Համավարակի դեմ պայքարի «ողջ հմայքը»․․․

Համավարակի դեմ պայքարի «ողջ հմայքը»․․․

Երբ ամբողջ աշխարհը խառնված է համավարակի դեմ պատերազմով և ղեկավարները պատերազմի առաջնային  մի ճակատ ունեն՝ կորոնավիրուս, Հայաստանի իշխանությունը վերջին պլան է մղել այդ ճակատը և կորոնավիրուսը, արտակարգ դրությունն օգտագործելով որպես պաշտպանական զրահ, սեփական քաղաքական խնդիրներն է լուծում։ Վարակի սաստկացման պիկ ֆոնին, փոխանակ մտածեն, թե որտեղից հայթայթեն թթվածնային սարքեր, որ ապարատների տակ պառկած ծայրահեղ ծանր հիվանդները «հերթով չշնչեն», փոխանակ առաջնային ճակատի հարցերով զբաղվեն, հիմա էլ  «հարձակման են անցել Սյունիքում»։ Թե ում հետևից են գնում, ինչու են գնում, դրանք մանր հարցեր են այն իրավիճակի հանդեպ, որում հայտնվել է ժողովուրդը՝ կապված համավարակի դեմ։ Իշխանությունը խոսում է մի ամսից 500 հազարավոր վարակակիրների, հազարավոր մահերի մասին, մարդկանց արտակարգ իրավիճակի շղթաներով «փակում տներում», իսկ ինքը մութ գիշերը անպաշտպան հոտի վրա հարձակվելու քաղաքականություն վարում։ Բնական է, նման գործողություններին ժողովուրդը դուրս է գալու փողոց։ Իշխանությունը չի՞ զգում իր պատասխանատվությունը, որ մարդկանց վրա բռնություն գործադրելով, նրանց հանում է փողոց, թե՞ նրան թվում է, որ արտակարգ իրավիճակի զենքով բոլորին կալանավորելու է։ Հարցի քաղաքական մասը չեմ շոշափում, որը կարելի է անել համավարակը հաղթահարելուց կամ արտակարգ դրությունը հանելուց  հետո, բոլորովին այլ հարց եմ բարձրացնում՝ ո՞վ է պատասխանատու վարակի պիկ շրջանում բռնություն գործադրելու և մարդկանց փողոց հանելու համար։ Ո՞վ է պատասխանատու արտակարգ իրավիճակում քաղաքական խնդիրներ լուծելու համար, ո՞վ է պատասխանատու, որ վարակը այդքան արագ տարածվում է և վերջապես ո՞վ է պատասխանատու մեր երկրի քաղաքացիների կյանքի, երկրի  անվտանգության համար։ Ո՞վ է պատասխանատու այս մարդկանց կյանքի համար․․․ Իրե՞նք․․․

Եթե իրե՛նք, ուրեմն իմացեք՝ իրենք նման անպատասխանատու իշխանության ժամանակ թքած ունեն իրենց կյանքի վրա։

Մի փոքր լրջությունը չի խանգարի այս իշխանությանը։ Եթե արտակարգ դրություն է՝ համավարակի պատճառով, ուրեմն զբաղվեք այդ գործով, միմիայն այդ գործով, նրա հետևանքներով։ Ձեր առաջնային խնդիրը քաղաքացիներին հետապնդելը չէ, այլ երկրներում բանտերից մարդկանց են ազատում․․․