Իսկ ո՞ւր է ամենափրկիչը

Իսկ ո՞ւր է ամենափրկիչը

Մի գաղտնիք բացեմ, մինչև 2020 թվականի ողբերգալի պատերազմը, ամբողջ «Քաղպայմանագրի» թիմը Նիկոլ Փաշինյանին, մեջքի հետևում ու երբեմն էլ իր ներկայությամբ, ամենափրկիչ էր ասում:

Լավատեղյակներն անգամ վստահեցնում էին, որ վարչապետը շատ շոյվում է այդ դիմելաձևից ու որևէ կերպ չէր փորձում կանխել դրա կիրառումը: Հիմա հետ գանք բուն հարցին, իսկ ո՞ւր է այս պահին ամենափրկիչը: Ո՞ւր են մեր կյանքի «անմոռանալի» պահեր դարձած ֆեյսբուքյան լայվերը, ո՞ւր են տարբեր միջոցառումներից հյուրերի ամոթխած ժպիտներով սելֆիներն ու պաչիկները: Իսկ ո՞ւր է շատ կարևոր գործերով ինչ-որ տեղ շտապող, խիստ զբաղված վարչապետը, ով մի քանի րոպեով հենց մեքենայից պատմում էր թե այսօր ինչ է անելու ու ինչպես: Լավ գոնե «Հայկական ժամանակի» կիրակնօրյա անստորագիր նյութերն ո՞ւր են, որտեղ հասկացվում էր ինչով է մտահոգ ազգի ամենափրկիչը:

Միթե՞ նրան չեն հուզում ադրբեջանական մաքսակետերը Սյունիքում, միթե՞ նա չի տեսնում սահմանամերձ գյուղերում մեկ անասունի, մեկ մեքենայի, մեկ-մեկ էլ մարդկանց գերի հայտնվելու փաստերը: Միթե՞ նա չի ուզում պատմել, թե օրինակ ում միջոցով կամ ինչպես է բանակցում գերիների վերադարձի մասին: Միթե՞ նա չի խոսելու ջրի գնի բարձրացումից կամ բանջարեղենի գնի 66 տոկոսի աճի մասին, միթե՞ նա մտահոգ չի ամեն օր մահվան ելքով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային վթարներով: Միթե՞ նա չի արձագանքելու Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությանը: 

Միթե՞ նա չի բացատրելու ինչու են անկախության «գունագեղ» տոնի բեմը թուրքական բեռնատարները տեղափոխում: Միթե՞ նա չի բացատրելու ինչու բժշկական պետպատվերի գումարը 3 ամիս շուտ ավարտվեց: Միթե՞ չի ասելու, ինչո՞ւ Հայփոստին կենսաթոշակների գումարը լիարժեք չէր փոխանցվել: Միթե ի վերջո չի ասելու, ինչպե՞ս ստացվեց, որ երբ թշնամին Սյունիքում է՝ Սյունիքի 4 համայնքապետեր բանտում են: Միթե՞ էլ ցույց չի տալու, թե ինչ գինի է խմում և որտեղ է ննջում կիրակի օրով: 

Չգիտեմ, մի տեսակ որբացած և լքված եմ ինձ զգում, հետ բերեք ամենափրկչին, գոնե հասկանանք ինչ է կատարվում:

Նորայր Մարտիրոսյան