Նախարարությունը պետք է մեխանիզմներ մշակի, որոնք անձերից կախված չլինեն

Նախարարությունը պետք է մեխանիզմներ մշակի, որոնք անձերից կախված չլինեն

«Այն, որ դպրոցի խորհուրդները չեն աշխատում, ընդունում է նաեւ նախարարությունը։ Իսկ այս իրավիճակում նախարարությունն ուներ 2 ճանապարհ՝ կա՛մ փորձել զարգացնել խորհուրդները՝ հավատալով, որ սա ավելի մասնակցային եւ ժողովրդավարական ճանապարհ է՝ տնօրենի ընտրության հարցում, կա՛մ գնալ այլ ճանապարհով։ Նախարարությունը որոշեց գնալ 2-րդ ճանապարհով՝ տնօրենի ընտրության լիազորությունը վերցնելով խորհրդից եւ տալով մասնագիտական խորհրդին»․ նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ «Դպրոցի տնօրենը ոչ թե կընտրվի, այլ՝ կնշանակվի. կամայական ու քաղաքականացված որոշումը կբացառվի՞» թեմայով քննարկման ժամանակ։

Նա չի բացառում հայկական իրականության գործոնը, ավելին՝ ենթադրում է, որ մասնագիտական խորհրդի վրա այս կամ այն թեկնածուի հարցով կարող են նաեւ ճնշումներ լինել, եւ այստեղ նախարությունը պետք է մեխանիզմներ մշակի, որոնք անձերից կախված չլինեն։ «Նախկինում էլ այնպես էր, որ իբրեւ թե խորհուրդն է ընտրում, բայց, բնականաբար, խորհրդի վրա լինում էին ազդեցություններ։ Հիմա պետք է այս մասնագիտական խորհրդին պաշտպանել դրանից, այդ դեպքում գուցե ունենանք ավելի լավ տնօրեններ»,- հույս հայտնեց Ս․ Խաչատրյանը՝ հավելելով, որ տնօրենի թեկնածուի հարցում հիմնականում համընկնում են լիազորի եւ դպրոցի շահերը, հակառակ դեպքում ամեն շաբաթ կունենայինք բողոքի ակցիաներ, եւ ակնարկում է Չեխովի անվան դպրոցի շուրջ ստեղծված վիճակը, երբ արդեն որերորդ անգամ տնօրեն չի ընտրվում․ «Իհարկե, լինում են դեպքեր, որ չեն համընկնում, ու ձգվում է տնօրենի ընտրության պրոցեսը»։    

Թե ինչու հիմա անհրաժեշտություն առաջացավ նման փոփոխություն կատարելու, «Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանն ասում է՝ որովհետեւ ընդունվեց հանրակրթության նոր չափորոշիչը, եւ նոր խնդիրներ առաջացան։ Օրենքի ընդունումից հետո նախարարությունում այժմ մշակվում է կարգ, որով կհստակեցվի, թե ինչ սկզբունքով են ընտրվելու հանձնաժողովի անդամները, ով է ընտրությունն իրականացնելու, ով է հետո կնքելու պայմանագիրը։ Առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման։   

Նկատենք, որ, ըստ գործող կարգավորման, տնօրենի ընտրությունն իրականացնում է ուսհաստատության խորհուրդը, որն ունի 9 անդամ։ 2-ական ձայն ունեն դպրոցի մանկավարժական եւ ծնողական խորհուրդները, 4 ձայն՝ լիազոր մարմինը եւ 1 ձայն՝ նախարարությունը։ Ընտրվելու համար տնօրենին առնվազն 6 ձայն է հարկավոր։ Բայց դպրոցի ձայնը, կառավարման խորհուրդների ներկայիս կառուցվածքի դեպքում, որոշիչ չէ, իսկ մանկավարժական եւ ծնողական խորհուրդներն էլ այս պարագայում ընդամենը ձեւական բնույթ են կրում։

Նոր խորհուրդների կառուցվածքի պարագայում դպրոցները դատապարտված են՝ նրանց ձայնը լսելի չի լինելու, քանի որ իշխանությունն օրենքի միջոցով ամեն ինչ արել է, որ դպրոցներն իրենց վերահսկելի եւ կառավարելի դառնան։