Ես կուսակցական չեմ, իսկ Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է

Ես կուսակցական չեմ, իսկ Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է

Հեղափոխությունից հետո շատ համայնքապետեր հայտնվեցին այս իշխանությունների թիրախում։ Նրանց դեմ հերթով քրեական գործեր հարուցվեցին, որոշները նաեւ հերթով «ջրվեցին», որովհետեւ համայնքապետերը կա՛մ տեղի տալով մարզպետների ճնշմանը, հրաժարական տվեցին, կա՛մ շատ արագ կերպարանափոխվեցին՝ նախկին «թալանչիից» դառնալով «ակտիվ հեղափոխական» ու խաղալով նոր իշխանությունների խաղի կանոններով։ Դրանք հիմնականում այն քաղաքապետերն ու գյուղապետերն էին, որոնք վստահ չէին, որ իրենց տակը մաքուր է, ուստի նախընտրեցին «շառից-փորձանքից հեռու» մնալ։ Բայց եղան նաեւ համայնքապետեր, որոնք հրաժարական չտվեցին, տեղի չտվեցին սպառնալիքներին ու ճնշումներին եւ այսօր դեռ պաշտոնավարում են՝ մի քանի քրեական գործ «շալակած»։ Օրինակ՝ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի ընկեր Վահագն Գեւորգյանի դեմ հեղափոխական իշխանությունն արդեն 5-6 քրեական գործ է հարուցել։ Դրանցից մեկով, որն ամենահնչեղն է, Գեւորգյանն ունի անգամ մեղադրյալի կարգավիճակ։ Խոսքն Աբովյանում Ծառուկյանի «Մուլտի գրուպի» կողմից երիտասարդ ընտանիքների համար կառուցվող բազմաբնակարան շենքերի հողատարածքի հատկացման հետ կապված քրգործի մասին է։

Գեւորգյանը երեկ մեզ հետ զրույցում այս թեմայով ասաց․ «Նախ ասեմ, որ հարուցված են մի քանի քրեական գործեր, ուրախությամբ պետք է հայտնեմ, որ մի գործը կարճվեց գլխավոր դատախազի կողմից․ խոսքը վերաբերում է վերջին շրջանում Աբովյան համայնքում տեղի ունեցած աճուրդներին։ Կան մի քանի գործեր, որոնցով նախաքննություն է ընթանում։ Հարուցված քրգործերից միայն մեկով եմ ես ներգրավված որպես մեղադրյալ։ Խոսքը վերաբերում է Աբովյանում «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից իրականացվող լայնածավալ՝ 19 բազմաբնակարան շենքերի շինարարությանը։ Նախկինում ես շատ եմ խոսել այս թեմայով, բայց ասեմ, որ այս փուլում համայնքապետարանը պատվիրել է լիցենզավորված չափագրում, որպեսզի հասկանանք, թե «Մուլտի գրուպ» կոնցեռնը հետագայի համար որքան գումար պետք է վճարի։ Չափագրման արդյունքները երեկ առավոտյան մենք արդեն ստացել ենք, որոշումները կայացվել են, եւ ուղարկել ենք թե՛ նախաքննության մարմնին եւ թե՛ մարզպետարան եւ քաղշինկոմիտե»։

- Այս պահին կանգնա՞ծ է շինարարությունը։

- Շինարարությունը տեւական ժամանակ է՝ կասեցված է, ինչի հետ կապված՝ հենց համայնքապետարանն էր դիմել «Մուլտի գրուպ» կոնցեռնին մինչեւ օրինականացման գործընթացը եւ համապատասխան չափագրումները՝ կասեցնել շինարարությունը։ «Մուլտի գրուպ» կոնցեռնն արդեն դիմել է, եւ մոտ երեք ինքնակամ կառույցներ օրինականացվել են, ստացել է վկայական, ներկայում ընթանում է մնացած 16 շենքերի օրինականացման գործընթացը։ Չնայած ասեմ, որ շենքերից վեցը կոնցեռնը կառուցել է իր հողատարածքի մեջ՝ ստացած օրինական շինթույլտվության հիման վրա։

- Քանի որ խոսք եղավ «Մուլտի գրուպ» կոնցեռնից, ինչպե՞ս եք վերաբերվում դրա հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ հաշվի առնելով, որ նրա թիմից եք, մտերիմ եք նրա հետ։

- Ես դեռեւս, երբ որ առաջին անգամ ընտրվում էի Աբովյան համայնքի ղեկավար, եւ երբ տարբեր հարցադրումներ էին ինձ անում՝ արդյոք ես կուսակցակա՞ն եմ, ԲՀԿ անդամ կամ համակի՞ր եմ, թե ոչ, եւ ո՞վ է Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես ինձ համար, ես այն ժամանակ էլ եմ պատասխանել, հիմա էլ եմ նույնը կրկնում՝ ես կուսակցական չեմ, իսկ Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է։

- Այս գործընթացները, որ տեղի են ունենում Ձեր ընկերոջ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ըստ Ձեզ՝ քաղաքակա՞ն են, թե՞ զուտ իրավական։

- Ես չեմ ուզենա գնահատական տալ, որովհետեւ հարցն ինչ-որ առումով ե՛ւ բարոյական տիրույթում է, ե՛ւ իրավական տիրույթում է, իսկ մնացած բոլոր պատասխանները, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանին, թե՛ պարոն Ծառուկյանը, թե՛ իր քաղաքական թիմը տվել են։

- Ձեզ վրա որեւէ կերպ ազդո՞ւմ են Ծառուկյանի դեմ իրականացվող գործընթացները, Ձեզ լրացուցիչ թիրախավորե՞լ են այդ գործընթացներից հետո։

- Համենայնդեպս, վերջին գործընթացներից հետո՝ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի հետ կապված, ես չեմ զգացել իմ դեմ թիրախավորում։

- Քանի որ գործերից մեկով մեղադրանք է առաջադրված Ձեզ, մտավախություն չունե՞ք, որ վաղը կարող է նաեւ Ձեզ կալանավորելու որոշում կայացնեն։

- Ես մտավախություն չունեմ, որովհետեւ պարզճակատ եմ աբովյանցու առջեւ, պարզճակատ եմ իմ խղճի առջեւ եւ հիմա էլ հայտարարում եմ, որ թե՛ բարոյական, թե՛ իրավական տիրույթում պատրաստ եմ տալ բոլոր հնարավոր պատասխաններն այն քրեական գործերի հետ կապված, որոնք որ հարուցված են։

- Ձեր դեմ նաեւ Կոտայքի մարզպետն է երբեմն-երբեմն հայտարարություններով հանդես եկել, ժամանակին լարվածություն կար ձեր միջեւ, հիմա ինչպե՞ս են հարաբերությունները մարզպետի հետ։

- Ես, ճիշտն ասած, չեմ ուզենա այդ թեմայով խոսել, որովհետեւ ժամանակին շատ ենք խոսել, հարաբերությունները մարզպետի եւ մարզպետարանի ներկայացուցիչների հետ աշխատանքային են, մենք այսօր էլ համատեղ լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում։ Հենց այս պահին Աբովյան համայնքում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ նախկինում եղած բանավեճից հետո հիմա, ըստ էության, հանգիստ վիճակ է։

- Այսինքն՝ հավասար ձեւով նաեւ Աբովյան քաղաքի՞ն են այդ սուբվենցիոն ծրագրերը տրամադրվում։

- Տեսեք, սուբվենցիոն ծրագրի դեպքում համայնքն ինքն է գնահատում իր միջոցները, իր կարողությունները եւ ինքն է հայտ ներկայացնում կառավարություն, թե ինքն ինչ նախագծի տակ կարող է մտնել։ Գոնե Կոտայքի մարզից հաստատված սուբվենցիոն ծրագրերը որ կան, ես ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ ծրագրերից երկու ամենախոշոր ծրագիրը ներկայացված է մեր համայնքի կողմից։ Դրանց առաջին փուլը ներկայում մեկնարկել է, խոսքը վերաբերում է Հանրապետության պողոտայի ամբողջությամբ ասֆալտապատմանն ու եզրաքարերի փոխարինմանը՝ իր ճանապարհային նշաններով։ Երկրորդ փուլը Հատիսի պողոտան է՝ ջրահեռացման համակարգով, նորից եզրաքարերի փոփոխմամբ ու ամբողջությամբ ասֆալտապատման աշխատանքներով։ Սուբվենցիոն ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից, ներկայում շինարարական աշխատանքների մրցույթ է հայտարարված մեր կողմից, ուղղակի ինքը դեռ ժամանակի մեջ է, կբացվի, կտեսնենք արդեն, թե ով է մրցույթը հաղթել, ու կսկսենք աշխատանքները։

- Կորոնավիրուսային իրավիճա՞կն ինչպիսին է Աբովյան քաղաքում, շա՞տ են դեպքերը, եւ որքանո՞վ եք կարողանում վերահսկել դեպքերի աճը։

- Դեպքերը բավականին շատ են, մենք գոնե կատարում ենք այն հանձնարարականները, որ ստանում ենք պարետատան կողմից։ Բացի այդ, մենք մեր միջոցներով, երբ սկսվեց համավարակը, բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերում սկսեցինք ախտահանման աշխատանքները։ Այս պահին էլ բոլոր շենքերում, բոլոր կանգառներում իրականացվում է ախտահանում։