Մտադիր էին նշանադրվել. ԱՄՆ-ում սպանել են հրեա դիվանագետների

Մտադիր էին նշանադրվել. ԱՄՆ-ում սպանել են հրեա դիվանագետների

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Վաշինգտոնում սպանված Իսրայելի դեսպանատան աշխատակիցների անունները։ Նրանք Յարոն Լիսինսկին և Սառա Միլգրիմն են, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Դիվանագիտական ​​աղբյուրները նշում են, որ Սառա Միլգրիմը ԱՄՆ քաղաքացի էր և Իսրայելի դեսպանատան աշխատակից, Յարոն Լիսինսկին՝ Իսրայելի դեսպանատան աշխատակից։ 

Հիշեցնենք, նախօրեին կրակոց արձակելու միջոցով սպանել է իսրայելցի դիվանագետներին, երբ նրանք դուրս էին գալիս Հրեական թանգարանից՝ Ամերիկյան հրեական կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառումից հետո։ Ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչական հարձակման մեջ կասկածվող անձին։ Պարզվել է, որ նա պաղեստինամետ ակտիվիստ 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է՝ Չիկագոյից։ Ձերբակալության պահին նա բացականչել է՝ «Ազատություն Պաղեստինին»։

Ականատեսներից մեկը CNN-ին պատմել է, որ կրակողը ձևացրել է, թե միջադեպի ականատես և ավելի քան 10 րոպե սպասել է ոստիկանության դեպքի վայր ժամանելուն։ Ձերբակալությունից հետո կասկածյալն ասել է, որ «դա արել է Գազայի համար»։

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը հայտնել է, որ սպանված տղամարդն ու կինը «երիտասարդ զույգ էին, որոնք պատրաստվում էին նշանադրվել»։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը կրակոցները որակել է «հակասեմական ահաբեկչության զզվելի ակտ»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «սարսափած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սարսափելի հակասեմական սպանությունից», հայտարարել է վարչապետի գրասենյակը։ 

Իսրայելի վարչապետը հրամայել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները Իսրայելի դիվանագիտական ​​առաքելություններում, այդ թվում՝ ամբողջ աշխարհում նրանց ներկայացուցիչների մոտ, Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։