Իսկ ե՞րբ է Փաշինյանը փոխհատուցելու մեր վնասը․․․

Իսկ ե՞րբ է Փաշինյանը փոխհատուցելու մեր վնասը․․․

Լավ է, որ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը։ Չնայած դա նրա համար թեյավճար և զուտ քաղաքական ցուցադրական ակցիա է, այնուամենայնիվ  հանրության հոգեբանության վրա ներազդելու թույլ գործոն է։ Ըստ այս իշխանության տրամաբանության՝ հարկ վճարողները կմտածեն,  որ տեսեք՝ այն հարկերը, որ մեզնից են քերթում, իշխանությունը  չի կարող մսխումների վրա օգտագործել։ Դա շատ  թույլ գործոն է, որովհետև ընդամենը մի խղճուկ օրինակ է «քավության նոխազի տեսքով» օգտագործվում։ Տիգրան Ավինյանից առաջ ամեն օր խոսվում է իշխանության առաջին դեմքի ու նրա զուգընկերուհու մեղմ ասած «շռայլությունների մասին»։ Մեկը չէ, երկուսը չէ, հազարը չէ, ինչու՞ դրանք  չեն արժանանում որևէ արձագանքի։ Ինչու՞ որևէ փոխհատուցում չի կատարվում։ Ա՜յ, եթե դրան անդրադառնան, դա գույն կարող է ստեղծել։

Եթե լսեք օնլայն հարթակին, ամեն ինչ պարզ կլինի։ Մարդիկ հարցնում են՝ իսկ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը փոխհատուցելու իր «շռայլությունների համար»։ Ես մամուլում բարձրաձայնված «շռայլությունները» չեմ թվարկում, որովհետև ինքը ամեն ինչի համար պատճառաբանություն ունի, և ցավոք, քանի իշխանության է, վարագույրը չի բացվելու։ Եվ ցուցադրական մեկին ներկայացնելու ու իբր թե նյութապես պատժելու քաղաքականության ժամանակն արդեն անցել է։ Մարդիկ այլ բանի են սպասում։ Եվ իշխանավորների  անպատժելիության ֆոնին, երբ իշխանավորի են պատժում, մարդիկ լավ հասկանում են, թե դա ինչու է արվում և վահանների հետևում ում են թաքցնում։