Մոսկվան հարուստ քաղաք է, իրեն կարող է նման շքեղություն թույլ տալ, Հայաստանը՝ ոչ 

Մոսկվան հարուստ քաղաք է, իրեն կարող է նման շքեղություն թույլ տալ, Հայաստանը՝ ոչ 

Մոսկվայի Սպասակուկոցկու անվան հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Վիգեն Մալխասյանը մինչեւ կորոնավիրուսի համավարակն իրեն համարում էր բավականաչափ հաջողակ ուրոլոգ, վիրաբույժ։ Վերջերս պաշտպանել էր դոկտորական թեզ ու ակտիվորեն զբաղված էր գիտահետազոտական աշխատանքներով, երբ ՌԴ-ում տասնյակ բուժհիմնարկներ վերապրոֆիլավորվեցին՝ Covid 19-ի դեմ պայքարելու համար։ Վիգենը դարձավ թերապեւտ, ինչը նա համարում է ֆանտաստիկայի ժանրից։ «Եթե որեւէ մեկն ինձ նման բան ասեր, ես կապշեի։ Մինչ այդ երբեւէ «պնեւմոնիա» ախտորոշման մասին լսելիս ես կասեի՝ կանչեք թերապեւտի։ Բայց ճակատագրի հեգնանքով ու իրականության բերումով հասկացա, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է»,- ասում է բժիշկ Մալխասյանը։

Նա կորոնավիրուս բուժում է ապրիլի 14-ից։ Առաջին հիվանդը հայտնվել էր պրոստատիտի գանգատներով, սակայն հընթացս նկատել էին, որ նա շատ դժվար է շնչում, թոքերի ռենտգենը ցույց էր տվել նոր տիպի կորոնավիրուս։ Հետո արդեն հիվանդանոցի բուժանձնակազմից, այդ թվում՝ Մալխասյանի բուժքույրերից ոմանք էին հիվանդացել, իսկ Մալխասյանի գործընկերը՝ հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեւմատոլոգը, մահացել է։ 

- Որքա՞ն տեւեց վերաորակավորումը, թե՞ միանգամից մտաք կռվի դաշտ։

- Իհարկե, վերաորակավորում եղավ, բայց այն շատ հիշեցնում էր պատերազմի առաջին օրերը, երբ քեզ տալիս են հրացան, ցույց տալիս, թե ինչպես պետք է այն լիցքավորվի, ու ասում են՝ առաջ։ Բնականաբար, ֆորմալ առցանց կուրս եղավ, բայց պրպտուն միտք ունեցող մեր բժիշկները, այդ թվում՝ ես, հսկայական մասնագիտական գրականության ծանոթացանք։

- Համարո՞ւմ եք, որ Դուք լիովին տիրապետում եք այդ հիվանդության մասին ամեն ինչին։

- Ինֆորմացիայի հավաքագրումը կենդանի ու շարունակական գործընթաց է, եւ, ըստ էության, վարակի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։ Եվ չի կարելի ասել, որ այսօրվա դրությամբ էլ շատերը շատ բան գիտեն։ Բժշկի համար շատ դժվար է միանգամից զբաղվել մի հիվանդությամբ, որը չի ճանաչում․ նման պարագաներում դու բազմաթիվ անիմաստ «մարմնաշարժումներ» ես անում։ Մե՛կ ուզում ես, որ բոլոր հիվանդները հոսպիտալացվեն, մե՛կ՝ հակառակը․ բոլորին ուզում ես դուրս գրել։ Եվ այդ փորձը, որը երբեք չես ստանա գրքերից, գալիս է ժամանակի հետ։ Երբ տեսնում ես, լսում, վերլուծում հիվանդության փուլերն ու հասկանում, որ այս հիվանդն ավելի լավ է տուն գնա, մյուսի հիվանդության պատմությանը, KT-ին ծանոթանալով՝ որոշում ես, որ ոչ մի կերպ տուն թողնել չի կարելի։ Մանավանդ, որ դողէրոցքն էլ դուրդ չի գալիս, ու հասկանում ես, որ պետք է պահը չկորցնես, որպեսզի հիվանդի վիճակն էլ ավելի չբարդանա։

- Իսկ ի՞նչ կանխատեսումներ ունեք հիվանդացության, մահացության հետ կապված։

- Դրական, որովհետեւ եկեք արժանին մատուցենք Մոսկվային․ շատ խիստ սահմանափակող մեթոդներ կիրառվեցին։ Տարբեր հակասական սցենարներ քննարկեցին․ պե՞տք են նման մեթոդներ, թե՞ ոչ, քննարկվել են շվեդական, բելառուսական, իտալական սցենարները։ Բայց մի բան ակնհայտ է, որ եթե կիրառվել են խիստ սահմանափակումներ, ապա դրանք պետք է պահվեն մինչեւ վերջ։ «Կիսա»-ներ չպետք է լինեն․ սա իմ համոզմունքն է։ Իհարկե, կա ավելի համարձակ դիրքորոշում, ինչպես, օրինակ, շվեդների մոտ, որ մինչեւ չձեւավորվի բնակչության համընդհանուր իմունիտետ, եւ այդ ընթացքում մինչեւ որոշակի թվով մարդիկ չմահանան, համավարակը կանգ չի առնի։ Հետեւաբար՝ ինչո՞ւ են այդ ավելորդ «մարմնաշարժումները», ուրեմն եկեք սրճարանները բաց թողնենք, եկեք հավաքույթներ անենք, ակտիվ կյանք վարենք, ոչ մի սարսափելի բան չկա․․․ (ծիծաղում է)։

- Իսկ մահճակալները բավականացնո՞ւմ են։

- Չեմ կարող, ինչպես ասում են, խոսել ողջ Օդեսայի, այն է՝ ողջ Ռուսաստանի անունից, բայց կարող եմ խոսել Մոսկվայի մասին, որը համավարակի մեր երկրի գլխավոր էպիկենտրոնն է։ Քանի որ Մոսկվան բոլոր դեպքերի գրեթե կեսն է։ Եվ Մոսկվայում այնպիսի աննախադեպ սահմանափակող միջոցներ են կիրառվել, որ ես, օգտվելով բաց աղբյուրներից, կարող եմ հասկանալ, որ մեզ մոտ արդեն մահճակալների գերկուտակում է։ Այսինքն՝ այս բոլոր խելահեղության մեջ չափազանց շատ նոր մահճակալներ ստեղծեցինք, բայց մեզ ապահովագրեցինք մահճակալների պակասից։ Մենք արդեն ունենք նաեւ, այսպես կոչված՝ բաց տիպի հոսպիտալներ։ Բայց ունեցել ենք շատ դժվար շրջան, երբ մեր հիվանդանոցների մոտ շտապօգնության 130-140 մեքենաներ էին կանգնած։ Մենք նման բան երբեւէ չէինք տեսել, երբ հիվանդանոցում ուղղակի տեղ չկա, իսկ շտապօգնության մեքենաները նորանոր հիվանդների են բերում։ Եվ երբ կապվում ես հոսպիտալացման բաժանմունքի հետ, քեզ ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել։ Հետո արդեն սկսվում է իմպրովիզը, երբ արդեն փորձում ես ոչ ծանր հիվանդներին չհոսպիտալացնել։ Բայցեւ այդ ժամանակ կային դեպքեր, երբ շատ ծանր հիվանդներ կային։ Ճշգրիտ վիճակագրություն չկա, բայց իմ բաժանմունքում մոտ 30 տոկոսը ծանր հիվանդներն էին։ Ես հետո հասկացա, որ նրանց, ում մոտ հիվանդությունը չի բարդանում, կարելի է շատ արագ դուրս գրել, քանի որ հասկանում ենք՝ վիճակը չի վատանա։ Բայց բարդությունն այն է, որ երբ հիվանդի վիճակը սկսում է վատանալ, դու երբեք չես կարող ասել՝ նա կհասնի՞ ծայրահեղ ծանր վիճակի։ Գլխավորը նրան անընդհատ ուշադրության կենտրոնում պահելն է, այդ կարեւոր պահը բաց չթողնելն ու նրան անմիջապես վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը։ Ցավոք, ունենք չինական, իտալական վիճակագրություն, ըստ որի՝ վերակենդանացման բաժանմունք գնացողներից վերադառնում է միայն 50 տոկոսը։ Մյուսներին միացնում են թոքերի արհեստական սարքեր, եւ, մեր սլենգով՝ «խողովակից» վերադարձողների վիճակագրությունն ավելի ողբերգական է․ մեկը՝ տասին։

- Ձեզ մոտ արվում են հակամարմինների համատարած անալիզներ, մեզ մոտ դա ընդհանրապես չկա։ Ի՞նչ է այն տալիս, որքանո՞վ է վստահելի։

- Կան ախտորոշման տարբեր մեթոդներ․ էքսպրես-թեստեր, որոնք պակաս զգայուն են։ Այլ է լաբորատոր մեթոդը, որն ունի հիվանդության հայտնաբերման 2 եղանակ․ մեկը քսուկ վերցնելն է եւ մյուսը, երբ հատուկ սարքով ներթափանցում են բրոնխներ, որը բավականաչափ թանկ մեթոդ է։ Առաջին մեթոդի դեպքում էլ բազմաթիվ վիճելի հարցեր կան, քանի որ զգայունությունն այս պարագայում տատանվում է 30-50 տոկոսի սահմաններում։ Իսկ, օրինակ, արյան մեջ հակամարմինների առկայության անալիզը բավականաչափ մատչելի է․ դու արյուն ես հանձնում, եւ բժիշկը որոշում է։ Եվ ամենակարեւորը՝ ոչ միայն կարող է հասկանալ՝ մարդը հիվանդ է, թե ոչ, այլեւ այն, թե նա արդեն հիվանդացե՞լ է, թե՞ ոչ, եւ, հետեւաբար, ունի՞ արդյոք իմունիտետ։ Եվ հիմա մեր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ներդրել է այդ ծրագիրը։ Մոսկվան հարուստ քաղաք է, իրեն կարող է նման շքեղություն թույլ տալ։ Հայաստանը, միգուցե՝ ոչ։

- Կա՞ն արդեն հաստատված բուժման մեթոդներ, որոնք աշխատում են անգամ ծանր դեպքերի պարագայում։

- Կարող եմ ասել, որ մենք սկսել ենք նրանից, որ այդ հիվանդության էությունը, բնույթը սկզբում չէինք հասկանում՝ «ընկղմվելով» այդ համավարակի մեջ։ Եթե պատկերավոր ասեմ՝ չէինք հասկանում՝ ուր գնալ, ում դեմքին նայել, ում շրջվել։ Հասկանալի էր, որ սա ինֆեկցիա է, որը 85 տոկոս դեպքերում հիվանդի մոտ առաջացնում է չափավոր ախտանիշներ՝ սովորական գրիպի նման։ Կամ էլ իսպառ այդ ախտանիշները բացակայում էին, իսկ 15 տոկոսը ծանր ընթացք է, որն առաջին հերթին պայմանավորված է երկկողմանի պնեւմոնիայով, որը կարող է որոշ մարդկանց մոտ շատ արագ ու հանկարծահաս վատթարանալ ու բերել շնչառական անբավարարության։ Մենք տեսել ենք մարդիկ, որոնք քայլում էին, կատակում, ուտում, եւ որոնց ինքնազգացողությունը հանկարծ մեկ օրվա մեջ այն աստիճան էր վատացել, որ նրանց միանգամից թոքերի արհեստական շնչառական սարքեր էին միացնում։ Երբեմն դա լինում էր կայծակնային։ Մենք նախ փորձում էինք հասկանալ, թե որ մեխանիզմն է գերակայող։ Կարծում էինք, որ դա բակտերիալ ինֆեկցիայի զարգացումն է։ Եվ ցուցումներով, անպայման որեւէ հակաբիոտիկ է։ Եվ հիվանդության խորը ուսումնասիրման բերումով եկանք այն եզրահանգման, որ ամեն մի բժիշկ պետք է կողմնորոշվի իր փորձով ու վերլուծությամբ։ Ես հասկացա, որ որոշ դեղամիջոցներ չեն աշխատում։ Կան, որոնք ունենք, շատ կասկածելի են։ Բայց հակաբիոտիկներն էլ չեն կարող ստանդարտ կերպով նշանակվել, առավել եւս՝ եթե չկա բակտերիալ զարգացում։ Ես բավականաչափ լավ եմ գնահատում արյան մակարդելիությունն իջեցնող պրեպարատները։ Աշխատում է նաեւ փորի վրա պառկելը, որքան էլ սա ծիծաղելի հնչի։ Սա ինձ հիշեցրեց Ստալինգրադի տակ՝ խրամատներում պառկելը։ Ես տեսել եմ շատ հիվանդների, որոնք համառորեն պառկում են։ Եվ շատ բան, իրոք, պայմանավորված է հիվանդի կարգապահությամբ։ Շատերը, ովքեր ունեցել են ծանր շնչառություն, կարող են վկայել, որ փորի վրա պառկած շատ ավելի լավ է։ Նրանք, ովքեր արագ շրջվում են մեջքի վրա, չեն պահպանում այդ ռեժիմը, նրանց մոտ, որպես կանոն, ամեն ինչ հարթ չի ընթանում։ Եվ հակառակը, կան այնպիսիք, որ պառկում, պառկում ու հաղթահարում են։ Մեկին անգամ ես խորհուրդ տվեցի, որ մի քիչ շրջվի մեջքի վրա, որպեսզի պառկելախոցեր չլինեն։

- Վախենո՞ւմ եք Ձեզ համար։

- Ինձ այդ հարցն էլի են տվել։ Ես նման հարց ինձ չէի տվել, բայց երբ տվեցին, վերլուծեցի զգացողություններս եւ եկա եզրակացության, որ վախենում էի, երբ այդ երեւույթի հետ դեռ չէի բախվել։ Երբ նման անորոշ վտանգ էր թեւածում օդում։ Բայց արդեն հիվանդանոցում, երբ դրան հանդիպեցի, արդեն չգիտեմ՝ զինվորի՞ ախտանիշն էր, թե ինչ՝ դու այլ ելք չունես, քան ընդունել եւ հիվանդության աչքերին նայելը։ Եվ երբ նաեւ համակվում ես այն զգացողությամբ, որ սա քո աշխատանքն է, որը, այո, դարձել է վտանգավոր, միեւնույն է՝ վախ չես զգում։ Սա միգուցե մի քիչ անտրամաբանական հնչի, որովհետեւ մի բան է, երբ դու անմիջապես խրամատներում ես, մեկ այլ բան, երբ Իտալիայից ու Չինաստանից տվյալներ ես ստանում ու բլոկնոտը ձեռքիդ՝ ինչ-որ թվեր ես գրում, եւ այդ վախը վերանում է։ Այս զգացողությունը միայն ինձ մոտ չէ, այլ բոլորի մոտ՝ գործընկերներիս, բուժքույրերի, որոնք ինձ ուղղակի հիացրեցին ու ցնցեցին իրենց անձնազոհությամբ։ Թվում է, թե այդ վախը պետք է լինի, որովհետեւ յուրաքանչյուր նորմալ մարդ կվախենար, երբ մտնում ես վերակենդանացման բաժանմունք ու տեսնում ես, որ այնտեղ պառկած են ոչ 65+ անձինք, ինչի մասին քեզ պատմում էին, այլ 33, 41 տարեկան մարդիկ։ Նայում ես՝ բոլորը պառկած են վերակենդանացման բաժանմունքում, բոլորը՝ վատ պրոգնոզով, եւ այդ պահին է, որ հասկանում ես, որ ռումբերը պայթում են քո կողքին։ Եվ քեզ հարցնում ես՝ իսկ ինչո՞ւ ոչ, գուցե կարմայի ու ճակատագրի օրենքո՞վ է, որ ինչ-որ մեկն է քո փոխարեն այնտեղ պառկած։