Հերիք է՝ հոգնել ենք

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Հերիք է՝ հոգնել ենք

Որքան ավելի է բարդանում մեր երկրի վիճակը, որքան շատ ենք հող հանձնում եւ զոհ տալիս, այնքան ավելի հաճախ է Նիկոլ Փաշինյանը խոսում նախկիններից, Մադրիդյան սկզբունքներից՝ դրանց յուրօրինակ մեկնաբանություններ տալով։ Խոսում է մինչեւ 2018 թվականն ընթացած բանակցություններից ու չկնքված համաձայնագրերից։ Երեկ եւս նրա կոճակ սեղմողները հարցեր էին տալիս անցյալից՝ հնարավորություն տալով, որ Փաշինյանը խոսի իր սիրելի թեմաներով եւ նորից «տակառներ գլորի» նախկինների ուղղությամբ՝ շրջանցելով այսօրվա խնդիրները եւ լռության մատնելով 2020-ից հետո շարունակվող մեր պարտությունների թեման։ Այդ պայմանավորված հարցերը լսելիս Փաշինյանը հրաշքով կենդանանում է, նախկինների ժամանակվա բանակի ու բանակցությունների մասին խոսելիս նրա ձայնը կամաց բարձրանում է, ոգեւորություն է իջնում վրան, հռետորական ձիրքն է վերադառնում, վերհիշում է նախկին ընդդիմադիրի իր կարգավիճակն ու լեքսիկոնը։

Պարզ է, որ իր թիմակից ՔՊ-շնիկները նրան չեն ընդհատի։ Չեն ասի՝ հոպ, հոգնել ենք, հերիք է՝ խոսիր այսօրվա մասին, խոսիր քո արած-չարածի, քո պարտությունների, քո ձախողումների մասին։ Խոսիր այն մասին, թե ինչպես բերեցիր՝ թշնամուն հասցրիր Տեղ գյուղ, Ջերմուկի եւ Գորիսի մատույցներ։ Ինչպես ստացվեց, որ խաղաղության եւ ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելով, զինված հրոսակին բերեցիր կանգնեցրիր մեր խաղաղ բնակավայրերի մերձակայքում եւ խաղաղասիրական քարոզներով բթացրիր մեր գյուղացիների զգոնությունը։ Ինչու ոչնչացրիր մեր բանակը՝ հայտարարելով, որ ՀՀ սահմանները պետք է սահմանապահները պաշտպանեն, այլ ոչ թե զինված մարդիկ։ Ինչու դիրքեր չկառուցեցիր, ինչու դաշնակիցների հետ հարաբերությունները փչացրիր եւ հերթական անգամ չորս ջահել-ջիվանի գլուխը կերար։