Ձիով քայլն արեց

Ձիով քայլն արեց

Քաղաքական գործչի պարտադիր որակներից մեկը ճկունությունն է, տհաճ հարցերին պատասխանելու, տհաճ իրավիճակներից շահած դուրս գալու ունակությունը եւ սեփական սխալը ճշմարտության տեղ անցկացնելու կարողությունը: Այս առումով Նիկոլ Փաշինյանը չեմպիոն է: Նա ոչ միայն երբեք «մեջքի վրա չի ընկնում», այլեւ ամենածանր սխալներից հետո էլ կարողանում է մարդկանց համոզել, որ մեղավորն ինքը չէ` ուրիշներն են: Սպասելի էր, որ վերջին շրջանի ելույթներից ու քայլերից հետո, երբ իշխանությունների դեմ դժգոհությունն ակնհայտորեն աճում է, եւ Արցախի հարցում վարած քաղաքականությունը սկսում են ավելի ու ավելի շատ մարդիկ մերժել, նա իրավիճակը փորձելու է շուռ տալ իր օգտին: Այսպես ասած` «ձիով քայլ» անել, ընդդիմությանը զրկելով հաղթաթղթերից եւ դրանով իսկ ժամանակ շահել: Անգամ գուշակում էինք, թե ինչպես է դա տեղի ունենալու, եւ գտել էինք բանաձեւը, որ նախ իշխանական թիմը լծվելու է նախորդ ասածները հերքելու, դրանցից հրաժարվելու գործին: Սկզբում ասելու են, թե սխալ ենք հասկացել Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած հայտարարությունները, ապա հայտարարելու են, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջեւ ոչ մի հակասություն ու տարընթերցում չկա:

Եվ վերջում Փաշինյանը կրկնելու է իր հայտնի լոզունգները` «Արցախը Հայաստան է եւ վերջ», «Առանց Արցախի ժողովրդի ոչ մի փաստաթուղթ չի կնքվելու», եւ «Արցախի հետ կապված ցանկացած առաջարկ դրվելու է հանրային քննարկման»:

Երեկ մեր կանխատեսումներն իրականություն դարձան` նա հայտարարեց. «Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես», «բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որն ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ»: