Ձևը միշտ կա

Ձևը միշտ կա

Պարզ է, որ մուղամի, ռուսական պապսայի, անորակ ցքցքոցների դեմը դու չես կարող առնել։ Բայց եթե պետականորեն խրախուսում ես «Ռեինկարնացիա», Գոռ Սուջյան, Էմպիրեյ, աջակցում ես, որ հայկական երաժշտության ժամանակակից գործիքավորումներ արվեն, եւ քարոզում ես այդ երաժշտությունը, դա էականորեն նվազեցնում է երաժշտական աղբի ներխուժումը քո իրականություն։ Պարզ է, որ դու չես կարող արգելել, որ շրջանավարտները հազարներով չդիմեն իրավաբանական ու ծրագրավորման ֆակուլտետներ։ Մարդիկ ընտրում են եկամտաբեր ու հեռանկարային մասնագիտություններ, իսկ դերասանի, անասնաբույժի, ուսուցչի մասնագիտությունը մեզանում եկամտաբեր ու հեռանկարային չէ։ Բայց եթե դու պետականորեն խրախուսեիր որոշ մասնագիտություններ ընտրելը, արտոնություններ սահմանեիր, հատուկ ծրագրեր իրականացնեիր, որ ամենահեռավոր գյուղի շրջանավարտը ստանար պահանջվող մասնագիտությունը եւ վերադառնար իր հայրենի բնակավայր՝ աշխատելու, բուհերում այսօր այսքան թափուր տեղեր չէին առաջանա, եւ առաջիկայում մասնագետների սով չէիր ունենա։

Պարզ է, որ դու այսօր չես կարող դպրոցականին պարտադրել, որ ինքնակամ Րաֆֆի ու Բակունց, Չարենց ու Նարեկացի կարդա, բայց երբ դու հետեւողականորեն հայ գրականությունը դպրոցական ծրագրերից դուրս մղելու քաղաքականություն ես տանում, անիմաստ է բողոքել, թե նոր սերունդը չի կարդում։ Պարզ է, որ աշխարհում սեքսուալ հեղափոխության, սեռական փոքրամասնությունների հաղթարշավի պայմաններում մենք չենք կարող երկաթե վարագույրի հետեւում թաքնվել եւ ձեւացնել, թե նման երեւույթներ չկան։ Բայց երբ դու արեւմտյան թելադրանքով, վաղ տարիքից դպրոցում հնչեցնում ես երրորդ սեռի, սեռափոխության, նույնասեռ ամուսնությունների գաղափարները, դրանք չեն կարող իրենց սեւ գործը չանել։