Երեւանում կնշվի Ջազի միջազգային օրը

Երեւանում կնշվի Ջազի միջազգային օրը

Հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ, 2011-ից սկսած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10 տարի է՝ Ջազի միջազգային օրվան միացել է նաեւ մեր երկիրը: Այս տարիների ընթացքում բազմաթիվ ջազ լեգենդներ են եկել Երեւան` բասկիթառահար Ռիչարդ Բոնանը, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը, «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը:  

Այս տարի ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրը Երեւանում կնշվի 10-րդ անգամ, բայց հաշվի առնելով քովիդի համաճարակն ամբողջ աշխարհում, մեր երկրի վիճակը՝ արտերկրից հյուր չի լինի: Համերգները կկայանան Սիրահարների այգում, որտեղ ջազի երկրպագուները կհանդիպեն մեր երկրում ապրող բոլոր հայտնի ջազմեններին՝ Լեւոն Մալխասյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց, Կարեն Մամիկոնյան եւ բազմաթիվ այլ կատարողներ: Ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահման չի լինի, ջազի սիրահարները հնարավորություն կունենան հանգիստ շփվելու իրենց սիրելի երաժիշտների հետ: