«Հրապարակ». Եթե ուզում ենք գուշակել՝ վաղն ինչ է ասելու Փաշինյանը, այսօր պետք է լսել Ալիեւին
Արդեն մի քանի ամիս է՝ հայ-ադրբեջանական բանակցություններ տեղի չեն ունենում, խաղաղության պայմանագրի նախագիծը լռվել-մնացել է մի կետում, որի 6-րդ տարբերակն է արդեն քննարկվում։ Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումն այս տարվա հուլիսին էր՝ Բրյուսելում՝ Շառլ Միշելի «քավորությամբ»։ Բաքուն օրերս դժգոհել էր, թե Հայաստանին ներկայացրել են «խաղաղության համաձայնագրի հինգերորդ տարբերակը, սակայն արդեն երկու ամիս է՝ Երեւանը չի արձագանքում»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ Երեւանին առաջարկում է «տետ ա տետ» հանդիպել պետական սահմանին եւ քննարկել խաղաղության գործընթացը:
Երեկ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց՝ պատասխանելով Բաքվի առաջարկներին, որտեղ նշվում է, որ Երեւանը մշտապես պատրաստ է եղել քննարկել խաղաղության հեռանկարը, դրսեւորել է դրա քաղաքական կամքը, սակայն Ադրբեջանն է ապակառուցողականություն ցուցաբերում: Ապա հիշեցնում են Ալիեւի՝ Գրանադա եւ Բրյուսել չմեկնելը եւ հայտարարում. «Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին եւ մարտահրավերներին, կա երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում: Հայկական կողմը շարունակում է դրսեւորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից է նաեւ այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջեւ պետական սահմանին»։
Հայաստանի ԱԳՆ հայտարարության ձեւակերպումը բազմիմաստ է, այն առումով, որ հստակ չէ՝ հայկական կողմը սահմանին հանդիպման առաջարկն ընդունո՞ւմ է, թե՞ իր առաջարկի մասին խոսելով ազդարարում, որ այդ հանդիպումը կարող է լինել միայն սահմանազատման եւ սահմանագծման թեմայով, այլ ոչ թե խաղաղության պայմանագրի վերաբերյալ, ինչն առաջարկում է Ադրբեջանը: Ընդգծենք, որ տեւական ժամանակ է՝ Ադրբեջանը մերժում է արեւմտյան եւ ԱՄՆ հարթակը՝ նախապատվություն տալով ռուսականին։ Սակայն ՀՀ իշխանություններն էլ հակառուսական գիծ են բռնել, եւ, որոշ տեղեկություններով՝ նոյեմբերի 21-ին Բաքվին փոխանցած հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի թվով 6-րդ խմբագրման մեջ պաշտոնական Երեւանն Ադրբեջանին նախապայման է ներկայացրել, որ բանակցությունները չպետք է վարվեն ռուսական հարթակում: Սրանով փորձում են տարածաշրջանային խնդիրները դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց եւ տանել արեւմտյան հարթակներ։ Բայց, ինչպես նշեցինք, Ալիեւն էլ մերժում է արեւմտյան հարթակները, ուստի նոր՝ «տետ ա տետ» ֆորմատ է առաջարկում, ինչը նշանակում է՝ խնդրից դուրս մղել միջնորդներին եւ դեմդիմաց մնալ խեղճացած ու կոտրված «զոհի» հետ, որը պատրաստ է ամեն ինչ զիջել։
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությամբ, անդրադառնալով խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակն ուշ փոխանցելուն, հիշեցրել են. «Մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք եւ պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց ԼՂ ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանման»։
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ խնդիրը ո՛չ բանակցությունների ֆորմատն է, ո՛չ էլ հարթակը՝ արեւմտյան, թե ռուսական, խնդիրը բանակցողն է։
«1991 թվականին ես՝ ինքս էի մասնակցում նման ֆորմատի հանդիպումներին՝ Ղազախում, Իջեւանում․ այս առումով ֆորմատի հարցում խնդիր չեմ տեսնում: Խնդիրը՝ թե ով է բանակցողը եւ ինչ դիրքերից է բանակցում: Եթե անհաջող բանակցող ունենք, կապ չունի, թե որտեղ է բանակցում, բոլոր հարթակներից էլ տուժած դուրս կգանք։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր արդարանում, թե ի՞նչ տարբերություն՝ որտեղ ենք բանակցում, նույնը հիմա ես եմ ասում` ի՞նչ տարբերություն, եթե բանակցողը Նիկոլ Փաշինյանն է»։
Չնայած ՀՀ իշխանությունները չեն բացահայտում, սակայն Ալիեւի հայտարարություններին հետեւելը բավարար է հասկանալու համար, թե կողմերն ինչ հարցերի շուրջ են պայմանավորվել եւ ինչի վերաբերյալ լեզու չեն գտնում. «Եթե ուզում ենք գուշակել՝ վաղն ինչ է ասելու Փաշինյանը, ապա այսօր պետք է լսել Ալիեւին, անգամ իր օգնականների հայտարարությունները։ Իսկ այսօր Ալիեւը նախ ասում է, որ ամեն ինչ անելու է՝ հասնելու համար իր ուզածին, խոսքը նոր ֆորմատի պարտադրումն է, իսկ նրա այլ հայտարարություններից հասկանում ենք, որ անկլավների հարցն արդեն լուծված է, Փաշինյանը համաձայնություն է տվել, փոխարենը` խնդիրը, այսպես կոչված, վտարանդի ադրբեջանցիներն են, որոնք իբր ժամանակին վտարվել են իրենց հայրենիքից, որ Հայաստանն օտարածին մարմին է Կովկասում, որ հայերին այդ տարածք բերել է Ռուսաստանը՝ 19-րդ դարում, եւ Ադրբեջանի հեռուստատեսություններով արդեն ռեպորտաժներ են ցուցադրվում Վարդենիսի մասին, որն իրենք Գյոկչայի մախալ են անվանում: Եվ կարելի է հասկանալ, որ խնդիր է դրված ոչ միայն Վարդենիսի, այլեւ մնացած տարածքներում փախստականների վերադարձ իրականացնելու։ Ըստ Ալիեւի՝ Երեւանն էլ է եղել իրենցը, պարզապես ինչ-որ մարդիկ այն նվիրել են հայերին»։
Ալիեւի լեքսիկոնում մինչ օրս պատվավոր տեղ է զբաղեցնում նաեւ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը ՀՀ իշխանությունները փորձեցին փոխարինել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, սակայն, Զոլյանի գնահատմամբ, այս ձեռնարկը կարելի է տապալված համարել, քանի որ որեւէ կողմից հավանության չարժանացավ։ Ադրբեջանական կողմի հայտարարությունների համաձայն՝ իրենք չեն պատրաստվում կիսել հաղթանակն Արեւմուտքի հետ, ուստի, քաղաքագետի խոսքով, մերժում են արեւմտյան հարթակները, որտեղ իրենց խաղաղության պայմանագիր կարող են պարտադրել` ոչ իրենց համար ցանկալի տարբերակով, դիցուք՝ գերիների վերադարձի նախապայմանով: «Եթե նկատում եք՝ Արցախը ստանալուց եւ այն հայաթափելուց հետո Ալիեւն այլեւս չի գնում եվրոպաներ: Ինչո՞ւ. շատ պարզ՝ ժամանակին Եվրոպայի աջակցությամբ թեպետ հասավ Արցախի հայաթափմանը, սակայն հիմա ներկայացնում է, որ այն միայն իր հաղթանակն է, եւ պատահական չէ, որ հայտարարություններ են արվում, թե եվրոպացիները չեն կատարել իրենց խոստումը: Ենթադրվում է՝ Ալիեւին խոստացել էին ինտեգրում, բայց չկատարեցին։ Եթե պարզ ասենք՝ Ալիեւը ցանկացած պատրվակ ներկայացնում է՝ չգնալու արեւմտյան միջնորդությամբ բանակցություններին։ Մյուս կողմից՝ Եվրոպան չի հրաժարվում Ադրբեջանի հետ կնքած ռազմավարական պայմանագրերից, ինչն էլ թույլ է տալիս Ադրբեջանին՝ ինչ ուզել, անել: Դիցուք, Գերմանիայի արտգործնախարար տիկինը Բաքու այցի ժամանակ, երբ համարձակվել էր ասել «Խանքենդի-Ստեփանակերտ» արտահայտությունը, ավելի քան երեք րոպե դիտողության արժանացավ Բաքվի արտգործնախարարի կողմից, թե ինչ իրավունք ունես այդպես արտահայտվելու»:
Կարծիքներ