Նորանշանակ թաղապետը մոտակա 2 շաբաթը «խառը գործերով» է

Նորանշանակ թաղապետը մոտակա 2 շաբաթը «խառը գործերով» է

Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն վարչական շրջանը կղեկավարի ՀԱԿ վարչության նախկին անդամ Ավետ Պողոսյանը։ Նշանակումից անմիջապես ժամեր անց Պողոսյանը սկսեց աշխատանքից ազատել Վիկտոր Մնացականյանի կադրերին։

Մենք զանգահարեցինք Պողոսյանին՝ աշխատանքից ազատումների, նոր նշանակումների, նրա անցած ճանապարհի, ապագա անելիքների վերաբերյալ մի 2 հարց տալու ակնկալիքով, սակայն նրա մասին միանգամից նոր բան իմացանք․ նորանշանակ թաղապետ Ավետ Պողոսյանը հեռախոսով հարցերի չի պատասխանում՝ չնայած որ, իր պնդմամաբ, սկզբունքորեն հարցազրույցներին դեմ չէ։

Առաջարկեցինք հանդիպել և զրուցել, Պողոսյանն էլ առաջարկեց խոսել իրենց մամուլի պատասխանատուի հետ։ Մամուլի պատասխանատուն էլ իր հերթին ճշտելուց հետո ասաց, որ թաղապետը մոտակա 2 շաբաթվա ընթացքում հարցազրույց տալը ռեալ չի համարում, քանի որ զբաղված է խառը գործերով։

Խնդրեցինք նրա մասին գոնե 1-2 կենսագրական տվյալ փոխանցել, պատասխանատուն ասաց, որ այս պահին ձեռքի տակ չունի նոր ղեկավարի կենսագրական տվյալները, դրա համար ժամանակ է պետք, իսկ ինքը թաղապետին նշանակվելուց հետո մի անգամ է տեսել։

Փաստորեն, ի տարբերություն Վիկտոր Մնացականյանի, որը Օպերայի տարածքում օրերով բանակցություններ էր վարում ցուցարարների հետ, Պողոսյանը նույնիսկ մի 20 րոպեանոց հարցազրույցը ռեալ չի համարում։