Նիկոլի հետ միաբանվելը կնշանակի պարտվել երկրորդ անգամ

Նիկոլի հետ միաբանվելը կնշանակի պարտվել երկրորդ անգամ

Հազվադեպ եմ անդրադարձել ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթներին: Համարել եմ, որ արդեն չորրորդ տարին է, ինչ մեր երկրում առկա է լրջագույն մեկ խնդիր, և այն կրում է նիկոլիզմ անվանումը (նիկոլիզմ ասելով, բնականաբար, նկատի ունեմ նաև նրա ուսապարկերին):

Ինչը նշանակում է, որ մնացած բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները դեռ պետք է սպասեն, որ հասնի իրենց հերթը: Ինչպես սովորաբար ստացվում է կյանքում, երբեմն բացառություններ են լինում, որ խախտում են այդ կանոնը: Բայց այդ  բացառությունն ինքնին պետք է նշանակալից լինի, որպեսզի ընկալվի հենց որպես բացառություն: Մի քիչ տավտոլոգիա (կրկնաբանություն) ստացվեց, սակայն ընթերցողը կների ինձ, քանի որ ասվածի իմաստն այդպես ավելի ընկալելի է: 

Ինչևէ, վերադառնանք անցած արտահերթ խորհրդարանական ընտրության քարոզարշավին ներքին խաղաղություն և միաբանություն քարոզող ԼՀԿ ղեկավարին: Անդրադառնալով Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության 30-ամյակը նշելու շուրջ ծավալված քննարկմանը՝ պրն. Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Անկախության 30-ամյակը պետք է մեզ բոլորիս միավորեր այդ գաղափարի բովանդակության շուրջ»: Փաստորեն հունիսի 20-ի ընտրության գործընթացում իր տապալումը նրան ցույց չտվեց, որ մեր երկրում Նիկոլի հետ միաբանվելու քարոզը վնասակար է՝ ինչ հարցով էլ այն լինի: Լինի դա անկախության 30-ամյակի, թե, ասենք, կենդանիների իրավունքների պաշտպանության հարցում:

Եվ այդ դեպքում բոլոր գրագետ անձանց չպետք է որ ընդհանրապես հետաքրքրի՝ մարդիկ Նիկոլին կանվանեն «դավաճան և թուրք», քանի որ նա նշում է 30-ամյակը, թե կրկին կանվանեն դավաճան և թուրք, քանի որ նա չի նշում 30-ամյակը (նախադասության վերջին մասը ներկայացնում է պրն. Մարուքյանի ֆեյսբուքյան գրառման մեկ այլ հատվածի միտքը):  Բացարձակ կարևոր չէ, թե ինչու մարդիկ կանվանեն նրան «դավաճան և թուրք» 2021 թվականի սեպտեմբերի 21-ին: Որովհետև այդ բնութագրումներն արդեն տրվել են Նիկոլին նախորդ տարվա պատերազմում մեր խայտառակ պարտությունից հետո:  

Նիկոլի հետ միաբանվել չի ստացվի թեկուզ պատերազմի (Աստված հեռու տանի) դեպքում, քանի որ մեկ պատերազմ նրա «գերագույն գլխավոր» հրամանատարությամբ մենք արդեն պարտվել ենք: Հասարակ (կամ եթե կուզեք՝ առաջնային) ինքնապաշտպանական բնազդը պետք է որ մեզ հուշի՝ Նիկոլի հետ չի կարելի միաբանվել, եթե չենք ցանկանում պարտվել երկրորդ անգամ: Որովհետև երկրորդ անգամ պարտվելու դեպքում մենք կկորցնենք մեր հայրենիքի մեծ մասը՝ եթե ոչ ամբողջը: 

Այնպես որ, Անկախության 30-ամյակը նշելու շուրջ ծավալված քննարկումն իրականում խոսում է ոչ թե «դեգրադացված հանրային քննարկումների մասին, անօրակարգ հանրություն լինելու մասին», այլ հենց ընդհակառակը՝ այն մասին, որ հանրության օրակարգը պետք է լինի Նիկոլին մերժելը՝ ինչ հարցով էլ այն լինի: Նիկոլին պետք է մերժենք, որպեսզի վաղը թշնամուն չզիջենք սյունիքյան միջանցքն ու հետն էլ ողջ Սյունիքը: Որպեսզի դրանից հետո հերթը չհասնի Իրեվանին ու Գյոկչա լճին, ու մնացած բոլոր այն տարածքներին, որոնք Ադրբեջանի նույնիսկ հանրային տրանսպորտում ներկայացվում են նախկին՝ թուրքական անուններով: Ադրբեջանցիների համար էլ ասեմ, որ դրանք թուրքական անուններ են կրել զուտ այն պատճառով, որ մենք շուրջ հազար տարի եղել ենք թուրքական տիրապետության ներքո: Եվ Նիկոլ մերժելն ու նրա հետ չմիաբանվելը կլինի այն բանի գրավականը, որ հայկական տեղանուններն այլևս երբեք չեն կրի թուրքական անուններ: