Վրաստանի ԱԳ նախարարը՝ գերիների վերադարձի մասին. «Վերջին 2-3 ամիսներին շատ ակտիվ աշխատում էինք»

Վրաստանի ԱԳ նախարարը՝ գերիների վերադարձի մասին. «Վերջին 2-3 ամիսներին շատ ակտիվ աշխատում էինք»

Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ Թբիլիսին Վաշինգտոնի հետ միասին մի քանի ամիս աշխատել է Ադրբեջանի կողմից երեկ 15 հայ գերիների Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ:

Գրել է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

«Սա այսօրվա կամ երեկվա հարց չէ, վերջին 2-3 ամիսներին այս արդյունքին հասնելու համար մենք շատ ակտիվ աշխատում էինք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ միասին», - շաբաթ օրը լրագրողներին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

Նա նաև երախտագիտություն է հայտնել ձեռք բերված արդյունքի համար Ադրբեջանին և Հայաստանին, «որոնք շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է փոխադարձ քայլեր ձեռնարկել ուղղված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը»:

«Կարծում եմ, որ սա դեպի առաջ կարևոր քայլերից մեկն է, որի արդյունքները մենք անպայման կտեսնենք ապագայում: Մենք պատրաստ ենք դրան և, անշուշտ, կզարգացնենք այս գործընթացը մեր ռազմավարական գործընկերոջ` ԱՄՆ-ի հետ միասին», - նշել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նրա կարծիքով՝ այս դեպքում Վրաստանը՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, կատարել է իր խաղաղարար գործառույթն ու դերը:

Զալկալիանիի խոսքերով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի հետ միասին 24-ժամյա բանակցություններ է վարել ադրբեջանական ու հայկական կողմերի հետ: Նախարարը հայտնել է նաև, որ ազատված գերիների տեղափոխումը տեղի է ունեցել Վրաստանի տարածքով:

Երեկ նաև իր թվիթերյան էջում Վրաստանի դիվանագիտության ղեկավարը գրել էր, որ «հսկայական քայլ է արվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրը բարելավելու ուղղությամբ»։

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիփ Ռիքերն ակտիվ ներգրավման միջոցով հսկայական քայլ է արվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրը բարելավելու ուղղությամբ: Ադրբեջանը ազատ է արձակել ՀՀ 15 քաղաքացու և Հայաստանը նյութեր է հանձնել Ադրբեջանին ականապատ տարածքների մասին: Այս փաստերը նպատակ ունեն նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում», - գրել էր նա: