«Սասնա ծռերը» պաշտպանական ճառով հանդես չեկան՝ դա վստահելով պաշտպաններին

«Սասնա ծռերը» պաշտպանական ճառով հանդես չեկան՝ դա վստահելով պաշտպաններին

«Բացի հանրային պաշտպաններից մեր կողմից ճառերով պետք է հանդես գան պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Մուշեղ Շուշանյանը»։

Այս մասին «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին ասաց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ իրենք պաշտպանական ճառեր կազմելու հարցերով չեն զբաղվել եւ փաստաբաններն են հանդես գալու իրենց անունից։  

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ մեղադրական ճառերը դատարանում լսվել է օգոստոսի 19-ին, տրվել է 45 օր պաշտպանական կողմին՝ ճառերի համար․ «Մեկ անգամ եւս հնարավորություն է տրվում ճառով հանդես գալու համար։ Բայց խնդրում  եմ տեղյակ լինեք, որ հետագայում չներկայանալը արգելք չէ գործի քննությունը ավարտելու համար՝ հաշվի առնելով, որ ներկա են հանրային պաշտպանները եւ տրվել է բավարար ժամանակ»։

Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ պնդում չի արել, որ պաշտպանները պատրաստ չեն պաշտպանական ճառին․ «Դուք ստացել եք Փաստաբանների պալատից գրություն, որ Մուշեղ Շուշանյանը բուժման մեջ է գտնվում, արձանագրում  եմ, որ նրա վնասվածքն այնպիսին է, որ մեկ կամ երկու շաբաթ հետո ի վիճակի չի լինելու ներկայանալ դատական նիստին»։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի 9-ին։