Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի  մահվան 20-րդ տարելիցին

Որ Ռուսաստանը հիմա էլ չի խորշի նմանատիպ մի դաշինք կնքել Թուրքիայի հետ, դարձյալ գաղտնիք չէ: Միայն թե իր «խաղաղապահը» կանգնի աշխարհաքաղաքական այդ կարեւոր ոլորապտույտի մատույցներում: Դրանից է շատ բանով կախված լինելու ռուսական նորացված «կայսրության» երկարակեցությունը: Պատմական տեսանկյունով, իհարկե, վաղ, թե ուշ, Ռուսաստանը կհեռանա Անդրկովկասից, ինչպես ժամանակին հեռացել են ուրիշները:

Բայց հեռանալուց առաջ կամ ընթացքում նա կարող է անդառնալի կորուստ պատճառել մեր երկրին, ինչպես անցյալում եղել է արդեն: Բայց այդ կորստի չափը նվազագույնի կարելի է հասցնել, եթե հաշվի առնենք արդեն անցյալից ունեցած փորձն ու Ռուսաստանի իրական «խառնվածքը»: Հայաստանը նախեւառաջ պետք է իրենից ներկայացնի տնտեսական ու ռազմական որոշակի միավոր: Կործանման վտանգի առաջ է կանգնած այն ժողովուրդը, ով իր փրկության ու անվտանգության գործն ամբողջությամբ ապավինում է մեկ այլ պետության: Այդպիսի դաժան մի դաս էլ ստացել ենք շուրջ 1000 տարի առաջ՝ հույսներս միամտաբար դնելով հայազգի կայսրերով ղեկավարվող դավանակից Բյուզանդիայի աջակցության վրա: Ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցու դիպուկ բնորոշմամբ՝ «անտիրության պատճառով, կարծեցյալ պահապանների»՝ թուլամորթ եւ վատաբարո բնույթի պատճառով կործանվեց հայոց թագավորությունը, որից հետո թշնամին անարգել գրավեց նաեւ «հոռոմոց ամբողջ երկիրը»: Այս վերջինից մեզ ի՞նչ սփոփանք… Պատմությունը մեզ հուշում է, որ ինչպիսի աջակցություն էլ ակնկալելու լինենք դաշնակից երկրից, ավելի շատ խղճահարության արժանի կլինենք, եթե պատասխանատվությունը մեզնից հեռացնելով՝ սոսկ հայեցողական «փրկվողի» դեր ստանձնենք:

Օգնում են նրան, ով ինքն է իր բախտն ուզում կռել: Եթե Ռուսաստանն ունենար էլ ինչ-ինչ «փրկչական» գործառույթներ, հայտնի բան է, որ ամենաճանաչված փրկիչն էլ մի օր կարող է հանկարծակի համբարձվել՝ հետեւորդներին բաժին թողնելով դաժան փորձություններ: Իհարկե, պատմության մեջ միայն հայը չէ, որ հայացքը հառել է Ռուսաստանին՝ ուրիշի բռնապետությունից իրեն ազատելու համար:

Որպես կանոն, Ռուսաստանը հրաշալի օգտվել է իր հանդեպ ճնշված ժողովուրդների դրսեւորած համակրանքից՝ ընդլայնելով իր սահմանները: Բայց դրա հետ մեկտեղ, նա կաղապարել է նույն այդ ժողովուրդների անկախ ու ինքնուրույն զարգացման հնարավորությունները: Այդուհանդերձ, Ռուսաստանն անարդարացի է համարում, որ իր զինվորի թափած արյամբ ժամանակին ազատագրել կամ, իր իսկ պատկերացմամբ, ուրիշի համար հայրենիք է ձեւավորել, իսկ այսօր ստիպված է այնտեղից դուրս մղվել, ինչպես Ուկրաինայից ու Վրաստանից: Մեր տարածաշրջանում եւս նրա առերես հարգանքի ներքո թաքնված են նեոգաղութատիրական նկրտումներ: Ռուսաստանում մեծապետական հիշողությունները դեռեւս թարմ են, եւ ամեն ինչ չէ, որ ընդունելի է նրա համար: Օրինակ, իրանական սահմանի երկայնությամբ ձգվող Հորադիզի շրջակայքը ժամանակին ցարական Ռուսաստանի ծայրագավառն էր եւ կրում էր ռուս-պարսկական պատերազմի հերոս՝ զորավար Կարյագինի անունը: 19-րդ դարասկզբին այդ տարածքը նվաճելիս ո՞ր մի ռուսը կմտածեր, որ հետագայում որեւէ մեկի թեթեւ ձեռքով այն կդառնա արհեստականորեն գծված մեկ այլ պետության մաս: Պատմության հեռահար զարգացման կռահումների արդյունքում ժամանակին այստեղ կարող էր ստեղծվել ուղղագծորեն ռուսական պետության կենտրոնին ենթարկվող մի մարզ, ինչպիսին մերօրյա Կալինինգրադն է: Այդ պարագայում այսօր քչերը կվիճարկեին Ռուսաստանի ներկայության պատճառաբանությունը Արաքսի ափին:

Այսօր դա դեռեւս երազանք է: Բայց բոլորովին էլ հեքիաթ չէ: Ռուսաստանը փնտրտուքի մեջ է: Պատմության սխալները չկրկնելու ջանադիր մտատանջությունը նրան դարձնում է ավելի փորձառու, բայցեւ զգուշավոր: Նա ոտնատեղ է ման գալիս: Նա կողջուներ, որ նման ցանկություն հայտներ Ղարաբաղը: Իսկ այդպիսի սցենար զարգացնողներ այստեղ կարող է եւ գտնվեն: Ադրբեջանում հրաշալի են հասկանում, որ Ղարաբաղն այլեւս երբեք ետ չեն ստանա, եւ դրան խոչընդոտողներից մեկը հենց Ռուսաստանն է: Ավելին, այստեղ հասկանում են, որ պորտալարը Ռուսաստանից վերջնականապես կտրելու դեպքում կարող են եւ զրկվել Ղարաբաղի շուրջը ձեւավորված բուֆերային գոտու մի մասից: Ուստի, տարուբերման դատապարտված Ադրբեջանը, որքան էլ ձեւեր թափի, իրականում կխուսափի տոտալ պատերազմից: Ադրբեջանը ռուսական սարդոստայնի մեջ է, ինչպեսեւ՝ Հայաստանը: Քիչ հավանական է անգամ նոր լոկալ պատերազմի բռնկումը, եթե Հայաստանում չարվեն աշխարհաքաղաքական ազդեցությունների հնարավոր փոփոխությանն ուղղված քայլեր, իսկ Ադրբեջանում՝ չհաղթեն Վրաստանի պես տարածքային կորուստներով առավել անկախանալու կողմնակիցները:

Այսպիսով, մենք գործ ունենք վաղուց սկսված ու դեռ չավարտված գործընթացի հետ, որտեղ Ռուսաստանը դեռ ասելիք ունի: Սակայն ինչ էլ ասելու կամ անելու լինի, դրա առանցքային խնդիրները լուծելիս հայերն ունենալու են իրենց դերակատարությունը: Այս հանգամանքի շնորհիվ մենք կարող ենք հարաբերականորեն լինել ինքնուրույն: Տարածաշրջանը, որտեղ ապրում ենք մենք, ու մեր աշխարհաքաղաքական միտումները մեզ դարձնում են գործոն, որն առավել զորեղ կլիներ, եթե տնտեսապես հանձնված չլինեինք գերության: 1999 թվին մեր հնարավորությունները դեռեւս ելակետային էին: Ու երբ ասում էիր, որ 21-րդ դարը մերն է լինելու, հաստատ դու չէիր ենթադրում, որ մեր եղած-չեղածը տալու ենք ուրիշին: Մտածելակերպի ու գործողությունների տարբերությունը «Միասնություն» դաշինքի ու հետագա տարիների կառավարման միջեւ այնքան ցցուն է, որ չես կարողանում զերծ մնալ գայթակղությունից ու չմտածել, որ Հայաստանի դեմ իրականացվեց մեծ դավադրություն, որի մեջ Ռուսաստանն ունեցավ իր շահաբաժինը՝ դեպքերն ուղղորդելու կամ դրանց մասին պարզապես լռելու համար:
 Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ