Նիկոլ Փաշինյանն ընդամենը հողի մշակ է

Նիկոլ Փաշինյանն ընդամենը հողի մշակ է

Փիլոն Ալեքսանդրացին իր «Երկրագործություն» աշխատության մեջ առանձնացնում է երկու կարևորագույն եզրույթ՝ երկրագործ և հողի մշակ։ Հողի մշակը չունի խորը գիտելիքներ և դրանք նրան ոչ էլ պետք են, քանի որ իր գործը նա անում է հանուն վարձատրության։ Պետության կառավարման տեսանկյունից հողի մշակին համապատասխանում է թույլ կառավարիչը կամ էլ բռնապետը։ Իսկ երկրագործը ամեն ինչ անում է, որպեսզի իր հողը ծաղկի, նա ցանկանում է տեսնել իր ստեղծած բարիքը։ Երկրագործի հիմնական հատկանիշը արդարադատությունն է, քանի որ բնությամբ նրան տրված է առաջնորդ լինել բույսերի և մահկանացու կենդանիների համար։ Այսինքն` երկրագործը համապատասխանում է օրինական և  առաքինի առաջնորդին:  Իմ դիտանկյունից Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ արդեն իսկ տեղավորվում է հողի մշակի տրամաբանության մեջ, քանի որ նրա միակ առաքելությունը վարձն է, այլ ոչ թե բարիքի ստեղծումը։

Նա գործում է կարճաժամկետ ու դրվագային, ամբոխներին տեսարաններով կերակրելու և նրանց ծափողջյուններին արժանանալու նպատակով: Իսկ այս ամենի հիմքում սեփական հարմարավետության և խելահեղ քմահաճույքների ապահովման պարտադրանքն է: Այս կարճ, բայց չափազանց կարևոր արձանագրումը իրականում ելակետային նշանակություն ունի, քանի որ դրանով է պայմանավորվում մեր վերաբերմունքը գործող իշխանության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը չունեն Հայաստանում բարիք ստեղծելու առաքելություն, նրանք ընդամենը մշակներ են, որոնք շուտով իրենց տեղը պետք է զիջեն երկրագործներին` երկարաժամկետ զարգացում ապահովող մարդկանց: