Քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է դադարեցնել դասագրքերի մրցույթը

Քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է դադարեցնել դասագրքերի մրցույթը

Թշնամին մտել է ՀՀ տարածք եւ շրջափակել Արցախը: Արտագաղթն ահավոր չափերի է հասել: Էլ ի՞նչ ավելի ճակատագրական պահ պիտի լինի, որպեսզի սթափեցնի մեր ղեկավարությանը եւ, առաջին հերթին, ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաներին:

Նախկինում դիմեցինք նախարարին՝ առաջարկելով հետաձգել մրցույթը: Ապարդյո՛ւն: Հիմա կոչով դիմում ենք ժողովրդին՝ դպրոցը պաշտպանելու ապազգային պարտվողական դասագրքերից: Չմոռանանք՝ գործող նախարարին է պատկանում խոսքը, թե Նժդեհը ֆաշիստ է: Իսկ Նժդեհը ֆաշիստ չէ, այլ՝ ազգային հերոս: Ահա, այս ապազգային գործելաոճն է ընկած այդ նախարարի անմիջական ղեկավարությամբ ստեղծված չափորոշիչներում, որով հայտարարվել է դասագրքերի մրցույթ:

2020 թվականից շրջանառվում է նոր դասագրքերի ներդրման հարցը: Հենց սկզբից առաջադրվող նոր չափորոշիչները, ավելի որոշակի՝ առարկայական նոր ծրագրերը, մեծ դժգոհություն առաջացրին հանրության մեջ: Հաջորդեցին ելույթներ, երթեր, ցույցեր: Այդ դժգոհությունները, ի վերջո, հանգեցրին նախարարի պաշտոնանկությանը: 

Այս ընթացքում եկան եւ գնացին նոր նախարարներ ու պաշտոնյաներ, բայց մասնագետների դժգոհությունը մնաց չլուծված: Կան արմատական սխալներ, որոնց մասին առիթ ունեցել ենք հանդես գալու եւ դրանց վրա հրավիրելու նախարարության մասնագետների ուշադրությունը: Ամենակարեւորը՝ հումանիտար առարկաների մեջ անտեսված է պատմականությունը: Այնուհետեւ՝ «Հայ գրականություն»-ը, որպես ինքնուրույն առարկա, կորցրել է իր հայկականությունը եւ լրացուցիչ կարգով հագեցել արտասահմանյան գրականությամբ: Այդպես չի՛ կարելի: Ինչ վերաբերում է արտասահմանյան գրականությանը, կարելի է դպրոց մտցնել առանձին դասագրքով եւ լրացուցիչ ժամաքանակով: Թե չէ այսպես ամեն ինչ իրար խառնելն արդյունավետ չի լինի:
Իսկ նախարարը հայտարարեց, որ զզվում է գործող դասագրքերից, եւ կրկնեց ու պնդեց, որ զզվում ու զզվում է: Հավանաբար, նա ուշադիր չի եղել տիտղոսաթերթի վրայի գրությանը, ըստ որի՝ դասագիրքը «Երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից», այսինքն՝ իր կողմից: Ի՞նչ. Եղավ: Հարկ կա՞ մանրամասնելու... Ինչպես ասում են՝ հասկացողը կհասկանա...

Դասագրքերի ստեղծման համար հատկացված ժամանակն իրատեսական չէ եւ սկզբից եւեթ առավելություն է տալիս այն հրատարակչություններին ու ստեղծագործական խմբերին, որոնք նախապես պատրաստվում էին: Մյուսների համար ստեղծվում է շտապողականություն, ինչը հղի է որակական կորուստներով եւ հետագա անցանկալի ռիսկերով:

Հայտարարված մրցույթից դժգոհ են ե՛ւ դասագիրք գրող ստեղծագործական խմբերը, ե՛ւ հրատարակիչները: Այս ինչպե՞ս միանգամից ամեն ինչ կարողացան խառնել իրար, որպեսզի իրենց ազգակործան ծրագրերն առաջ տանեն: Վճռականորեն բողոքում ենք եւ առաջարկում՝ դադարեցնել մրցութային գործընթացը, հանգիստ պայմաններում վերստին քննել ու հանրային կարծիքի ներկայացնել չափորոշիչները, նաեւ վերանայել հրատարակչություններին առաջադրվող պայմանները, որպեսզի նրանք ոչ թե հրաժարվեն, այլ հաճույքով անցնեն գործի: 

Այո՛, նախարարները գալիս են ու գնում, իսկ դասագրքերն ու ծրագրերը մնում են տարիներով: Մեզ՝ բոլորիս է տրված այդ գործը որակով անելու հնարավորությունը, եւ մենք պարտավոր ենք գործել:
2023 թվականի հունվարի 13-ին ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ նոր դասագրքերի հայտարարված մրցույթին նվիրված խորհրդակցություն: Հրավիրված էին հրատարակիչներ, հեղինակներ, մանկավարժներ: Խորհրդակցությունը բացեց նախարարը, ապա մեկ այլ խորհրդակցության մասնակցելու առիթով հեռացավ դահլիճից: 

Հարցերին պատասխանեցին փոխնախարարուհին եւ կրթության ոլորտի հինգ պատասխանատու: Խորհրդակցությունը, ընդհանուր առմամբ, տեւեց մեկ ժամից ավելի: Այս ընթացքում հատկապես հրատարակիչների հնչեցրած գործնական ոչ մի հարց, ըստ էության, չստացավ սպառիչ որոշակի պատասխան: Այն տպավորությունն էր, թե կրթության պատասխանատուները լիարժեքորեն չեն տիրապետում իրավիճակին: Որոշակի հարցերին տրվում էին անորոշ պատասխաններ՝ դեռ պիտի քննարկենք, դեռ պիտի ճշտենք, ժամանակը ցույց կտա, լրացուցիչ կհայտնենք…

Ընդհանրապես, այս հարցում նախարարության գործունեության մեջ հստակություն չկա: 
Դասագրքերը տպագրության ներկայացնելու ժամկետը, նախ, հայտարարվեց մեկ ամիս, ապա՝ դարձրին չորս ամիս, սկզբում պահանջում էին ներկայացվող դասագրքի օֆսեթ եղանակով տպագրված մեկ օրինակ, հիմա՝ 11 օրինակ: Հստակ չեն նաեւ մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը եւ նրանց գործունեության ձեւը: Բացակայում են հստակ հանձնարարականները: Ամեն ինչ գտնվում է քննարկումների փուլում, մինչդեռ սեպտեմբերը հեռու չէ: 

Այս անմխիթար կացությունն ունի միայն մեկ մխիթարական հանգուցալուծում՝ մեկ տարով հետաձգել մրցույթը եւ ավելի հանգամանորեն նախապատրաստվել այս հույժ կարեւոր գործին:
Մի՛ մոռացեք՝ դասագրքից է սկսվում հայրենիքի սահմանը...

Դավիթ Գասպարյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր