Հասարակություն

Եթե քո հաշվին չես ուզում թեստ հանձնել, հանձնի՛ր հարեւանիդ կամ բարեկամիդ հաշվին

Եթե քո հաշվին չես ուզում թեստ հանձնել, հանձնի՛ր հարեւանիդ կամ բարեկամիդ հաշվին

Սահմանադրական դատարանը հրապարակել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։ Համաձայն հրապարակման՝ առողջապահության նախարարի հրամանում առկա «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը, իսկ մյուս կետերն ու ձեւակերպումները ճանաչվել են սահմանադրական։

Այս հարցով ՍԴ էր դիմել իրավաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, եւ երեկվանից ընդդիմադիրները տոնում են իրենց հերթական հաղթանակը ՍԴ-ում, որ կարողացել են ջախջախել առողջապահության նախարարի հրամանը, այն է՝ քաղաքացիները պարտավոր չեն այլեւս իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել։ Բայց դա չի նշանակում, որ նրանք առհասարակ պարտավոր չեն թեստ հանձնել, պարզապես, ըստ ՍԴ որոշման, քաղաքացիները պարտավոր են թեստ հանձնել, բայց ոչ իրենց հաշվին։

Ընդդիմադիրներն իրենց այս հարաբերական հաղթանակը ներկայացնում են որպես փաստ, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի հրամանը, իսկ նախարարությունից էլ երեկ պարզաբանում էին տարածել՝ հայտարարելով, թե ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել նախարարի հրամանը՝ պնդելով, որ պետությունն արտոնյալ եւ անվճար պայմաններ չի ապահովում ՊՇՌ թեստավորման համար, աշխատողները, ամեն դեպքում, պետք է իրականացնեն թեստավորում:

Ամեն ինչ այսքան հակասական չէր լինի, եթե ՍԴ-ն «գագիկհարությունյանական» ոճով որոշում չհրապարակեր։ Այստեղ մի շարք հարցեր են առաջանում, օրինակ, եթե «իր հաշվին» ձեւակերպումը հակասահմանադրական է, այդ դեպքում ո՞ւմ հաշվին պետք է քաղաքացին ՊՇՌ թեստ հանձնի` գործատուի՞, թե՞ պետության։ Ընդդիմադիրները պնդում են՝ պետության։ Եվ արդյոք պետությունը փոխհատուցելո՞ւ է մինչ այս քաղաքացիների՝ իրենց հաշվին հանձնած թեստի գումարները, եթե ՍԴ-ն համարել է, որ այդ դրույթը հակասահմանադրական է։

Այս թեմայով մենք զրուցեցինք առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանի հետ, որի պարզաբանումներից այն հասկացանք, որ աշխատողն իրավունք ունի իր հաշվին չիրականացնել այդ ՊՇՌ հետազոտությունը, բայց պարտավոր է այն իրականացնել, թե ում հաշվին՝ գործատուի, ընկերոջ, բարեկամի, հարեւանի, ում հաշվին ուզում է, պետք է անի։ Կարճ ասած՝ եթե դու քո հաշվին չես ուզում թեստ հանձնել, մեկին գտիր, որ քո փոխարեն վճարի։ Այսինքն՝ ՍԴ-ն առանձնապես իրեն չի ծանրաբեռնել, որ լուծումն առաջարկի, ուղղակի նախկին թեզը հակասահմանադրական է ճանաչել եւ վերջ։ Լուծումը երեւի պետք է պետությունը գտնի, որ նման միտք էլ չունի։

«Դա ենթադրում է, որ «իր հաշվին» բառակապակցությունը հակասահմանադրական ճանաչելով՝ դատարանը նպատակ է ունեցել հստակ նշելու, որ առողջապահության նախարարի հրամանով չի կարող սահմանվել այն սուբյեկտային շրջանակը, որը պետք է պատասխանատվություն կրի վճարումն իրականացնելու համար։ Այսինքն՝ մենք չենք կարող ուղղակիորեն շեշտադրել եւ ասել՝ աշխատողը հենց ինքն իր հաշվին։ Պարտականությունը՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու, շարունակում է գործել աշխատողի համար, այդ հետազոտության դիմաց վճարման պարտականություն Սահմանադրական դատարանի որոշմամբ չի դրվել որեւիցե այլ սուբյեկտի վրա։ Այսինքն՝ աշխատողը շարունակում է լինել ճիշտ սուբյեկտը, այնուամենայնիվ, վերջինիս համար բացվում է հնարավորություն՝ իր հետազոտության համար միջոցներ ձեռք բերելու նաեւ այլ աղբյուրներից, որոնք հասանելի կլինեն։ Այդպիսին կարող են լինել իրենց բարեկամները, հարազատները․․․»,- նման զավեշտական բացատրություն տվեց Աննա Մկրտումյանը։

- Չե՞ք կարծում, որ անորոշություն կա ՍԴ որոշման մեջ։ Ասում է՝ քաղաքացու հաշվին չպետք է լինի, բայց չի հստակեցնում՝ ում հաշվին պետք է լինի, դա կարող է նոր դատական վեճի առիթ դառնալ։

- Կարծում եմ, որ հստակ է, եւ ՍԴ որոշման ամբողջ բովանդակությունը հասանելի լինելու պարագայում հստակ կտեսնեք Սահմանադրական դատարանի մեկնաբանությունն այս հարցի շուրջ, եւ ես կարծում եմ, որ ՍԴ-ն «իր հաշվին» բառերը հակասահմանադրական ճանաչելով՝ պարզապես արձանագրել է այն փաստը, որ առողջապահության նախարարի հրամանով չպետք է ֆիքսված լինի, որ աշխատողն ում հաշվին պետք է իրականացնի։ Միգուցե ոչ թե իր անձնական հաշվին, այլ բարեկամի, հարազատի, ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի հաշվին։

- Կներեք, բայց դա իրավական ձեւակերպում չէ, ի՞նչ է նշանակում՝ բարեկամի, հարազատի հաշվին, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր ասում` հարեւաններից պարտք վերցրեք, յոլա գնացեք։ Եթե ես, օրինակ, Ձեզ՝ որպես բարեկամի, խնդրում եմ՝ իմ փոխարեն վճարել այդ գումարը, հետո ես Ձեզ դա պարտք եմ մնում, չէ՞, եւ դա նույնպես իմ հաշվին է ստացվում։

- Մյուս կողմից՝ մենք չունենք որեւիցե իրավական ակտ՝ կլինի օրենքի մակարդակում կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, որտեղ նշված է, որ կա՛մ պետությունը, կա՛մ գործատուն, կա՛մ որեւիցե այլ անձ... եկեք այս դեպքում դիտարկենք նաեւ ՍԴ որոշումը, որ այնտեղ նույնպես բացակայում է որեւիցե ձեւակերպում այն հարցի վերաբերյալ, թե ում հաշվին պետք է իրականացնի ՊՇՌ հետազոտությունը։

- Չե՞ք կարծում, որ պետք է լիներ այդ ձեւակերպումը, որ նոր տարընթերցումների եւ հնարավոր դատական վեճերի առիթ չտար։

- Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանի որոշման ամբողջ բովանդակությունը հասանելի լինելու պարագայում մենք մեկնաբանությունը հստակ կտեսնենք, եւ տարընկալում ու տարընթերցում չի առաջացնի այդ ձեւակերպումը։ Եվ քանի որ ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել ամբողջ դրույթը կամ ամբողջ նախադասությունը, այլ ընդամենը «իր հաշվին» բառերը, ենթադրվում է, որ ՍԴ-ի համար ընդունելի չի եղել՝ կոնկրետ աշխատողի վրա դնելու պարտականությունը՝ իր իսկ հաշվին իրականացնելու ՊՇՌ հետազոտություն, ինչը ենթադրում է, որ աշխատողը շարունակում է լինել այն սուբյեկտը, որը պետք է անցնի ՊՇՌ հետազոտություն, եւ եթե պետությունն անվճար պայմաններով չի երաշխավորում, եթե որեւիցե այլ իրավական ակտով գործադիրի վրա չկա պարտականություն՝ ապահովելու, երաշխավորելու վճարելու ՊՇՌ հետազոտության դիմաց, ապա այստեղ տարընկալման խնդիր չի առաջանում, եւ այդ պարտականությունը շարունակում է գործել աշխատողի համար։ Թե ում հաշվին պետք է դա իրականացվի, մնում է աշխատողի կողմից որոշման տիրույթում։

- Այսինքն, եթե ես իմ հաշվին չեմ կարող այդ թեստը հանձնել, կարող եմ անել Ձեր հաշվին, ընկերոջ, բարեկամի, հարեւանի հաշվին։

- Ցանկացած անձի հաշվին, որը կտա այդ համաձայնությունը՝ օգնելու, օժանդակելու, ապահովելու այդ հետազոտության իրականացումը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image