Երվանդ Խունդկարյանից հետո դատավորների միության նախագահի տեղը դատարկ է մնացել

Երվանդ Խունդկարյանից հետո դատավորների միության նախագահի տեղը դատարկ է մնացել

ՀՀ դատավորների միության կայքում, թեպետ դեռեւս միության նախագահը Սահմանադրական դատարանի անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն է, սակայն նրա՝ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո այլեւս չի հանդիսանում միության նախագահ, դա տեղի է ուղեցել տեւական ժամանակ առաջ՝ անցած տարվա սեպտեմբերին։ Եվ այսքան ժամանակ միությունը մնացել է բարձիթողի վիճակում՝ չկա նախագահ եւ կարծես չեն էլ շտապում լուծել այդ հարցը։

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց, այո՛, այս պահին դատավորների միության նախագահ չկա, նա դժվարացավ ասել, թե երբ կլուծվի այդ հարցը։

Դեպարտամենտի ղեկավարը նաեւ տեղյակ չէր այս թափուր հաստիքի համար թեկանածուներ կան թե ոչ, սակայն ցանկացողները կարող են ինքնաառաջադրվել կամ առաջադրվել այլ դատավորների կողմից։

Հարցին, թե առաջիկայում կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին չե՞ն կարող այս հարցը լուծել, ասաց, որ այդ հարցը լուծվելու է դատավորների միության ժողովի ժամանակ եւ այս երկու ժողովները միմյանց հետ առնչություն չունեն։

Իսկ թե ե՞րբ կհրավիրվի արդեն միության ժողով, այս պահին դեռեւս ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում երկու հարց է՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը և Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։