Ավագանու նիստը՝ աչքալուսանքով 

Ավագանու նիստը՝ աչքալուսանքով 

Գյումրու ավագանու հերթական նիստը «աչքալուսանքով» էր: «Աչքներս լույս լինի «Գրեյդեր»-ն արդեն Գյումրիում է»,-ավագանու անդամներին ավետեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Գրեյդեր»-ը ձեռք էր բերվել կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:Քաղաքապետի խոսքերով՝ քաղաքի մաքրությունն ու տեսքն ապահովելու նպատակով բազմաֆունկցիոնալ 4 մեքենա, 6 փոքր եւ մեծ աղբատարներ  նույնպես առաջիկայում կհասնեն Գյումրի:

Գյումրու ավագանու հերթական նիստն առանձնացավ դրամաշնորհների հատկացմամբ: Քաղաքում գտնվող «Թռչունյաց տուն» մանկատունը, որը հովանավորների բացակայության պատճառով հայտնվել է լուծարման եզրին,  օգնության խնդրանքով դիմել է քաղաքապետարանին: «Տնօրենը եկավ, քաղաքապետին խնդրեց, քաղաքապետն իր աշխատավարձն է տրամադրել, խնդրեց որդուն՝ Խաչիկին, հիմնադրամից գումար տրամադրեց, հիմա մեկ մլն դրամ էլ ավագանին պետք է որոշի բյուջեից հատկացնել հաստատությանը՝ ցուրտ ձմեռը դիմակայելու համար, մոտ 80 երեխա է մանկատանը ապրում»,-այսպիսի նախաբանով խնդիրը ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետը:

Դրամաշնորհներից հաջորդն էլ ուղղվեց աշխարհի եւ եվրոպայի  չեմպիոն, գյումրեցի մարզիկներին պարգևատրելուն:Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը նկատեց,որ այդ նպատակով նախապես սահմանվել էր 20 մլն դրամ հատկացնել, մինչդեռ  օրակարգում նշված է 17 մլն դրամ, ստացվում է ՝ գումարը կրճատել են: «Կրճատեցինք, ըստեղից-ընդեղից էդ 17մլն-ը սարքեցինք, տնտեսած գումարից բերեք, լրացնենք… »,-ներկայացրեց քաղաքապետը՝ առաջարկելով բացը լրացնել եկող տարի:

Ավագանու անդամներից մեկն էլ նկատեց, որ այս պահին Իսրայելում պատանեկան առաջնություն է ընթանում, իսկ Գյումրիից ընդգրկված 10 մարզիկից 6-ն արդեն մեդալ են նվաճել, բայց նրանց համար որևէ պարգևատրում դեռևս նախատեսված  չէ: Նշենք, որ ընդհանուր հաշվով  Գյումրին այս տարի աշխարհի եւ եվրոպայի 60 մեդալակիր ունի: