Փաշինյանին պետք է նստեցնել ստի դետեկտորի վրա

Փաշինյանին պետք է նստեցնել ստի դետեկտորի վրա

Եվ այսպես, վարչապետ Փաշինյանի սիրտը տեղն ընկավ. նորից առիթ ստեղծվեց մտնելու իր տարերքի մեջ՝ շարունակել 2018-ին սկսած «հեղափոխությունը»: Հեղափոխության ու հանրահավաքների սիրահար վարչապետը նորից կդնի իր «դուխով» գլխարկը, ուսապարկը կգցի ուսին ու հայդե՜… կգնա աղքատությունը գլխում չհաղթահարած անգրագետ Պողոսի, «թրիքով կաթ կթող» կթվորուհիների, «բուշլաթով ու ռեզինե սապոգներով» մորթ անողների, «բազմոցին պառկած թամբալ նպաստառուների», «պարապ-սարապ սուրճ խմող» գիտնականների դուռը ու կհիշեցնի, որ նրանք են այս երկրի վարչապետերն ու որոշողները: Նորից բոցաշունչ ելույթներ կունենա, կարթնացնի հեղափոխական զգացողություններ, կհնչեն «Հայե՛ր ջան, դուխո՛վ», «Ես մենա՛կ չեմ, մենա՛կ չեմ» երգերը, դըմփ-դըմփ հու կանեն, կվերապրեն 2018-ի գարունը… Պողոսը նորից կուրախանա, սիրտը կլցվի հպարտությամբ, որ վարչապետը նորից իրեն հիշել ու իր դուռն է եկել: Վարչապետը նորից կռիվ կտա ինչ-որ անհայտ սեւազգեստների հետ, նորից կսկսեն մերժել երկու տարի առաջ մերժվածներին: Պողոսը նորից կհիշի, թե ինքն ինչ վատ էր ապրում «Սերժի օրոք», ու կհամեմատի այսօրվա իր կյանքի հետ… եւ, հավանաբար, տարբերություն չի գտնի. ոնց չարքաշ եղել է՝ օրվա հացի խնդիր լուծող, այդպես էլ մնացել է: Բայց վարչապետը հո միամիտ չէ. կգնա ու Պողոսին կասի, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորներն են մեղավոր, որ Պողոսի կյանքը չի լավացել, իրեն չեն թողնում, որ աշխատի ու սեւերի թալանածը ետ բերի: Պողոսը շատ բան չի հասկանում Սահմանադրական դատարանից-բանից, չգիտի։ Թե ով է ՍԴ նախագահը, ու նա ինչ կապ ունի իր լավ ու վատ ապրելու հետ, թե ինչի համար է անցկացվում հանրաքվեն, ինչ բան է Սահմանադրությունը, նա այդպիսի բարդ բաների հետ գլուխ չունի: Բայց որ վարչապետին նրանք ջղայնացրել են, այ, դա՛ արդեն աններելի է… ու Պողոսը կգնա «այո» կասի Փաշինյանին: 
Հանրահավաք կազմակերպելու ու բոցաշունչ ելույթներ ունենալու առիթ այս անգամ Փաշինյանին նվիրեց Սահմանադրական դատարանը՝ իր նախագահ Հրայր Թովմասյանով: Պարզվում է, «մանկապարտեզի երեխաների կողմից վատ մարդ» հռչակված Թովմասյանը համարձակվել է ժողովրդի վարչապետին ասել, որ երկրի Սահմանադրությունն ավելի վեր է, քան վարչապետի կամքն ու անձնական հավակնությունները: Ուրեմն, երկրի ԱԺ-ն լինի վարչապետի գրպանում, կառավարությունը, նախագահը լինեն նրա կամակատարները, իսկ Թովմասյանը եկել ու թե բա՝ սահմանադրությո՜ւն, գլխավոր օրե՜նք, ֆլան-ֆստա՜ն… Այստեղ ժողովրդի վարչապետի աչքերն արյունով լցվեցին. «Ուրեմն ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ, ու ինձ ասեն նե՞տ: Ու… «Մուրադը կատաղեց». դե բա՝ կգնամ Պողոսին խաբար կտամ, ու հանրաքվեով կհեռացնենք Հրայրին, ով «լավով չի ուզում գնալ»: Լավն էլ այն է, որ ՍԴ-ին առաջարկում էին պետական մակարդակով կաշառք՝ սեփական դիմումի համաձայն բարձր թոշակի դիմաց ազատվել պաշտոնից: Բայց «անշնորհակալները» մերժում են այդ շահավետ առաջարկը:
Եվ այսպես, մենք երկու ամիս ստիպված ենք լինելու լսել վարչապետի պաշտոնը զբաղեցնող, բայց դեռ ընդդիմադիրի շապիկից դուրս չեկած Փաշինյանի բոցաշունչ ելույթները, ղժղժոցները, նյարդային գոռոցները: Նա նորից կհիշի թալանչիներին, սերմացու գողացող մկներին, լափամանից օգտվածներին, երկիրն անողոքաբար թալանած Սերժին, որը, ի դեպ, ազատության մեջ է, եւ նրա ոչ մի հանցանք, որոնց մեջ ժամանակին նրան մեղադրում էր ընդդիմադիր Փաշինյանը, դեռեւս ապացուցված չէ: Կապ չունի, որ մերժվածներն արդեն 2 տարի է՝ իշխանությունից հեռացված են եւ չունեն իշխանական որեւէ լծակ, միեւնույն է, Փաշինյանը նրանց նորից կհանի-կբերի հրապարակ, կդարձնի թիրախ, ատելության կենտրոն ու նորից կսկսի մերժել նրանց: Այդպես հեշտ է, Պողոսին դուր է գալիս…

Թե ինչպիսին կլինեն հեղափոխական-վարչապետական ելույթները, արդեն կարելի է կանխատեսել: Կլինեն ելույթներ, կհնչեն հայտարարություններ, որոնք, առհասարակ, կապ չունեն հանրաքվեի էության ու բովանդակության հետ: Դրանք կլինեն մոտավորապես այս կարգի.

- Հրայր Թովմասյանը նախկին հանցագործ ռեժիմի մարդն է ու պայքարում է, որ նախկինները՝ սեւերը, վերադառնան:

- Հրայր Թովմասյանը հանցագործ (նրա անունը կկապեն տարբեր հանցանքների հետ․ այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ էիք հանցագործին առաջարկում բյուջեի հաշվին բարձր թոշակի դիմաց ազատվել պաշտոնից): 

 - Հրայր Թովմասյանը նախկինների հետ մասնակցել է պետական թալանին (այդ թալանի իրեղեն ապացույցը, հավանաբար, նրա հայրական տան վերանորոգված տանիքն էր, որով հետաքրքրվել են իրավապահները):   

- Հրայր Թովմասյանը կեղծել է հայաստանյան ընտրությունները (Թովմասյանը չի եղել ԿԸՀ անդամ կամ նախագահ, ընտրական գործընթացներին չի մասնակցել: ՍԴ նախագահ էլ նշանակվել է 2018-ի գարնանը, իսկ դրանից հետո ՍԴ-ում որեւէ ընտրություն չի քննվել): 

- Հրայր Թովմասյանը խանգարում է, որ Փաշինյանը նախկինների թալանածը ետ վերադարձնի (ի՞նչ կապ ունեն այդ ամենի հետ ՍԴ դատավորներն ու նախագահը)։

- ՍԴ ներկա անդամներից ու նախագահից ազատվելը հասարակության պահանջն է, քանի որ մարդիկ դժգոհ են նախկին դատավորներից, դատական համակարգից (մինչդեռ շարքային քաղաքացին որեւէ առնչություն չունի ՍԴ-ի հետ, նա, սովորաբար, առնչվում է քաղաքացիական դատարանների հետ, որոնց դատավորներից ոմանք, կարծես թե, «վնգստալով» գտել են իրենց նոր տերերին՝ ի դեմս ներկա իշխանության)։ 
Այս եւ այլ չհիմնավորված ու սուտ հայտարարություններ կանի վարչապետը: Բայց ոչինչ, Պողոսը շատ բան չի հասկանա ու կգնա «այո» կասի Նիկոլին…

Այն, որ վարչապետն իր խոսքերի մեջ, մեղմ ասած, այնքան էլ ճշտախոս ու ճշտապահ չէ, համոզվել ենք բազմիցս: Բայց ինչպե՞ս պաշտպանել Պողոսին նրա հերթական մանիպուլյացիոն ստերից, դժվար է ասել, քանի որ վարչապետի խոսքին հակառակվողին կամ նրան քննադատողին Պողոսը համարում է «պիցայակեր ժողովրդի թշնամի»: Այստեղ միայն կարող է օգնության գալ ստի դետեկտոր կոչված սարքը, որի վրա պետք է նստի քարոզարշավի դուրս եկած վարչապետը: Ա՛յ, երբ որ ստի դետեկտորը սկսի ազդանշան տալ, որ վարչապետը ստում է, այստեղ արդեն Պողոսը կհասկանա, թե ինչու 2 տարում իր կյանքը ոչ մի բանով չի փոխվել, կհասկանա նաեւ, որ հանրաքվեի «այո»-ն կամ «ոչ»-ն իր ու իր կյանքի բարելավման համար չէ, այլ՝ «դուխով» վարչապետի: