Ո՞վ կբացի «դարպասները»

Ո՞վ կբացի «դարպասները»

Այժմ երեւի քչերն են հիշում, որ 2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հազիվ մեկ ամիս առաջ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այցելել էր Բաքու: Մեդվեդեւն, իհարկե, ուներ «անգլիական թագուհու» կարգավիճակ, բայց էական էր, որ երբ ռուսական տանկերը Թբիլիսիից ընդամենը 25 կիլոմետր էին հեռու, եւ Վրաստանի անկախությունը մազից էր կախված, Իլհամ Ալիեւը չմիացավ Ուկրաինայի եւ Մոլդովայի առաջնորդներին եւ հրապարակային աջակցություն չհայտնեց Միխեիլ Սաակաշվիլիին: Դեպի Թբիլիսի ռուսական ռազմերթը կանգնեցրեց Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, որի անմիջական միջնորդությամբ էլ կնքվեց զինադադարի համաձայնագիր: Ֆորմալ առումով Վրաստանը եւ Ռուսաստանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են: Վերջին շրջանում աշխուժացել են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին խոսակցությունները, բայց գործնական քայլեր դեռեւս չեն արվում: Վրացական կողմը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը չեղարկի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, Մոսկվան հակադարձում է, որ դա վերջնական որոշում է եւ վերանայման ենթակա չէ: Բայց ոչ ոք քաղաքականության մեջ չի բեկանել «երբեք մի ասա երբեք» սկզբունքը: Ոչինչ բացառելի չէ, այդ թվում եւ՝ վրացական նախկին ինքնավարությունների կարգավիճակի վերանայումը: Հավանական է, որ Հարավային Օսեթիան անցկացնի հանրաքվե եւ որոշի միավորվել Հյուսիսային Օսեթիայի հետ՝ որպես Ռուսաստանի կազմում ինքնավար հանրապետություն, իսկ Վրաստանը եւ Աբխազիան կազմավորեն կոնֆեդերատիվ պետություն: Ռուսաստանն այդ ուղղությամբ բավական թափանցիկ աշխատում է Մերձդնեստրի չճանաչված հանրապետության հետ: Նախապայմանը մեկն է՝ Մոլդովան պետք է պարտավորվի, որ հետագայում չի միավորվի Ռումինիայի հետ՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետեւանքներով հանդերձ: Վրաստանը ներկայումս որոշակիորեն առկախել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումները: Ավելի ճիշտ՝ Բրյուսելում չեն շտապում Վրաստանին ընդունել Հյուսիս-ատլանտյան դաշինքում, չնայած այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների գործադրած ջանքերին: Չափազանց ուշագրավ է, որ առհասարակ զգայուն լինելով ՆԱՏՕ-ի հետ նախկին խորհրդային հանրապետություններից որեւէ մեկի համագործակցության նկատմամբ, Ռուսաստանը գրեթե չի արձագանքում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ալյանս կազմավորելու փորձերին: Տպավորություն է, որ Մոսկվան նույնիսկ որոշակիորեն խրախուսում է Վրաստանը «ներկալելու» թուրք-ադրբեջանական նախաձեռնությունը: Ըստ երեւույթին, Ռուսաստանը Թուրքիայից եւ Ադրբեջանից երաշխիքներ ունի, որ Վրաստանի հետ համագործակցությունն ուղղված չէ իր դեմ: Մյուս կողմից, սակայն, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ալյանսը խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար, որը տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցն ու ՀԱՊԿ անդամ միակ պետությունն է: Ադրբեջանի համար, դա արդեն պարզորոշ իրողություն է, ռուս-վրացական պատերազմի ուրվականը մղձավանջային ասոցացիաներ է առաջացնում: Բաքուն պարզապես «լարաղախաղացի» վիճակում է եւ ստիպված է մինչեւ վերջին մանրուք հավասարակշռել արտաքին քաղաքական քայլերը: Ճիշտ է, ներկայումս Ադրբեջանի դեմ Ռուսաստանի պատժիչ գործողությունների հավանականությունը շատ նվազ է, բայց ոչ ոք չի համարձակվում նման հեռանկարն առհասարակ բացառել:  Ռուս-վրացական հնգօրյա պատերազմի միջազգային արձագանքները դեռ հնչեղ էին, երբ նույն տարվա նոյեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւն իր մերձմոսկովյան նստավայր՝ Մայենդորֆ ամրոց, հրավիրեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: 1994թ. հրադադարի համաձայնագրից հետո երկրորդ անգամ կողմերն ստորագրեցին գրավոր փաստաթուղթ՝ Մայենդորֆյան հռչակագիրը, որով պարտավորվեցին ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը եւ այդ շրջանակներում ընդունված որոշումներն ու փաստաթղթերը: Հետագայի բանակցային գործընթացի հիմքում կողմերի այդ գրավոր հանձնառությունն էր ընկած:

Ապրիլյան քառօրյա պատերազմն, անշուշտ, իրավիճակ է փոխել, իսկ 2018թվականից ի վեր Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Արցախի անունից բանակցելու մանդատ չունեն, եւ Ադրբեջանն իրեն հուզող հարցերը պետք  է քննարկի պաշտոնական Ստեփանակերտի հետ: Բանակցություններին Արցախի մասնակցությունը նաեւ նախկինում է պնդվել թե Հայաստանի, թե ԱՀ քաղաքական ղեկավարության կողմից: Իսկ օրերս Արցախի ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է յոթ սկզբունք, որ ղարաբաղյան կարգավորման հարցում ուղենշային են լինելու նրա կառավարության համար: Հատկանշված է, որ Արցախը որպես լիիրավ կողմ պետք է մասնակցի կարգավորման գործընթացի բոլոր փուլերին: Ռուսաստանյան վերլուծաբանական հանրության մոտ տպավորություն կա, որ վերջին տեսակոնֆերանսի ընթացքում ռուս-վրացական հարաբերությունների թեման եւ ԼՂ կարգավորման տեսլականը համադրելով՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը միջազգային քաղաքականություն է բերել «դեպի Անդրկովկաս ճեղքման» հեռանկարը: Ո՞վ կբացի «դարպասները»: Թբիլիսի՞ն, թե՞ Բաքուն: Իսկ առհասարակ նման սցենարը հավանակա՞ն է: