«Հրապարակ». Ինչո՞ւ չպետք է հանրահավաքի մասին հայտարարությունը հնչեցնենք խորհրդարանի ամբիոնից

«Հրապարակ». Ինչո՞ւ չպետք է հանրահավաքի մասին հայտարարությունը հնչեցնենք խորհրդարանի ամբիոնից

Իշխան Սաղաթելյանը վերջերս հայտարարել էր, որ մշակում են «Չեղարկման հռչակագիր»։ Ի՞նչ է դա նշանակում։ Այժմ մշակում են այդ «Չեղարկման հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, որի վերջնական մշակումից հետո առաջարկելու են, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն այդ փաստաթղթի տակ, որպեսզի «ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ալիեւը, Էրդողանը եւ բոլորը հասկանան՝ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է եւ որեւէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»։ Այսպիսի հայտարարություն էր արել Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ խոսքը ոչ թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, այլ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների:

Երեկ փորձեցինք Իշխան Սաղաթելյանից այդ «չեղարկման» հռչակագրի մշակման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալ, սակայն նա անպատասխան թողեց մեր զանգերը, կուսակցության մի շարք պատգամավորներ՝ եւս: Քրիստինե Վարդանյանն էլ ասաց, թե միայն Իշխան Սաղաթելյանը կարող է այդ հռչակագրի մասին տեղեկություններ հայտնել: Մինչդեռ լուրեր են շրջանառվում, թե ընդդիմությունն այդ հռչակագրի դրույթները քննարկելու հետ կապված՝ որոշել է պարբերաբար խորհրդարանի արտահերթ նիստեր հրավիրել, իշխանություններին հայտարարություններ պարտադրել։ Կարող ենք եզրակացնել նաեւ, որ այդ պատրվակով ուզում են պարբերաբար հաճախել խորհրդարան:

Մենք զրուցել ենք ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանի հետ։

- Ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի չեն, ինչ վերաբերում է խորհրդարանում մեր աշխատանքներին, կարծում եմ՝ շատ հստակ պատասխանել ենք այդ մասին, որ խորհրդարան կգնանք միայն մեր օրակարգով, իսկ մեր օրակարգը միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

- Ձեր ասածից կարո՞ղ ենք եզրահանգել, որ միայն վարչապետին անվստահություն ներկայացնելու նախաձեռնության դեպքում եք ներկայանալու խորհրդարան, որովհետեւ դժվար թե որեւէ այլ քննարկում ազդի Փաշինյանի վրա, եւ նա հրաժարական գրի:

- Ոչ, իմ ասածը նշանակում է, որ ներկայանալու ենք այն բոլոր օրակարգերով, որոնք նպաստելու են մեր գլխավոր օրակարգին, սրա մասին մենք հայտարարել ենք բազմիցս:

- Լավ, եկեք հստակեցնենք․ օրինակ, ի՞նչ օրակարգ կարող է նպաստել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ասենք՝ ի՞նչ հարց, նախագիծ կարող եք հիշատակել, որ խորհրդարանում դրա քննարկումը կարող է նպաստել հրաժարականին:

- Խորհրդարան վերադառնալու հարցի վերաբերյալ հայտարարությունը եղել է՝ եթե մենք որեւէ ձեւով լինենք խորհրդարանում, ապա դա լինելու է այն օրակարգով, որը ձեւակերպվել է հրապարակում, դա իշխանափոխության օրակարգն է, որի համար մենք փաստացի մանդատ ենք ստացել: 

- Շատ լավ, հիմա ես հարցնում եմ՝ ի՞նչ նախագծերի քննարկումը կարող է նպաստել իշխանափոխության ձեր օրակարգի իրագործմանը:

- Իշխանափոխության օրակարգին կարող է նպաստել խորհրդարանում լսում անցկացնելուց սկսած, օրինակ, մինչեւ անվստահության գործընթաց։ Մենք պետք է հասկանանք, որ այս ճգնաժամի հանգուցալուծումը լինելու է խորհրդարանում՝ վարչապետի ընտրությամբ: Եթե մարդիկ կան, որ պահանջում են՝ չպիտի գնանք խորհրդարան, ես հարց եմ տալիս՝ ինչ է, վարչապետի ընտրությանը չպիտի՞ լինենք խորհրդարանում։ Չպիտի՞, օրինակ, եթե ունենք կարեւոր հայտարարություն, ասենք՝ առաջիկա հանրահավաքի մասին հայտարարությունը, չօգտվենք խորհրդարանի հայտարարությունների ժամից, որեւէ ձեւով պայքարին խանգարո՞ւմ է, որ հանրահավաքի մասին հայտարարությունը հնչեցնենք խորհրդարանի ամբիոնից: Պատասխանելով մտահոգություններին՝ կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում խորհրդարանում այնպիսի իրավիճակ, ինչպիսին դիմադրության շարժումից առաջ էր, որովհետեւ երկրում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, եւ վստահ եմ, որ դրա արտացոլումը երեւալու է  խորհրդարանում:

- Երկու ամիս խորհրդարան չգնացիք, հանրահավաքի իրազեկումներն էլ այլ հարթակներում էիք անում, պարտադի՞ր է, որ հանրահավաքի մասին ԱԺ ամբիոնից իրազեկեք:

- Ես խնդրում եմ՝ այնպես մի ներկայացրեք, թե հանրահավաքի իրազեկման համար գնալու ենք խորհրդարան:

- Եթե վարչապետի անվստահության գործընթաց չեք կարողանում գլուխ բերել ո՛չ փողոցով, ո՛չ ՔՊ-ականներից ոմանց ձեր կողմը բերելով, մնում է դա:

- Խորհրդարանում մեր ներկայությունը, կրկնում եմ, լինելու է բացառապես մեկ օրակարգով, դրան նպաստող քայլերից մեկը, այո, կարող է լինել անվստահությունը, եւ որպես պատասխան Ձեր հարցին՝ բա արդյոք կա՞ն գործընթացը կյանքի կոչելու համար բավարար թվով ձայներ, ես հարցով եմ ուզում պատասխանել՝ 2018-ի մայիսին, դրանից երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն ունե՞ր բավարար ձայներ՝ վարչապետ ընտրվելու համար: Բոլոր քայլերը պետք է պրոցեսի մաս լինեն: 

- Այն ժամանակ կար փողոցային պայքար:

- Մենք էլ ենք գիտակցում, որ առանց փողոցային պայքարի այս իշխանություններին հեռացնելն անհնար կլինի, դա, իհարկե, միակ պայմանը չէ, բայց նվազագույն անհրաժեշտ նախապայմանն է: Սեպտեմբերի 2-ի մեր հանրահավաքում կհայտարարենք, կուղենշվի հետագա պայքարի մասին: