Հերոստրատն ո՞վ է

Հերոստրատն ո՞վ է

Հայ մտավորական- լրագրողն ահազանգ է հնչեցնում, թե իշխանության օրակարգն այսօր, մինչ Ղարաբաղյան խնդիր՝ մեկն է՝ «հանուն «ժամանակակից» լինելու, աշխարհից հետ չմնալու՝ ոչնչացնել, մոխրացնել ազգը պահպանող արժեքները, որից հետո Ղարաբաղն «ի պատկերի յուրում» կերտելու գործն ուղղակի տեխնիկական հարցի կվերածվի»- ապա ստուգապես արձանագրում. «Այլ պատճառ եկեղեցին հալածելու, ծնկի բերելու, գրականության, պատմության առարկաների վրա դամոկլյան սուր կախելու, նիկոլա-արայիկյան թրենդը չունի: Ինչը զարմացնում է իր խոր, հակահայ ցինիզմի դրսեւորումներով, եւ զուր են կարծում շատերը, թե հնարավոր է ժողովրդական, ուսանողա-դասախոսական զայրույթի զոհասեղանին, որպես զոհ, Նիկոլ Փ-ն կմատուցանի Արայիկ Հարությունյանի՝ բանակում չծառայած, Թումանյանից կես տող չիմացող, սեռափոխ ֆիլմի փող տվող եկեղեցականին դպրոցում տեսնելիս նկատողություն անող պարարտ մարմին»,- եւ ամփոփում, որ հիմա խոսքը հայոց սեգմենտինն է, եթե նա «թույլ տվեց այս ամենը կյանքի կոչել, ինչպես թույլ տվեց, որ Փաշինյան Ն-ն շանտաժով հեղաշրջում կատարի, օխլոսի միջոցով տիրանա «տաճարին»՝ պետք չէ մեղադրել ոչ իշանության եկած հերոստրատների կուսակցությանը, ոչ բուն, հարակից եւ դրսի հերոստրատներին, ուրեմն Հերոստրատը մենք ենք»: 

Ինձ թույլ եմ տալիս եւս մի մեջբերում անել. «Ներկայումս մեզանում իշխող ազգայնության ժխտումով է միայն, որ մենք կարող ենք առաջ գնալ կուլտուրական ասպարեզում: Եվրոպային մենք ընդունում ենք բաց աչքերով եւ բաց սրտով, մենք ժխտում ենք այն ազգայնությունը, որ լավագույն դեպքում (թեպետ դա էլ անկարելի է) կարող է մեզ Պարսկաստանի նման մի հայրենիք ստեղծել: Մենք չենք կամենում այդպիսի հայրենիք: Միայն կուլտուրական ազգը կարող է մտածել ազգային կուլտուրա ունենալու մասին, միայն իսկական մտավորականությունը կարող է ստեղծել կուլտուրա: Միայն այն մտավորականությունը, որ կանգնած կլինի եվրոպական կուլտուրային հավասար, երբ նա գիտակ կլինի, երբ նա եվրոպացի կլինի…»

Ո՞վ է հեղինակը: Եթե գնահատելու լինենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող «ազգային արժեքների պահապանների» հայացքով՝ նման մտքեր կարող է արտահայտել միայն «սորոսականը»  կամ «ԼԳԲՏ համայնքի անդամը»: Նա, ում համար «ազգային արժեքները» երկրորդական-երրոդական են: Մեջբերումը, մինչդեռ, Վահան Տերյանից է, նրա «Հայ գրականության գալիք օրը»  դասախոսությունից, որ կարդացել է Թիֆլիսում՝ 1914թ. գարնանը՝ համաշխարհային պատերազմից մի քանի ամիս առաջ ընդամենը:

«Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առաջ եւ մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք: Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ – այնտեղ առաջ Մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն` միայն հագուստն է, իսկ մարդը չկա»- , նույն տեղում ասում էր Տերյանը, ապա ընկերներից մեկին գրած նամակում ցավով նշում՝ «լեկցիայիս քիչ մարդ էր եկել»:

Այնուհետեւ՝ «դաշնակ- հորիզոնիստները (ՀՅԴ «Հորիզոն»թերթի ուղղության հետեւորդները՝ Վ. Ա.) կատաղած էին»: Տերյանի ժամանակներից հարյուր եւ ավելի տարի է անցել: Եւ մեր իրականության մեջ, երեւում է, ոչինչ գրեթե չի փոխվել: Եւ ո՞վ է Հերոստրատը: Նա՞, ով ձգտում է հաղթահարել ազգային «գետտոյի» (հայ հանրային կյանքին Տերյանի տված բնորոշումն է) կաղապարները, լիարժեքորեն հարաբերվել ժամանակակից աշխարհի հետ, թե նա՞, ով համառորեն մեզ պարփակում է «ծխական համայնքի» եւ «սեմինարիզմի (դարձյալ Տերյանի բնորոշումներն են) փակ շրջանի մեջ՝ երեք միլիոն մարդուս դարձնելով, թող թույլ տրվի ասել՝ մի տեսակ փորձնական «ճագար»: Կստացվի՞՝ լավ, չի՞ ստացվի՝ եւս  մեկ-մեկուկես միլիոնը զոհ կտա եւ կծնի ողբասացների մի նոր սերունդ՝ գրելու նոր «Հայոց դանթեական» կամ «Անլռելի զանգակատուն» կամ «Եռաձայն պատարագ» կամ «Քարավանները դեռ քայլում են»: Որ ի՞նչ, ո՞վ է, իրոք, մեր իրականության Հերոստրատը: