Հեղինակազրկեցին գեներալներին ու փորձառու սպաներին, փոխարենը ի՞նչ բերեցին՝ ոչինչ

Հեղինակազրկեցին գեներալներին ու փորձառու սպաներին, փոխարենը ի՞նչ բերեցին՝ ոչինչ

Բանակի վերնախավում վերջին փոփոխությունների վերաբերյալ զրուցեցինք ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ՝ նրան հարցնելով, թե ինչ արդյունք կարող են ապահովել այս փոփոխությունները եւ ինչին են միտված։ Հիշեցնենք, որ պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանության պետը, Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, նրա փոխարեն նշանակվեց Ջալալ Հարությունյանը։

«Բանակում ընդհանրապես մշտապես լինում են կադրային փոփոխություններ, որովհետեւ բանակում սպաները շատ արագ զարգանում են, կրթվում են, եւ տեղի է ունենում սերնդափոխություն, բայց այդ հապշտապ, առանց գիտական հիմնավորման, առանց ծառայողական փորձը հաշվի առնելու նման բարձրաստիճան պաշտոններում փոփոխություններն ազդում են բանակի մարտունակության եւ բոլոր գործընթացների վրա։ Մեկ տարի չկար, ինչ ՊԲ նոր հրամանատար էր նշանակվել, որը փորձատու սպա էր, նակինում կորպուսի հրամանատար էր եղել, Արցախյան ազատամարտի մասնակից սպա էր, եւ, ահա, մեկ տարին չլրացած՝ տարբեր պատրվակներով փոխում են բանակի հրամանատարին։ Փոխվեց Հայաստանի ամբողջ ԶՈՒ կազմը, փոխվեց ՊՆ ամբողջ համակարգը։ Երբ այդ փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, դրանք ցայտնոտի եւ ցնցումների մեջ են դնում բանակը։ Այսօր մասսայաբար փոխվում են բոլոր գնդի հրամանատարները, գումարտակների հրամանատարները։ Բանակը բնականոն զարգացում չի ապրում, ինչը հարվածում է բանակի մարտունակությանը։ Հարգելով Ջալալին եւ մյուս բոլոր սպաներին՝ ես գտնում եմ, որ գոյություն ունի աստիճանակարգություն, եւ աստիճանակարգության փոփոխության ժամկետներ ու փորձառության եւ արժանավոր լինելու հանգամանքներ, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից խախտվեցին։ Նիկոլ Փաշինյանն էլիտար զորամասերի անվան տակ․․․ էլիտար զինվոր այսօր ՀՀ-ում իր որդին է, որը մասնավոր վարձով տանն է ապրում եւ «ջիպով»  ու թիկնապահներով է ման գալիս»։

- Այսինքն՝ ծառայության չի՞ գնում։

- Ծառայության գնում է, թե ոչ, իմ խնդիրը չէ, սակայն բոլորը գիտեն, որ Ստեփանակերտի 9-րդ դպրոցի մոտ է ապրում իր տղան, այլ ոչ թե զորանոցում է քնում։ Սա բանակին հարվածում է։ Կամ՝ ի՞նչ է նշանակում բանակին մեղադրել քրեական ենթամշակույթ կրելու մեջ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել, նա չգիտի, որ քրեական ենթամշակույթը չի կարող լինել բանակում, բանակում կան միջանձնային հարաբերությունների եւ կանոնադրական հարաբերությունների խախտումներ, որոնք տանում են անցանկալի հետեւանքների։ Ասենք՝ 10 աստիճան ներքեւ կատարվել է մի բան, դրա համար բարձրաստիճան պաշտոնյային հեռացնելը շատ սխալ է եւ չի բխում բանակի շահերից։ Երեկ ես զրույց եմ ունեցել մեր փորձառու սպաներից մեկի հետ, որը 18 տարի ծառայում է հայոց բանակում, վերջերս կանչել են եւ ասել, որ ինքն այլեւս բնակարանի հերթում չի լինելու, պետք է իր համար հիփոթեքով տուն վերցնի, բայց սպան չի պլանավորել 2 տարի հետո մնալ բանակում, իր 20 տարին ծառայելուց հետո նա պլանավորում է գնալ թոշակի։ Բայց այս սոցիալական հարցերն էլ թողնենք մի կողմ։ Վերջերս ես մի հոդված կարդացի, որ լրատվամիջոցներից մեկին մեղադրում են դավաճանության մեջ, բանակում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ընդհանրապես չեն բխում մեր պաշտպանության խնդրից, ես ուզում եմ հարց տալ՝ ճի՞շտ է, որ բանակի վառելիքաքսուկային նյութերի (ՎՔՆ) տենդերը շահել է ղազախական մի ընկերություն եւ իրականում այդ ընկերությունը հաղթել է, իսկ ՎՔՆ ծառայությունը մեր ողջ գաղտնիության բազան ունի, որովհետեւ ՎՔՆ ծառայությամբ են անցնում մեր բոլոր տեխնիկական միջոցների ապահովումներն ու բավարարումները։ ՎՔՆ-ի գծով ցանկացած ռազմական մասնագետ գիտի, որ եթե այսքան դիզվառելիք է դուրս գրվել տանկերի համար, ուրեմն այսքան թվով տանկեր կան զորամասերում։ Այդ ողջ ինֆորմացիան մենք տալիս ենք Հայաստանի համար ոչ բարեկամական եւ Ադրբեջանի համար բացարձակ բարեկամական տրամադրված Ղազախստանին։ Սա՛ էլ՝ մի կողմ։ Ես այսօր լսում եմ, որ մասսայական կրճատումներ են գնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2019 թվականին ռազմական համալսարանից կրճատվել է 130 մարդ, 2020 թվականին արդեն 50 մարդու կրճատման հրահանգ է իջել։ Արդյոք սա ճի՞շտ է, արդյոք միտումնավոր չե՞ն քանդում մեր ռազմական կրթական համալիրն ամբողջությամբ։ Ես եղել եմ ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, մեր օրոք կային հազարավոր կուրսանտներ, այսօր տասնյակ կուրսանտներ են մնացել։ Եթե մենք այսօր ցանկանում ենք պայքարել ոչ ցանկալի դեպքերի դեմ, ուրեմն մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ սպաներ։ Եթե մարդը քաղաքացիական բուհ է ավարտում եւ մեկ տարի կուրսեր անցնելուց հետո սպա է դառնում, ապա դա այն սպան չէ, որը 4 տարի սովորում է ռազմական մասնագիտություն եւ դառնում է սպա։

- Բայց չէ՞ որ սննդի որակն ու քանակն են բարձրացվել, այս մասին վարչապետն է հայտարարում։ Սա բարեփոխում չէ՞։

- 2019 թվականին մեր բանակը 17-ի համեմատությամբ շատ ավելի փոքրաթիվ է եղել ծառայողների հաշվարկով, սակայն սննդի համար տրված միջոցները 2 անգամ ավելի են եղել՝ այն դեպքում, երբ ո՛չ պաշտոնապես, ո՛չ կառավարության որոշմամբ, ո՛չ ԱԺ որոշմամբ բավարարման ոչ մի նորմ չի ավելացել։ Սնունդը չի ավելացել՝ դրամական միջոցն ավելացել է, բայց եթե հացը, օրինակ, տրվում էր 750 գրամ, հիմա էլ է 750 գրամ տրվում, կարագի քաշը չի ավելացել, ձուն չի ավելացել, բայց 2 անգամ ավել միջոց է տրամադրվում։

- Հիմա էլ կոմպոտ, խորոված միս, լոլիկ ու վարունգ են տալիս։

- Իսկ ո՞վ ասաց, որ բանակում խորոված միսը թույլատրելի է։ Խորոված միսը ծառայողի համար ամենավտանգավոր միսն է, պետք է խաշած միս լինի, իսկ խաշած մսի նորման չի ավելացել։ Ո՞վ ասաց, որ լոլիկն օգտակար է, ի՞նչ կալորիականություն ունի վարունգը, 99 կգ վարունգն ունի կես ձվի կալորիականություն։ Այդ շոուն չպետք է բանակում լինի, բանակը միշտ էլ լավ սնվել է, բանակում ոչ մի զինվոր սոված չի մնացել եւ կալորիապես ավելի հզոր է եղել։ Մենք սովետական բանակում շատ լավ սնվում էինք, բայց ճաշարանից հետո վազում էինք մի քաղցր բան ուտելու, մի լիմոնադ խմելու, դա պահանջ է փափուկ սննդի նկատմամբ։ Ես ուզում եմ հարց տալ՝ պատերազմի դեպքում ո՞վ է սնունդն ապահովելու, երբ ամբողջ սննդի ապահովման համակարգը դարձել է քաղաքացիական։ Պատերազմի դեպքում այդ քաղաքացիական անձը տանն է լինելու եւ չի զորակոչվելու, որովհետեւ 40 տարեկան կին է։ Արդյոք ճի՞շտ է, որ ավերվել է թիկունքային բավարարման համակարգը։ Կարծես թե միտումնավոր թուլացվում է ամբողջ բանակը։ Թուլացվեց «Երկրապահը», այսօր «Երկրապահի» 60 տոկոսը հրաժարվել է անդամությունից կամ պարփակվել, ու ստեղծել են ջոկատային համակարգ, այսինքն՝ միասնական, կուռ «Երկրապահն» այսօր ցրվել է։ «Երկրապահի» շենքի մոտով անցիր, օրերով մարդ չի մտնում այդ շենք, որովհետեւ համակարգ չկա։ Տարբեր պիտակներով հեղինակազրկեցին գեներալներին ու փորձառու սպաներին, հեղինակազրկեցին բարձրաստիճան սպաներին, փոխարենը ի՞նչ բերեցին՝ ոչինչ։