Մի քառօրյա արձակուրդի պատմություն

Մի քառօրյա արձակուրդի պատմություն

Փաշինյանի քառօրյա արձակուրդը միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Իսկ գերակշռող կարծիքն էլ այն էր, որ դա ոչ թե քառօրյա արձակուրդ էր, այլ քառօրյա փախուստ իրականությունից: Այս տեսակետի ձեւավորմանը նպաստեց նաեւ առողջապահության նախարարի եւ ՀՀ նախագահի՝ արձակուրդում լինելը: Քաղաքացին իրավունք ուներ հարց տալու՝ կորոնավիրուսի պայմաններում ճոխ չէ՞ վարչապետի, նախագահի եւ հակահամաճարակային նախարարի միաժամանակ արձակուրդ գնալը: Ընդ որում՝ առողջապահության նախարարի բացակայությունն այնքան չէր վրդովեցրել դիմակի խիստ ռեժիմի դատապարտված մեր հայրենակիցներին, որքան Նիկոլ Փաշինյանի բացակայությունը: Զայրույթը միանգամայն հասկանալի էր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մարտ ամսից սկսած՝ մեր քաղաքացիները, որպես թիվ մեկ համաճարակաբանի, հենց նրան էին ընդունում: Եվ հանկարծ վարչապետն առողջապահության նախարարին ուղարկում է արձակուրդ, ինքն էլ գնում նրա հետեւից: Ու, քանի որ խոսակցություններ կային, որ Արսեն Թորոսյանն այլեւս չի վերադառնալու արձակուրդից, մութ կասկածներ այցելեցին հանրության տարբեր խավերին՝ հը՞, կարող ա՞ Նիկոլն էլ չվերադառնա, պրծնենք… Զուր հույսեր: Նիկոլից «պրծնելն» այդքան էլ հեշտ գործ չէ: Նա դեռ երկար է մեզ տանջելու…

Նոր ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, Փաշինյանն արձակուրդում էր արդեն, նա արձակուրդում դիմավորեց Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ը, արձակուրդում ըմբոշխնեց Աննա Հակոբյանի «զինվորական առօրյան» պատկերող նկարաշարի առաջացրած համացանցային վակխանալիան, դարձյալ արձակուրդում, հավանաբար՝ որեւէ մրգատու ծառի սաղարթների միջից, հետեւեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ ՀՀ երկրորդ նախագահը լավ ռուսերենով շարադրեց այս իշխանությանը հեռացնելու բոլոր հիմքերը՝ չմոռանալով նկարագրել նաեւ այդ գործընթացն իրականացնելու ձեւերն ու գործիքակազմը: 

Այսօր արդեն սեպտեմբերի 4-ն է: Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա արձակուրդից եւ, ասես ոչինչ տեղի չի ունեցել, կշարունակի կառավարել երկիրը: Առջեւում շատ կարեւոր գործեր կան: Դեռ պետք է ՍԴ դատավորներ ընտրեն: ՍԴ-ն քանդել են հանուն թավշյա հեղափոխության եւ հանուն հպարտ քաղաքացիների, հետեւաբար, հանուն հեղափոխության ու հանուն քաղաքացու էլ պետք կոմպլեկտավորեն: Առանց դհոլ-զուռնայի, առանց հաղթական հանդեսների դժվար կլինի հանրությանը համոզել, որ լուրջ գործով են զբաղված: Դա էլ կապահովեն: Կա՞ մեկը, որ կասկածում է թամաշա հրահրելու՝ Փաշինյանի հնարավորություններին… 
Ամենադժվարը, սակայն, «հետո»-ն է: ՍԴ-ի գործը հորով-մորով անելուց հետո ինչո՞վ են զբաղվելու: Փաշինյանի քաղաքական հակառակորդները հենց այդ «հետո»-ի վրա են կառուցում իրենց հաշվարկը, բայց դա նույնն է, ինչ տանն արված հաշվարկը, որ շուկայում չի անցնում: Փաշինյանը մի բան կգտնի՝ զբաղեցնելու հանրությանը, որպեսզի ընդդիմության կոչով հրապարակներ չլցվեն: Օրինակ, կարող է իր մոտ կանչել Արայիկ Հարությունյանին եւ, «մոռանալով», որ վերջինս իր անմիջական պաշտպանության ներքո գտնվող օբյեկտ է, զայրանալ վրան՝ պարոն Հարությունյան, քեզ քանի՞ անգամ պետք է ասեմ՝ գնա, խնդիրը քննարկիր ոլորտի մասնագետների հետ, այնպես, որ ոչ մի մութ բան չմնա: Արայիկ Հարությունյանն էլ, պարզ է, նախարարությունում մի «սուտի» բան կկազմակերպի, իբր քննարկում է, աղմուկ կանեն, նորանոր դժգոհ տարրեր կհանեն փողոց, ու մեկ էլ կտեսնենք՝ սեպտեմբերն անցավ: Այդ ընթացքում, չի բացառվում, մեկ-երկու դպրոցում կորոնավիրուսի օջախ հայտնաբերվի, եւ հիմա էլ պարետը մեջտեղ գա՝ իր արտակարգ ռեժիմով:

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում բաց տեքստով ասաց, որ հանրության մտածող, վերլուծելու կարողություն ունեցող հատվածը, ինչպես նաեւ փորձագիտական համայնքը, խմբված է ընդդիմության շուրջ, որովհետեւ ընդդիմադիր դաշտում է լուրջ քաղաքականությունը: Ես լիովին համամիտ եմ նրա հետ, մանավանդ որ իշխանությունն էլ, իր կեղծ օրակարգերին տրված, չի վիճարկում այս տեսակետը: Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ եղանակները ցրտեն, եւ առաջիկա ձմռան նախազգացումից սկսեն արթնանալ նաեւ «չմտածող» եւ «վերլուծելու կարողություն չունեցող» խմբերի ընդդիմադիր բջիջները: Մի ժամանակ կարելի էր այդ մարդկանց «Քաղաքացու օր»-ով, խորոված-փարթիներով, դատարանների պատուհաններից կախվելով, Հրայր Թովմասյանի գրիչը ցուցադրելով, թանկ ու անկապ գործուղումների մեկնելով եւ բազմաթիվ այլ մանր-մունր բաներով խաբել: Բայց մարդիկ հո խոտ չե՞ն ուտում, հոկտեմբեր-նոյեմբերին կհարցնեն, չէ՞, պարոն Փաշինյան, իսկ ե՞րբ եք զբաղվելու մեր սոցիալական խնդիրներով: Կարծում եմ՝ ընդդիմությունն էլ է այս պահի վրա հաշվարկ կատարել, բայց պետք է հիասթափեցնեմ ընդդիմությանը: Փաշինյանին մերկ ձեռքերով բռնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Փաշինյանը սոցիալական խնդիր լուծող չէ, սիրելիներս, Փաշինյանը չի եկել, որ սոցիալական խնդիր լուծի:

Ամենամեծ պոպուլիստը նա է, որ կարողանում է մարդկանց մոռացնել տալ իրենց սոցիալական խնդիրներն ու նրանց բերել երջանիկ անգիտության մի վիճակի: Տեսարաններ, տեսարաններ եւ դարձյալ տեսարաններ․ սա է այն կերակուրը, որ Փաշինյանը նետում է ամբոխին, եւ մինչ ամբոխը, ծանր կացությունը մոռացած, սկսում է մարսել հերթական տեսարանը, նա շարունակում է անվրդով կառավարել: Ե՞րբ կդատարկվի Փաշինյանի զինապահեստը: Ասում են՝ պոպուլիստներն անհիշելի ժամանակներից են գալիս եւ մինչ օրս երբեք չեն բողոքել «զենքի- զինամթերքի» պակասից: Պոպուլիզմի ամբարները միշտ լիքն են, իսկ դրանցից օգտվելը՝ թույլատրված: Նախարար «մորթելը», Սորոսին քլնգելը, սեփական կնոջը առաջին գիծ ուղարկելը, կեղծ վարակվելը, ՍԴ-ն հանուն ժողովրդի քանդելը եւ այլն, պոպուլիստի ընդամենը թեթեւ «զենքերն» են: Ու տեսեք, թե հանրությունն ինչպես է «որոճում» այդ տեսարանները՝ բավարարելով իր օրգանիզմի գաստրոնոմիական պահանջները: Ասածս այն է, որ անիմաստ է սպասելը, թե Փաշինյանը մի գեղեցիկ օր կբարձրացնի երկու ձեռքն ու կհանձնվի: Ավելին ասեմ: Համոզված եմ, որ Փաշինյանը կազմել է նաեւ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տեսարանների ցանկը, եւ հիմա ընդդիմությունից է կախված, թե այս աշնանն ինչպես կդրսեւորի իրեն «նախկիններից» փախած եւ «նորերից» հիասթափված «անգրագետ Պողոսը»՝ կմերժի՞ նոր տեսարանները, թե՞ Փաշինյանի հետ կնշի հերթական Նոր տարին՝ բնականաբար, հոթ-դոգով եւ տոնածառի շուրջ ուրախ թռչկոտոցով: