«Հրապարակ». Եթե ես լինեի տարիքով ամենաավագ անդամը, չէի հրաժարվի

«Հրապարակ». Եթե ես լինեի տարիքով ամենաավագ անդամը, չէի հրաժարվի

Բարձրագույն դատական խորհուրդը երկուշաբթի օրը չկարողացավ խորհրդի նոր նախագահ ընտրել։ Ընտրությունը պետք է կատարվեր ԲԴԽ գիտնական-անդամների ցանկից, որոնք այս պահին երեքն են՝ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Վիգեն Քոչարյանը։ Ի սկզբանե տեղեկություն կար, որ իշխանության «սրտի թեկնածուն» Դավիթ Խաչատուրյանն է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրը, սակայն ո՛չ նա, ո՛չ էլ մյուս երկու թեկնածուները բավարար ձայներ չեն հավաքել։ Նշենք, որ խորհրդի տասը հոգանոց կազմից այս պահին մնացել են յոթը, որից չորսը՝ դատավոր-անդամ, երեքը՝ գիտնական, մյուս երեքի տեղն առայժմ թափուր է։ Նշենք, որ, օրենքով, առաջին փուլով ԲԴԽ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է 6 եւ ավելի ձայն։ Եթե առաջին փուլով չի կայանում ընտրությունը, երկրորդ փուլում անհրաժեշտ է առնվազն 4 ձայն։ Ստացվում է՝ թեկնածուներից եւ ոչ մեկը երեք ձայնից ավելի չի ստացել։ Օրվա վերջում ԲԴԽ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը՝ տարիքով ամենաավագ անդամը, քանի որ ԲԴԽ ամենաավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը, հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ-ի կարգավիճակից։ Խորհրդի որոշմամբ՝ նրա դիմումը բավարարվել է, եւ ԲԴԽ նախագահի ԺՊ է դարձել մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը:

Հիշեցնենք․ Ստեփան Միքայելյանը Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրության հերոսներից է՝ միջնորդ կողմը, որը հանդիպեցրել էր Ռուբեն Վարդազարյանին եւ Գագիկ Ջհանգիրյանին՝ «Շիրակ» ռեստորանում, վերջում էլ հաշիվը փակել։ Այդ ձայնագրության հրապարակման հաջորդ օրը ԲԴԽ-ն որոշեց վերջնականապես դադարեցնել Վարդազարյանի լիազորությունները, իսկ մի քանի օր անց Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական ներկայացրեց՝ պատճառաբանելով առողջական վիճակով։

ԲԴԽ նախագահի պարտականությունները ստանձնած Սերգեյ Չիչոյանը մեզ հետ զրույցում հարցին, թե ինչու է Ստեփան Միքայելյանը հրաժարվել ԲԴԽ նախագահի պարտականությունները ստանձնելուց, ասաց․ «Մեր ներքին իմացության համար բացատրել է, որը մեզ համար հետո ընդունելի ու ընկալելի դարձավ»։

Դիտարկմանը, թե հանգամանքների բերումով ինքը ստանձնեց ԲԴԽ նախագահի պարտականությունները, ուրա՞խ է, տխո՞ւր, գուցե պարտավորվա՞ծ է զգում իրեն, Չիչոյանն ասաց․ «Էդ վերջինը՝ ավելի շատ, իսկ ուրախ եմ, թե տխուր՝ էս պահին դեռ կողմնորոշված չեմ։ Բայց, իհարկե, պարտավորված եմ, իհարկե՝ ջանք ու եռանդ չպիտի խնայվի, որ ամեն ինչ օրինական իր տեղն ընկնի, եթե ինչ-որ մի բան էն չի»։ 
Ի դեպ, ԲԴԽ-ի մասին օրենքում հստակ սահմանված չէ, թե որքան կարող է պաշտոնավարել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, եւ սա խնդրահարույց իրավիճակ է ստեղծել ԲԴԽ-ում։ Այս թեմայով զրուցեցինք ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ, որը եւս ԲԴԽ նախագահի թեկնածու էր, սակայն մեզ հետ զրույցում ասել էր, որ առանձնապես ցանկություն չունի զբաղեցնելու այդ պաշտոնը։ Նախ հարցրինք՝ ինչո՞ւ տապալվեց ԲԴԽ նախագահի քվեարկությունը, եւ ԲԴԽ-ն ստիպված եղավ այլ ընթացակարգով նախագահի պաշտոնակատար նշանակել։
«Գիտե՞ք, ԲԴԽ նախագահի ընտրության առանձնահատկությունն այն է, որ տեղի է ունենում փակ-գաղտնի քվեարկություն, ինչը նշանակում է, որ ոչ մեկս չգիտենք, թե ով ինչպես է քվեարկել, բացի մեզնից»,- ասաց Բեքմեզյանը՝ նշելով, որ ինքն իր ձայնը տվել է թեկնածուներից մեկի օգտին, ոչ իր օգտին։ Նշեց, որ խնդիր կա՝ օրենքը հնարավորություն է  տալիս նման պայմաններում անընդհատ տապալել ԲԴԽ նախագահի ընտրությունը։ Այսինքն՝ եթե որեւէ խումբ որոշի ձախողել ընտրությունը, կարող է միշտ դեմ քվեարկելով այնպես անել, որ բավարար ձայներ ոչ ոք չհավաքի, եւ նախագահ չընտրվի։ 

«Ցավոք սրտի, օրենքն այդպիսի հնարավորություն տալիս է այս պահին։ Ես չեմ կարող ասել՝ իրականում դա այդպե՞ս եղավ, թե՞ այդպես չեղավ, որովհետեւ ես անմեղության կանխավարկածը չեմ կարող խախտել, կարող է խորհրդի անդամները որեւէ թեկնածուի իսկապես կողմ չեն եղել եւ դեմ են քվեարկել։ Սա նույնպես նորմալ է, բայց փաստն այն է, որ օրենքը նման հնարավորություն տալիս է, եւ մենք ունենք այս վիճակը։ Ես այս դեպքում ուզում եմ մի քիչ ավելի բարեխիղճ նայել խնդրին եւ մտածել՝ գուցե թեկնածուները չէի՞ն բավարարում խորհրդի անդամների պահանջներին, դրա համար չստացան բավարար թվով ձայներ»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը։ Հարցին՝ բացատրություն ունի՞, թե ինչու այսպես ստացվեց, այսինքն՝ ինչու չընտրվեց ԲԴԽ նախագահ, Բեքմեզյանն ասաց՝ ինքը բացատրություն ունի իր մեջ, բայց դրա մասին չի շտապի բարձրաձայնել, քանզի դրանք դեռ պետք է վերլուծել, հասկանալ։

Նա լսել է նաեւ Ստեփան Միքայելյանի բացատրությունը, թե ինչու է, որպես տարիքով ամենաավագ անդամ, հրաժարվել ԲԴԽ նախագահի պարտականությունները ստանձնելուց։ Ասաց, որ դա եւս չի կարող բարձրաձայնել, բայց նաեւ հետաքրքիր դիտարկում արեց․ «Կարծում եմ, որ ընդհանրապես, օրենքի տեսանկյունից, իրավական առումով՝ եթե կա պաշտոնակատար եւ տարիքով ավագ անդամ, ինքը չէր կարող հրաժարվել։ Իհարկե, մի քիչ ծայրահեղ եմ կարծում, բայց․․․ ինքը կարող է նաեւ քննարկումների արդյունքում ասել՝ ո՞նց, մարդու իրավունքն ինչպե՞ս եք սահմանափակում, եթե մարդը չի ուզում լինել պաշտոնակատար։ Բայց դա իմ կարծիքն է»։

Եթե ինքը լիներ տարիքով ամենաավագ անդամը, կհրաժարվե՞ր, Բեքմեզյանն ասաց․ «Եթե ես լինեի տարիքով ամենաավագ անդամը,  չէի հրաժարվի»։ Ինչ վերաբերում է հարցին, թե որքան ժամանակ է Չիչոյանը մնալու պաշտոնակատարի կարգավիճակում, երբ պետք է ընտրվի ԲԴԽ նախագահը, ասաց, որ դա էլ մյուս խնդիրն է, օրենքն ասում է՝ պետք է լինի նոր ընտրություն, բայց չի ասում, թե ինչ ժամկետներում։ «Մենք դեռ պետք է հասկանանք, թե օրենքն ինչ ժամկետ է նախատեսում, թեեւ օրենքը ժամկետ չի նախատեսում, ինչը նշանակում է, որ ինչ-որ անորոշ ժամկետով անձը, տվյալ դեպքում չեմ ուզում պարոն Չիչոյանի հետ անձնավորել, որովհետեւ, ամեն դեպքում, եթե չեմ սխալվում, ինն ամսից իր լիազորությունները՝ որպես ԲԴԽ անդամի, դադարելու են, քանզի հինգ տարին լրանում է, բայց, ամեն դեպքում, ժամանակավոր պաշտոնակատարը, եթե էդ տարբերակով նայենք, կարող է եւ հինգ տարի մնալ ժամանակավոր պաշտոնակատար, որն աբսուրդ է, որովհետեւ, օրենքով, ԲԴԽ նախագահի համար նախատեսված է 2 տարի 6 ամիս ժամկետ։ Բայց եթե, իմ ասած տարբերակով, հինգ անդամ միանան եւ միշտ որոշեն դեմ քվեարկել, եւ իրենցից մեկն էլ լինի տարիքով ավագ անդամը, ապա ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատարը կարող է հինգ տարի այդ կարգավիճակում մնալ»,- ասաց մեր զրուցակից ԲԴԽ անդամը։