Վախեցած ու զգուշավոր

Վախեցած ու զգուշավոր

Երբ օրենքներն ու ինստիտուտները երկրում չեն գործում, սկսում են աշխատել հաշվեհարդարի եւ անարխիայի կանոնները։ Այս տարրական ճշմարտությունը չեն հասկանում ո՛չ երկրի վարչապետի, ո՛չ նախագահի պաշտոնը զբաղեցնողը, ո՛չ օրենսդիր ու գործադիր իշխանության մեջ գտնվողները։

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվեց իր բուն պարտականությունները կատարելուց՝ չդիմեց Սահմանադրական դատարան։ Թվում էր՝ պարզ քայլ է, որը պետք է հաջորդի վարչապետի միջնորդությունը՝ ԳՇ պետին ազատելու մասին, չստորագրելու քայլին։ Եվ ՍԴ դիմելն էլ զենքով իշխանափոխություն անել չէ։ Ու ոչ մի երաշխիք չկա, որ ՍԴ-ն ընդդիմությանը բավարարող եզրակացության էր հանգելու, Նիկոլ Փաշինյանի գլխից էլ մազ էր պակասելու։ Բայց իրականությունը ծուռ հայելիների մեջ տեսնող վարչապետն ու նախագահը այլեւս ուրիշ ընթացքի մեջ են՝ կարծես ապրում են ի հեճուկս մեր երկրի ու ժողովրդի։ Եվ անգամ պարզ տրամաբանական քայլերը, մթնոլորտը լիցքաթափելուն ուղղված գործողությունները չեն կատարում։

Առավել ապշեցուցիչ է Արմեն Սարգսյանի պահվածքը, որն առիթը բաց չի թողնում իր լիազորությունների սակավությունից խոսելու համար եւ ամբողջ սրտով ու հոգով պահանջում է, որ ընդարձակեն այդ լիազորությունները։ Մեկը հարցնի՝ դու քեզ ընձեռնված լիազորությունների ծավալից անգամ չես օգտվում, դու անգամ վարչապետի, որի հրաժարականն ես պահանջում, որեւէ հրամանագիրը վախենում ես չստորագրել, զգուշանում ես եւ նույնիսկ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից չես օգտվում, ինչի՞դ են պետք նոր լիազորությունները։

Ի վերջո, միշտ կգտնվի մի անձ՝ լինի վարչապետ, թե մեկ ուրիշը, որը կսպառնա ու կսահմանափակի այն ազատությունը, որն օրենքը նախատեսել է քեզ համար։ Չէ՞ որ մարդն է աթոռին ուժ տալիս, այլ ոչ թե աթոռը՝ մարդուն։