«Հրապարակ». Գլուխները քարին տվեցին` ծաղկեպսակները հեռացրին

«Հրապարակ». Գլուխները քարին տվեցին` ծաղկեպսակները հեռացրին

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

- Պարոն Ասլանյան, ի՞նչ զգացողություններ ունեցաք, որ հարյուրավոր ոստիկաններ Եռաբլուրում քարշ տալով, բիրտ ուժ կիրառելով` հեռացրին 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին, որպեսզի դուք՝ ՔՊ-ականներդ ու վարչապետ Փաշինյանը, մտնեք Եռաբլուր եւ Անկախության օրվա առիթով հարգանքի տուրք մատուցեք զոհերին։

- Այսինքն՝ դա ի՞նչ հարց է, Եռաբլուրը մեր բոլորինս չէ՞։

- Նախեւառաջ նրանցն է, ում զավակները, եղբայրները, ամուսիններն իրենց կյանքն են տվել հայրենիքին։

- Ոչ։ Անկախ նրանից՝ դու այնտեղ զավակ ունես, թե չունես, Եռաբլուրը մեր ժողովրդինն է, դա ինչ-որ մեկինը չէ, որ ասի` դու այստեղ պիտի չմտնես։ Պետական բարձր պաշտոնյային, երկրի ղեկավարին ոչ ոք իրավունք չունի նման բան ասելու։

- Իսկ երկրի ղեկավարն իրավունք ունի՞ նման բարբարոս վերաբերմունքի արժանացնել զոհվածների ծնողներին։

- Դուք երեւի լավ չեք հասկանում։ Ես ասում եմ, որ Եռաբլուրը բոլորինս է, ես էլ գնում էի հորաքրոջս որդու՝ Ավետիսյան Գագիկի շիրիմին ծաղիկներ խոնարհեի, որն անհետ կորել է 92 թվականին։ Եվ ի՞նչ, ո՞վ կարող էր ինձ չթողնել։ Ես էլ այնտեղ հարազատներ ունեմ հուղարկավորված, բայց երբ մտնում եմ Եռաբլուր, անհայտ զինվորի գերեզմանին եմ նախ ծաղիկներ խոնարհում, հետո նոր գնում իմ զինվորների մոտ, որոնց կորցրել եմ արցախյան կռիվների ժամանակ։ Այնպես որ, դա բոլորինս է։ Ովքեր մտածում են, որ կարող են որեւէ մեկին արգելել՝ մտնել Եռաբլուր, դա առնվազն անբարոյականություն է։ Ես մի մոտեցում ունեմ՝ ուժգին ցավը ճղճղան չի լինում, ես խոնարհվում եմ նրանց առջեւ, ովքեր կորուստներ ունեն, բայց, վերջիվերջո, հասկացեք՝ մենք պետականություն ունենք եւ պետք է պատրաստ լինենք․․․ Մի՛ օգտագործեք ձեր երեխաներին, նրանք մեր հայրենիքի զինվորներն էին, նրանք երեխա չէին։ Երբ զինվորը կանգնում է հայրենիքի պաշտպանությանը, նա գիտի, որ ամեն րոպե կարող է կյանքը տալ հայրենիքին։

- Կարո՞ղ ենք ասել, որ դուք ոստիկանների գործողությունները նորմալ ու իրավաչափ եք համարում։

- Չէ, չգնանք դրան, չգնանք դա քննարկելուն, ես ասում եմ, որ հասարակությունը պետք է վերջապես հասկանա եւ չուղղորդվի շահագրգիռ մարդկանց կողմից՝ լարվածություն մտցնելու երկրում։

- Զոհվածների ծնողներն ուղղորդվել են ինչ-որ մարդկա՞նց կողմից։

- Այո, կանանց մեծ մասը, իմ կարծիքով, ուղղորդված էր, մենք տեսել  ենք նաեւ ուղղորդողներին։ Չի կարելի նրանց ձեռքին խաղալիք դառնալ, մենք  այսօր պատերազմի մեջ ենք, անկախ նրանից՝ հրադադար է, թե ոչ, մենք պատերազմի մեջ ենք։ Իսկ պատերազմի մեջ գտնվող երկրում հարկավոր է, որ բոլորը՝ անկախ իրենց կորուստներից, հասկանան, որ մենք պետք է միակամ լինենք։ Մեր ընտանիքն անցել է բոլոր պատերազմներով, երկու զոհ, մեկ անհայտ կորած ունի, բայց մենք ինչո՞ւ չենք ելնում կամ՝ այն ժամանակ էլ չենք ելել, Սերժին, Ռոբերտին ինչ-որ բաներ ասել: Պետք է եղել՝ հայրենիքի համար ենք դուրս եկել։ 

- Ասացիք, որ տեսել եք նաեւ ուղղորդողներին․ ովքե՞ր են ուղղորդել։

- Ես տեսել եմ կադրերով, թե ոնց են կանանց ուղղորդում, նրանց թվում են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից։

- Պատգամավորները փորձում էին ոստիկանների եւ ծնողների միջեւ կենդանի պատի դեր խաղալ։

- Լավ, էլի, մենք ամեն ինչ շատ լավ ենք հասկանում։

- Ի՞նչն է խնդիրը, որ արդեն որերորդ դեպքն է՝ իշխող թիմը կյանքի գնով փորձում է «նվաճել» Եռաբլուրը, մեկ անգամ չէ, որ արգելել են, ինչո՞ւ է ձեզ համար Եռաբլուր մտնելը դարձել կյանքի եւ մահվան հարց։ Եվ, ի վերջո, դուք եք սիրում ասել՝ ժողովրդավար ենք․ թողնեիք՝ մարդիկ ակցիա անեին։

- Երկրի ղեկավարության կողմից որոշվել է, որ Եռաբլուր պիտի գնանք, ուրեմն պիտի գնանք, այդ տղաները մեր երկրի անկախությունը պահելու համար են իրենց կյանքը տվել։

- Անկախության համար կյանքը տված տղաների ծնողներին ողջերը բռնությա՞ն են ենթարկում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն նրանց զավակներին։ Նորմա՞լ է սա։

- Շատ կներեք, երկրի համար կյանքը տվածները 30-ն ե՞ն, թե՞․․․ 6.5 հազար առաջին կռվին ենք տվել, 4 հազար էլ՝ հիմա։ 10 հազար մարդ կա այնտեղ, 10 հազար մարդու մեջ ինչ-որ 30-ը հավաքվում են, ուղղորդված ձեւով գալիս ու փորձում են ցույց տալ, որ իրենց ցավն ամենամե՞ծն է։ Եթե մարդը դրել՝ իր զավակին հայրենիքից ավելին է գնահատում ու չի հասկանում, որ իր զավակը հայրենիքի համար է տվել կյանքը, ուրեմն ես նրա հետ խոսելու բան չունեմ։ 

- Ծնողներն ասում են, որ ձեր՝ իշխանավորներիդ պատճառով են իրենց տղաները զոհվել, դուք իրավունք չունեք գալ, նրանց շիրիմներին մոտենալ։ Սա էլ բողոքի յուրօրինակ ձեւ է։

- Շատ կներեք, այնտեղ միայն իրենց երեխանե՞րն են։ Իրենք ի՞նչ իրավունք ունեն։

- Ծնողները ձեր ետեւից հեռացրին վարչապետի, պաշտոնյաների դրած ծաղկեպսակները։

- Գլուխները քարին տվեցին՝ ծաղկեպսակները հեռացրին, ի՞նչ ուզեցին ասել դրանով։ Նրանք հարցրե՞լ են այն ծնողներին, որոնց զավակներին մատուցվել է այդ հարգանքը, հարցրե՞լ են։ Երբ այդ ծաղկեպսակները կտանեին իրենց տների բակում կդնեին կամ իրենց երեխաների գերեզմանին, թող վերցնեին գցեին, բայց այդ ծաղիկները բոլորի համար են դրվել։