Վիրուսի դեմ պայքա՞ր, թե՞ տոտալ վերահսկողություն

Վիրուսի դեմ պայքա՞ր, թե՞ տոտալ վերահսկողություն

Տպավորություն  է, որ Հայաստանում ոչ թե կորոնավիրուսի համաճարակ է մոլեգնում, այլ՝ գժության: Կամ էլ իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շղարշի տակ փորձում է իրականացնել իր բռնապետական նկրտումները: Կամ էլ հայրենի կառավարությունն այնքան ապաշնորհ է ու անճար, որ իրական լուծումների փոխարեն որոշել է, ինչպես պատգամավորները բնորոշեցին՝ «թիթեռ նկարել» եւ տպավորություն ստեղծել, թե աշխատում է:
Կորոնավիրուսի թեմայով երեկ Ազգային ժողով էր բերվել մի նախագիծ, որով, ըստ էության, փորձելու են տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։

Նախագիծը պարտավորեցնում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին, կառավարության կողմից նշված պետական մարմիններին եւ իրավաբանական անձանց՝ հաճախորդի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսահամարի հետ ուղիղ, անուղղակի, միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների, հաղորդակիցների շրջանակի, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի եւ ավարտի վերաբերյալ տվյալներ տրամադրել: Չնայած նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե սա միջոց է կորոնավիրուսի համաճարակը կանխելու համար, սակայն խորհրդարան բերված կարգավորումներն ամենեւին չեն արտացոլում եւ չեն որոշակիացնում այն նպատակները, որոնք դրված են նախագծի հիմքում։ Ավելին, այն քննադատում էին ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանական պատգամավորները՝ համարելով այն նախ անտրամաբանական, ապաեւ՝ ժամանակավրեպ: Նախագծով որոշակիացված չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերում են կարգավորումները, սահմանված չեն այն կիրառելու եղանակը եւ բողոքարկման հնարավորությունը։

Սա պարզ դարձավ պատգամավորների եւ նախարարի հետ հարցուպատասխանից: Նախարարը հղում էր անում միջազգային փաստաթղթերին, ասելով, թե արտակարգ դրության ժամանակ նորմալ է նաեւ մարդկանց հիմնարար իրավունքների սահմանափակումը, սակայն պատգամավորները եւ հատկապես ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը հիշեցրին, որ միջազգային բազմաթիվ փաստաթղթեր նաեւ սահմանում են, որ սահմանափակումը պետք է լինի խիստ որոշակի եւ խիստ համաչափ։

Եվ չկա որեւէ երաշխիք, որ այսօր վիրուսով պայմանավորված քայլը չի օգտագործվելու հետագայում գրաքննություն կազմակերպելու համար, չնայած Ռուստամ Բադասյանի վստահեցումներին, որ չեն լսվելու հեռախոսազրույցների բովանդակությունը, այլ ընդամենը կատարվելու է տեղորոշում, թե ով ում հետ է խոսել:

Եվ ամենակարեւորը՝ արդյոք տոտալ վերահսկողությունը լուծում կամ մեղմացնո՞ւմ է համաճարակի տարածման հնարավորությունը։ Սրա վերաբերյալ հիմնավորումները համոզիչ չթվացին անգամ իշխանականներին:

«Ինձ եւ գործընկերներիս հասկանալի չէ, թե եթե, օրինակ, երկու մարդ, մեկը՝ Նորքի մասիվից, մյուսը՝ Հարավարեւմտյան թաղամասից, իրար հետ հեռախոսով խոսել են, ի՞նչ է տալու այս հեռախոսազանգը ֆիքսելու փաստը»,- հետաքրքրվեց Արարատ Միրզոյանը: Բադասյանը պատասխանեց. «Պատկերացնենք՝ իմ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս, արդեն նշեցի, որ իմ լոկացիան բավականին շատ շրջանակ է ընդգրկում եւ բավարար չէ նախորդ 14 օրվա կոնտակտավորված անձանց շրջանակը պարզելու համար, հետեւաբար, հեռախոսային կոնտակտների վերհանումը եւ հեռախոսազանգերի միջոցով ստուգումը կարեւոր են դառնում: Երկու՝ տեղորոշման եւ զանգերի տեղեկատվության տվյալները մի կնտրոնում գեներացնելը կօգնի, որպեսզի վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան համապատասխան միջոցառումներ ձեռնարկել»:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Եթե դրսում լիներ այնպիսի իրավիճակ, որը ձգտեր բոլորի տոտալ իզոլյացիայի, ապա կարելի էր մտածել նաեւ այս միջոցառման մասին: Իսկ մենք դեռ ազատ ռեժիմի ենք թողել, ասենք, 20 միջոցառումից 10-ը: Այնուամենայնիվ, ինձ մոտ տպավորություն մնաց, որ այս մի միջոցառումը գուցե ավելորդ լինի մեր երկրի համար կոնկրետ այս իրավիճակում: Ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ կսահմանափակվեն կառավարության հնարավորությունները, եթե այս մասով ԱԺ-ն առաջարկի առայժմ ձեռնպահ մնալ կարգավորումից»: 

Նախարարն առանց լուրջ հիմնավորման պնդեց, թե սա «չափազանց» կարեւոր միջոց է, որի բացակայության պարագայում աշխատանքներն արդյունավետ չեն լինի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ կառավարությանը լուսավորեց. «Մարդկանց զանգերը որեւէ կերպ չեն նպաստելու, քանի որ զանգը դեռ չի նշանակում ֆիզիկական շփում, եւ հակառակը՝ ֆիզիկական շփումը դեռ չի նշանակում, թե ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին»: Նույն խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ կատակեց՝ կարող է մի բան գիտեք, մեզ չե՞ք ասում. «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ վիրուսը հեռախոսով էլ է տարածվում»: «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ վստահեցրեց, որ զրո արդյունք է գրանցվելու։ «Գնացել եք 14 օր հետ, փորձում եք բացահայտել, թե ում հետ է հանդիպել կամ կոնտակտ ունեցել վարակակիրը։ Կոնտակտավորներին հայտնաբերելու տեսակետից, վստահեցնում եմ Ձեզ, սա զրոյական էֆեկտ ունի»,- ասաց Զեյնալյանը։

Նա ընդգծեց, որ եթե մեկ օրից ավելի է անցնում կոնտակտավորին բացահայտելու ժամանակից, ապա այն բացարձակ անարդյունավետ է դառնում, որովհետեւ եթե կոնտակտավորը բացահայտվել է, օրինակ, 5-րդ օրը, ապա նա արդեն հասցրել է շփվել այլ մարդկանց հետ, վերջիններս էլ իրենց հերթին շփվել են մի շարք այլ մարդկանց հետ։ «Կարծում եմ՝ էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսակետից այս նախագիծը ձգտում է զրոյի, այլ հարց է, որ նման նախագիծ բերվեր առաջին հիվանդության դեպքում»: Պարոն նախարար, հետ տարեք այս նախագիծը, իր հերթին կոչ արեց Նաիրա Զոհրաբյանը. «Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու։ Այն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք Հայաստանի բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթեւացնելու համար»։ Պատգամավորն ընդգծեց, որ ամենամեծ ռիսկն այսօր ԱԺ դահլիճում է, երբ 132 պատգամավոր ժամերով փակված է մի տեղ: Բացի այդ՝ «հանդիպումների գերակշիռ մեծամասնությունը, իմ կարծիքով, էքսպրոմտ է տեղի ունենում կամ «Վոթսափի», «Վայբերի» միջոցով։ Էդ սաղ «կոնտրոլի» տա՞կ եք վերցնելու»։ Պարզվեց՝ ոչ։ «Այս նախագիծն առավել մեծ խուճապ է առաջացնելու, առավել մեծ պրոբլեմներ։ Չի կարելի կարեւոր գործերը թողած՝ թիթեռ նկարել»,- ասաց Զոհրաբյանը: Նախագծի հակաժողովրդավար լինելու մասին խոսեց նույնիսկ Արման Բաբաջանյանը, ավելին, նա, ի տարբերություն իշխող ֆրակցիայի, դեմ քվեարկեց: «Իմ քայլը» քվեարկությունից առաջ վերցրած 20 րոպեանոց ընդմիջումից հետո, ի դեմս Լիլիթ Մակունցի, հայտարարեց, որ չնայած կան բազում խութեր, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, սակայն ստեղծված իրավիճակի հրամայականն է՝ կողմ քվեարկել՝ պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ որոշ առաջարկներ հաշվի կառնվեն: Ընդդիմությունը դեմ քվեարկեց, սակայն դա չփրկեց իրավիճակը, նախագիծն ընդունվեց, վաղը տեղի կունենա երկրորդ ընթերցումը: Մնում է պարզել, թե իշխանությունն ինչ է ուզում անել այս օրենքի միջոցով։