Բիզնեսներ սնանկացրածը՝ էկոնոմիկայի նախարար․ վրացական մամուլը զարմացած է

Բիզնեսներ սնանկացրածը՝ էկոնոմիկայի նախարար․ վրացական մամուլը զարմացած է

Նիկոլ Փաշինյանը երեկ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացրեց նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին։ Վերջինս հանրությանը հայտնի է որպես Menu.am-ի հիմնադիր, իսկ գործարար աշխարհին՝ որպես «Սթար» սուպերմարկետների ցանցը սնանկացրած գործարար։ Նրա նշանակումը վատ է ընդունվել նախարարությունում, մարդիկ զարմացած են՝ ինչպե՞ս կարող է Վահան Քերոբյանը դառնալ նախարար, թեպետ, եթե Լենա Նազարյանը կարող է լինել ԱԺ փոխնախագահ, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանն ու մյուսները՝ նախարարներ, էլ չենք ասում՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ, ապա Վահան Քերոբյանն ումի՞ց է պակաս։

Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարությունը, որի մեջ է մտնում նաև գյուղատնտեսության ոլորտի կուրացիան, սպեցիֆիկ ու բարդ ոլորտ է, և ամեն մի պատահական մարդ չի կարող ղեկավարել այն։ Դրա համար նախարարության աշխատակիցների համար աբսուրդ է այս նշանակումը, հատկապես, որ Քերոբյանը հեռու է գյուղատնտեսությունից, որից հազիվ էր սկսել գլուխ հանել Տիգրան Խաչատրյանը։

Այստեղ կա նաև հարցի բարոյական կողմը, թե ինչպես են մարդիկ համաձայնում այս երերացող օրերին, այս վարչապետի առկայության պայմաններում ստանձնել նախարարի պաշտոն մի կառավարությունում, որի հրաժարականն են պահանջում եւ որը պետք է պատասխան տա կատարվածի համար։ Բայց մարդու բարոյականությունը տարբեր սանդղակներով է չափվում։ Մարդիկ կան, որոնց համար թեկուզ մեկ ժամ նախարարի պաշտոնը զբաղեցնելը մուրազ է, ուստի պատրաստ են անգամ պարտված կառավարությունում աշխատել։ Վահան Քերոբյանը երեկ այնքան անհամբեր է եղել, որ րոպե առաջ մուտք գործի նախարարական իր կաբինետ՝ չի սպասել անգամ վարչապետի ներկայացմանը։

Ասացին՝ նա առավոտյան ժամը 8 անց կես, դեռ աշխատանքը չսկսված, մուտք է գործել նախարարության շենք, ասել է՝ «ես ձեր նոր նախարարն եմ» ու բարձրացել է իր կաբինետ, որը, սակայն, փակ է եղել։ Նախարարությունում այդ ժամին ոչ ոք նրան սպասելիս չի եղել։ Ցերեկը ժամը 4-ին նոր Նիկոլ Փաշինյանը եկել և նրան ներկայացրել է աշխատակազմին։

Իսկ ինչո՞ւ այս պատասխանատու պաշտոնին նշանակվեց հենց Վահան Քերոբյանը։ Ասացին՝ նրա նշանակման հարցում միջնորդել է ընկերը՝ ԵԱՏՄ նախարար Արտակ Քամալյանը, իսկ «դաբրոն» տվել է գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Միքայել Մինասյանի երբեմնի ընկեր, այժմ՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մերձավոր օլիգարխ և ֆինանսավորող Արման Սահակյանը՝ «Սովրանոյի» Արմանը։ 

Քերոբյանն ու Արմանը ջավախքցիներ են, հին մտերիմներ, ավելին՝ Menu.am-ը միասին են հիմնադրել, թեպետ՝ Արմանի անունը, ինչպես շատ այլ բիզնեսներում, այդ թվում՝ սիգարետի, չի երևում։ Դրանից առաջ Քերոբյանը եղել է «Սթար» սուպերմարկետների ցանցի տնօրենը, ու, այստեղ էլ նշանակվել է Արմանի միջնորդությամբ։

Հիշեցնենք, հենց նրա թեթև ձեռքով է սնանկացել «Սթարը» և բազմաթիվ պարտքեր կուտակել մատակարարներին։ Բայց դա լրիվ այլ պատմություն է, որին կարելի է առանձին անդրադառնալ՝ այդ գործընթացի ժամանակ անակնկալ անհետացած փաստաթղթերով և այլն։ Ի դեպ, մեզ ասացին նաև, որ Վահան Քերոբյանը Menu.am-ում իր առաքիչների անունով առանձին ԱՁ-ներ է բացել, որ ԱԱՀ դաշտ չմտնի, հարկ քիչ մուծի։ Եվ դա ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել։ Հիմա ասում են, Menu.am-ն էլ է բազմաթիվ պարտքեր կուտակել։

Վահան Քերոբյանի նշանակումը տարակուսանք ու դժգոհություն է առաջացրել ոչ միայն հայկական մամուլում և գործարար միջավայրում, այլև Վրաստանում, որտեղ նա Menu.ge  բիզնես պրոյեկտն էր իրականացնում։

Տելեգրամի վրացական Tbilisi_life ալիքը երեկ անդրադարձել էր Քերոբյանի նշանակմանը՝ հիշեցնելով, որ նա ծնունդով Վրաստանից է և բիզնես ունի Վրաստանում՝ Menu.ge-ն։ Ապա հարց է տալիս տելեգրամյան ալիքը․ «Ինչպե՞ս կարող է դա լինել, կարծես թե Menu.am-ի և Menu.ge-ի ստեղծողները նույնն են, բայց այսպիսի մի պատմություն եղավ, երբ Menu.ge-ն դուրս մղեցին շուկայից՝ նույնիսկ չվճարելով աշխատակիցներին և գործընկերներին։ Իսկ հիմա այս ցանցի հիմնադիրը Հայաստանի էկոնոմիկայի նախարա՞ր է դարձել»,-տարակուսում է տելեգրամյան ալիքը։ Ասել է թե՝ վրացիները ևս ակնարկում են, որ Քերոբյանն իրենց մոտ էլ է բիզնես անհաջողություններ ունեցել և գործարարներին «քցել»՝ չվճարելով նրանց գումարները, ինչպես եք նրան նախարար նշանակել Հայաստանում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, երեկ աշխատակազմին ներկայացնելով Քերոբյանին, ասել է․ «Պարոն Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ։ Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք և տեսնենք, թե նա որքանով է աշխատում»։

Այո, մենք չէինք կասկածում, որ կառավարությունը անփորձների ու արկածախնդիրների համար փորձադաշտի է վերածվել։