Աստված մեզ հեռու պահի նման դիսկուրսից

Աստված մեզ հեռու պահի նման դիսկուրսից

«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը չի կարծում, որ Արցախում հնարավոր են նախագահի ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններ, առհասարակ անիմաստ է համարում եւ կարծում է, որ պետք է հրաժարվել Հայկական ԽՍՀ իրավահաջորդությունից, ընդունել առաջին Հանրապետության իրավահաջորդությունը, օրակարգ բերել Հայաստանի դեօկուպացիայի առաջնահերթությունը, եւ այդ դեպքում աշխարհը մեզ այլ աչքով կնայի եւ մեզ հետ այլ կերպ կհարաբերվի: Նման բանավեճ՝ առաջին Հանրապետությա՞ն, թե՞ Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդություն հռչակել՝ ես հիշում եմ արդեն շատ հեռավոր 1990թ. օգոստոսին Գերագույն խորհրդում բուռն քննարկումներից: Այն ժամանակ էլ որոշ ուժեր խոսում էին Սեւրի դաշնագրից, Վիլսոնի իրավարար վճռից, Կարսի պայմանագրի չեղարկման եւ էլի շատ էկզոտիկ բաներից, բայց խորհրդարանի մեծամասնությունը սթափ գնահատեց պատմական պահը եւ ընդունեց ճիշտ որոշում:

Ընդ որում՝ առանձնահատուկ շեշտելով Հայաստանի եւ Արցախի միավորման ակտի հիմնարար նշանակությունը: Երեսուն տարի անց, ինչպես տեսնում ենք, Հայաստանի քաղաքական դաշտի ամենամարգինալ սուբյեկտներից մեկի ներկայացուցիչը դնում է առաջին Հանրապետության իրավահաջորդությունը ընդունելու եւ Հայաստանի դեօկուպացիան առաջնահերթություն հռչակելու խնդիր: Ի՞նչ դեօկուպացիայի մասին է խոսքը: Հայաստանի առաջին հանրապետությունը 1920թ.-ին երկու պատերազմ է վարել՝ բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի հետ: Առաջինն ավարտվել է օգոստոսի 10-ին կողմերի ներկայացուցիչների միջեւ Թիֆլիսում կնքված զինադադարի համաձայնագրով, ըստ որի Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվել են բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված: Այդ մարզերի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր երկկողմ բանակցություններով՝ վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով: Ի տարբերություն սիրողական մակարդակներում տարածված մտավարժանքների, պատմական իրողություն է, որ քեմալական Թուրքիայի դեմ պատերազ սկսել է Հայաստանը՝  1920թ. սեպտեմբերի 26-ին գրոհելով թուրքական դիրքերը: Այդ պատերազմն ավարտվել է Հայաստանի պարտությամբ եւ Ալեքսանդրապոլի պայմանագրով: Հայաստանը հրաժարվել է Սեւրի պայմանագրից եւ Կարսի ու Նախիջեւանի, Իգդիրի ու Արարատ լեռան նկատմամբ իրավազորությունից: Ահա այս իրավիճակում է իշխանությունը Հայաստանում անցել Հայհեղկոմին: Այսօր տեսակետ է շրջանառվում, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կողմերի միջեւ չի վավերացվել, իրավական ուժ չունի:

Նույնը՝ Մոսկվայի ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության» եւ Կարսի պայմանագրի մասին են ասում: Դա, իհարկե, այդպես է: Բայց եթե մենք հրաժարվենք Հայկական ԽՍՀ իրավահաջորդությունից, ապա ինքնին չե՞նք հայտնվում Թուրքիայի հետ պատերազմական կամ Ալեքսանդրապոլի պայմանագրից ենթադրվող իրավիճակում, երբ թուրքական օկուպացիայի տակ էր ամբողջ Շիրակը: Ո՞րն է երաշխիքը, որ կարելի է հասնել Կարսի, Նախիջեւանի, Իգդիրի շրջանի՝ Արարատով հանդերձ, դեօկուպացիային: Որտե՞ղ է գրված, որ դրանք հայաստանապատկան տարածքներ են: Վիլսոնի գծած քարտե՞զն է փաստարկը: Բայց չէ՞ որ Թուրքիայի ներկայիս սահմանները ճանաչված են Լոզանի դաշնագրով: Վերջապես, իր պատմականորեն անխուսափելի վախճանից կարճ ժամանակ առաջ Հայկական ԽՍՀ-ն հասցրել է ընդունել Արցախի միավորման իրավական ակտ, որը երրորդ Հանրապետության սահմանադրական կարգի անօտարելի հիմքերից մեկն է: Իսկ առաջին Հանրապետությունը, ցավոք, նման ակտ չի ընդունել: Եթե ավելին չասենք՝ գերադասել է բրիտանացիների հետ ջենտլմենական համաձայնության գալ, որ Ջուլֆայով դեպի Պարսկաստան ելքի, այն է՝ Նախիջեւանում իրավազորության դիմաց համաձայն է, որ Արցախը մաս կազմի Ադրբեջանի Ղարաբաղյան գեներալ-նահանգապետությանը՝ մշակութային ինքնավարության երաշխիքներով: Ա՞յս իրավիճակին է հորդորում վերադառնալ Վարուժան Ավետիսյանը: Թե՞՝ Ազգերի լիգայի նիստերից մեկի այն արձանագրային ձեւակերպմանը, որ Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ նախագահական ընտրությունները հնարավորություն են, որպեսզի առաջին Հանրապետության իրավահաջորդության թեման բացվի արցախցիների համար: Աստված մեզ հեռու պահի նման անպատասխանատու դիսկուրսից: