն ամենը, ինչին գնում են նրանք (իշխանությունները)։ Շատերից լսում եմ Շուշին հետ ենք բերելու, Հադրութը հետ ենք բերելու, ես չգիտեմ ոնց ենք հետ բերելու, եթե ունենք նման իշխանություններ»:

Հանդիպումների ընթացքում նաև վերահաստատվել ու առանձնակի կարևորվել է 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որը Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում՝ ամրագրելով Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը:

Մանրամասները՝ տեսանյութում։