Ինչ ներկայացում է բեմադրվում Եղվարդի մշակույթի տանը

Ինչ ներկայացում է բեմադրվում Եղվարդի մշակույթի տանը

Անդրանիկ Հարությունյանը, Սաթենիկ Հազարյանը, Լեռնո Հարությունյանը և Լենա Կասիմյանն այսօր Եղվարդի մշակույթի տանը հանդես կգան «Անփորձանք գիշեր» ներկայացման պրեմիերայով: Այն կատակերգություն է գյուղական միջավայրի մասին:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ ներկայացումը բեմադրվելու է Գուրգեն Խանջյանի «Պատահար» ստեղծագործության մոտիվներով. «Անփորձանք գիշերը» պատմություն է մի գյուղական ընտանիքի մասին. «Մի գիշեր, մարդիկ իրենց համար հանգիստ քնած են լինում` գիշերվա կեսին պատահար է տեղի ունենում…. այս բոլոր գործողությունները տեղի են ունենում մի գյուղական տան մեջ: Մնացածը պետք է դիտել, եթե առավել մանրամասն պատմեմ, հետաքրքիր չի լինի»,- պատմում է դերասանը:

Անդրանիկ Հարությունյանի խոսքով` առաջարկը ստացել է Եղվարդի թատրոնից, ինչը մերժել պարզապես չի կարողացել. «Ստացել եմ առաջարկ և սիրով աշխատում եմ», - ասում է նա: Հարցին` ո՞վ է պիեսի հեղինակը, դերասանն ասում է. «Հեղինակը Գուրգեն Խանջյանն է, սակայն որոշակի փոփոխությունների է ենթարկվել: «Պատահար» պիեսի մոտիվներով է, սակայն մտքային առումով մոտավորապես 70 տոկոսը փոփոխվել է: «Պատահար» ստեղծագործությունն իրականում բավականին ծանր գործ է, իսկ փոփոխված տարբերակով այն դարձել է տրագիկոմեդիա: Պիեսի վրա աշխատել է Գարիկ Միրզոյանը: Այսօր՝ երեկոյան ժամը 18։00-ին տեղի կունենա ներկայացման պրեմիերան: Այսօրվա ներկաները հրավիրվածներն են, տոմս այսօրվա համար չի վաճառվել, սակայն ներկայացման ցուցադրությունն ունենալու է շարունակական բնույթ: Համոզված եմ՝ հանդիսատեսն այսօր շատ գոհ դուրս է գալու և իր տպավորություններով կիսվելու է, վստահ եմ: Հետագայում կշրջագայենք, ինչու չէ, նաև Երևանում ներկայացումը կբեմադրենք», - նշում է դերասանը: