Ինչ էր պատմում տատս իր Ակսելի, մեր Ակսել Բակունցի մասին

Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է։ Ակսել Բակունցը և մայրական կողմով տատս՝ Շուշանիկ Բակունցը, երկու եղբոր երեխեք են: Տատս՝ Շուշանիկ Բակունցը, շատ էր պատմում Ակսելի մասին, փոքր էի, շատ բան չեմ հիշում։ Բայց մի երկու բան տպավորվել է իմ մեջ։ Երբ տատս՝ Շուշանիկը, ամուսնացել է, այն ժամանակ ավանդույթ էր, 4- ամյա Ակսելը նստել էր տատիկիս օժիտի վրա, ու օժիտը չէր տալիս այնքան ժամանակ, մինչև փեսացուի կողմը նրան «նվեր արեց»։
Մի տասանոց տվին։ Ադաթ էր։ Ակսելին նստեցրել էին օժիտի վրա, որ համ «փող ուզի», համ էլ Շուշանի առաջնեկը տղա լինի։ Տատիկիս առաջնեկը տղա եղավ։ Սամսոն էր նրա անունը։ Տատս պատմում էր, որ իր առաջնեկը՝ Սամսոնը անհայտ հանգամանքներում մահանում է Ակսել Բակունցի գնդակահարության օրը՝ 1937 թվի հուլիսի 18-ին։ Դա շատ էր տպավորվել իմ մեջ ու մինչև հիմա հիշում եմ։ Բակունցի գնդակահարության օրը ու տատիկիս առաջնեկի մահվան համընկումը արտառոց էին թվում ինձ։ Հիշում եմ, տատիկիս ասում էի՝ որ Ակսելը չնստեր քո օժիտի վրա, Սամսոնը կենդանի՞ կլիներ։ Ճերմակ, լուսաշող կին էր տատս, անսահման բարի՜, արցունքների միջից ժպտում էր։ Տատս ասում էր, որ այդ օրը երկու տներում սուգ էր: Սամսոնի իրական դին, Ակսելի անիրական աճյունը թաղվել են կողք կողքի` Բակունցների և Հովակիմյանների գերեզմանատանը:
Բակունցներից ու Հովակիմյաններից ով մահանում, տատս գերեզմանատուն էր գնում, ես էլ տատիս փեշից կախված՝ գիտեի, թե մի լավ տեղ եմ գնում, հետը գնում էի։ Գորիսի հին գերեզմանատունն է, որն ինչքան գիտեմ, այսօր արդեն փակ է։ Բակունցների գերեզմանատանը ննջում են տատիկիս ծնողները` Ավագը և Ազին: Հետագայում այնտեղ հանգրվանեցին նաև Բոխչագյուլը և Ստեփանը, տատիկիս եղբայրները` Միխայելը (Մուխան) և Նիկոլայը, տղան` Աշոտը: Ննջում են պապիս հայրը` կապուտաչյա և ոսկեգանգուր աժդահա Հայրապետը` քաղաքի մեծահարուստը, նրա ծնողները, որդիները։ Երբ արդեն մեծ էի, հասկանում էի, որ դա Բակունցների ու Հովակիմյանների գերեզմանն է։ Տատս և պապս` Շուշանիկ Բակունցը և Դանիել Հովակիմյանը, նրանց երեխաները, կանայք նույնպես այնտեղ են ննջում։ Մի արդար գերդաստանի ննջավայրն է դա։
Կարծիքներ